Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՆԱԻՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՆՔՆԱԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 13172ի հանդիպման ընթացքում Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27172ը հետաքննողների գործունեությունը բնորոշել է որպես «քննչական ինքնաբեղմնավորում»։ Մանրամասն՝ Քոչարյանը ապակայունացնո՞ւմ է իրադրությունը Մայիսին, կազմավորելով Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, նախագահ Քոչարյանը հայտարարում էր, թե այդ կառավարությունը երկար կաշխատի։ Նախագահը, հավանաբար, նկատի չուներ, որ կառավարության կազմում ընդգրկված են խոստումնալից եւ կարող ուժեր, այլ՝ որ արագ փոփոխվող կառավարությունները կաթվածահար են անում գործադիր իշխանությունը, իսկ Քոչարյանը ցանկանում էր խուսափել անկայունությունից։ Մայիսին նախագահը խոստանում էր նաեւ, թե աշնանը հայաստանցիները տնտեսական բարելավում կզգան իրենց առօրյա կենցաղում։ Իրականում որեւէ բարելավում չարձանագրվեց, սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացավ եւ այժմ ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ նախագահը, կառավարությունում փոփոխությունների սկիզբը դրեց։ Եթե Արամ Սարգսյանի կաբինետի վերաբերյալ Քոչարյանը ենթատեքստում ակնարկում էր կամ ուղղակիորեն մատնանշում, թե իր ծրագրերի իրականացմանը խանգարում են որոշ նախարարներ, ապա Անդրանիկ Մարգարյանի կառավարության հետ նման խնդիրներ չկան. մնացին հատուկենտ անձինք, որոնք իրենց պատրաստվածությամբ եւ վարչական ունակություններով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին, մնացյալների՝ կառավարությունում հայտնվելու միակ բացատրությունը Քոչարյանի հաճկատար լինելն էր։ Բնավորության այդ գիծը ոմանց հասցրեց նախարարական պաշտոնի, բայց անկարող եղավ տեւական պաշտոնավարություն երաշխավորել։ Քանի որ ինքնապաշտպանական բնազդով Քոչարյանը նախարարներին էր վերագրելու իր սեփական սայթաքումները, ձախողումներն ու պարտությունները։ Մայիսից ի վեր կառավարությունը կատարում է Քոչարյանի բոլոր ցուցումները, բայց որեւէ նվաճում չունեցավ։ Երբ կազմավորվեց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, նախագահի կողմնակիցներն ասում էին, թե կամ Քոչարյանը եւ Մարգարյանը միասին կշտկեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, կամ միասին կխորտակվեն։ Քոչարյանը մեկ առ մեկ նախարարներ փոխելով ջանում է տպավորություն ստեղծել, թե ինքը պահպանում է Մարգարյանի կառավարությունը։ Մարգարյանն էլ իր հերթին, հարկի թե անհարկի, կրկնում է, թե իր կառավարությունը մի թիմ է։ Իմիջիայլոց, աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնում Մանուկ Թոփուզյանին նշանակելը արդեն իսկ ցույց տվեց, թե Մարգարյանի կառավարությունում պրոֆեսիոնալներ են պետք։ Անցնող 6 ամիսների ընթացքում այնքան կազմակերպական թերացումներ, սկանդալներ ու սարկազմի հասնող իրավիճակներ էին եղել (կառավարական ավտոշարասյան մոլորվելը Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածին կամ «շրջապատող չորեքշաբթի» (ՏՍՐցՋՈ254քՈ255 րՐպՊՈ) մակարդակի թարգմանությունները), որ բարվոք համարվեց պաշտոնը վստահել որեւէ իրազեկ եւ վարչական աշխատանքի փորձառություն ունեցող անձի։ Ի վերջո, կառավարություն ղեկավարել կատարածուի հոգեբանությամբ, աշխարհընկալումով եւ մտավոր մակարդակով՝ անհնար է։ Նույնիսկ նախարարություն ղեկավարելն է անհնար։ Ահա թե ինչու են հանպատրաստից նախարարական աթոռներին բազմած անձինք անխուսափելիորեն զիջում իրենց տեղերը։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցը լուծված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որ Ստրասբուրգում էր գտնվում Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ, դրանք այսպես բնորոշեց. «Շատ ծանր ու բարդ անցան այդ երկօրյա քննարկումները։ Հակասական առաջարկություններ էին լինում… Բայց ես այնտեղ էլ ասացի, թե հնարավոր չէ մեր հասարակությանը բացատրել, որ Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է զուտ այն պատճառով, որ նոյեմբերի 5172ին Ադրբեջանում Միլլի Մեջլիսի ընտրությունները վատ են անցել։ Եվրոպան ինքն իրեն կհակասեր։ Սակայն ոնց որ թե գտան կարգավորման ձեւը»։ Նույն այդ քննարկումներին նախորդեց Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներից զգալի նահանջը՝ խաղաղ երթի մասնակիցներ ու ուսանողներ կալանավորվեցին, ընդդիմադիր ուղղվածության հանրահավաքի արտոնություն չտրվեց եւ այլն։ Մեր հարցին, թե արդյոք այս ամենին որեւէ անդրադարձ եղե՞լ է ստրասբուրգյան քննարկումների ընթացքում, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նման տեղեկատվություն այնտեղ եղել է, քանի որ շատ լավ գիտեմ այդ ինստիտուտները՝ նրանք շատ արագ են ստանում նման փաստերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Բայց դրանց շուրջ քննարկումներ չեն եղել»։ Չնայած Հայաստանի անդամակցության հրավերը ստանալու հարցը նոյեմբերին մազից էր կախված, հունվարի 17172ին՝ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, այլեւս խնդիրներ չեն ծագի Եվրախորհրդին լիարժեք մաս կազմելու առումով. «Մեզ համար այդ վտանգը չկա։ Վստահ եմ, որ մինչեւ անգամ քննարկում չի լինի Հայաստանի հետ կապված»։ Ա. Ի. ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ Խմբագրություն հասած տեղեկատվության համաձայն, «Հրազդան» համալիր վարձակալական ձեռնարկություն ՓԲԸ բաժնետերերի խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը վաճառում է իր ողջ ունեցվածքը՝ Հայաստանից հեռանալու մտադրությամբ։ Ավելին, մեր աղբյուրը (որը չցանկացավ հրապարակել անունը) պնդեց, թե Աշոտ Աղաբաբյանն արդեն «Հրազդան» ստադիոնի տոնավաճառը վաճառել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Էդվարդ Մադաթյանին։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Աշոտ Աղաբաբյանին՝ նա հերքեց վերը նշվածը։ Ավելին, պրն Աղաբաբյանը հայտնեց, թե մոտակա օրերս արտասահմանի իրեն շա՜տ մոտ ներդրողներից ներկայումս հատկացումների է սպասում։ Աշոտ Աղաբաբյանը չցանկացավ դեռեւս հրապարակել ներդրողների անունը։ Սակայն նշեց, որ նախապես պայմանավորվել են, «Հրազդան» ստադիոնի վերանորոգման աշխատանքներում ներդրումներ կատարելուց բացի, համագործակցել նաեւ «Կիլիկիա» թիմը հովանավորելու հարցում։ Պարոն Աղաբաբյանը հավաստիացրեց, որ իրենց միջոցներով՝ «Հրազդան» ստադիոնում արդեն սկսված վերանորոգումը կարող էին ավարտել միայն 2 տարի հետո։ Իսկ ներդրողների օժանդակության շնորհիվ՝ արդեն եկող տարվա սեպտեմբերին ստադիոնը կգործի։ «Հրազդանը» արագ նորոգելու առիթներից մեկն էլ, ըստ պրն Աղաբաբյանի, այն է, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու կապակցությամբ ստադիոնում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում, իսկ «պետությունը մեր կողմ չի նայում»։ Կոնկրետ տոնավաճառի վաճառքի հետ կապված շրջանառվող լուրերի առնչությամբ, պրն Աղաբաբյանը նշեց, որ 2 տարին մեկ փոխում է գործադիր տնօրենին։ «Հիմա գործադիր տնօրենին փոխել եմ, երեւի դրա համար են նման լուրերը աշխուժացել, իսկ Հայաստանից հեռանալու «օբսոլյուտ» ցանկություն չունեմ»,- հավաստիացրեց Ա. Աղաբաբյանը։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել