Լրահոս
Օրվա լրահոսը

Թե Կանադան ինչպես պետք է աջակցի Հայաստանի ընտրություններին, անհասկանալի է, բայց դա Փաշինյանի կանտորային քիչ է հուզում, էականը՝ «ընտրություն» եւ «աջակցել» բառերը երեւան. «Հրապարակ»

Մայիս 08,2026 10:37 Share

Մայիսի 3-5-ը Երեւանում գումարված 4 արտաքին քաղաքական մասշտաբային միջոցառումներից ամենաէականը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն էր, որի առիթով ԵՄ անդամ 27 երկրից 17-ի պետության կամ կառավարության ղեկավարները ժամանել էին Հայաստան:

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ու դրա փաստաթղթերից այդպես էլ չհասկացվեց՝ Փաշինյանն ու իր կառավարությունը դիմելո՞ւ են ԵՄ անդամակցության համար, թե՞ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելն արդեն հաջորդ կառավարության գործն է, Փաշինյանի գործը միայն մեջտեղում դատարկ երեւալն է, ինչպես բոլոր մյուս հարցերում։
Այս երկու միաժամանակյա միջոցառումները քիչ էին, Փաշինյանն անձնապես իր համար կարեւոր երրորդ մի միջոցառում էլ էր կազմակերպել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, քանի որ նա երեւի միակ առաջնորդն էր Եվրոպայում, որն անձնապես Փաշինյանին աջակցություն կհայտներ առաջիկա ընտրություններում։ Այդպես էլ եղավ։ Եվ դա ամենահետաքրքիրն է։ Գագաթնաժողովների առիթով Երեւան ժամանած առաջնորդներից Փաշինյանը հանդիպում-առանձնազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախագահի, Լիտվայի, Կանադայի, Կոսովոյի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի վարչապետների, Թուրքիայի փոխնախագահի, Կիպրոսի նախագահի հետ։ Ոչ մի առանձնազրույցի մասին հաղորդագրությունում, բացառությամբ Կանադայի վարչապետի, «ընտրություններ» բառը չկար։

Կա՛մ չեն ժամանել, կա՛մ չեն հանդիպել, կա՛մ չեն աջակցել

Այն արկածախնդրությունից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեւանյան այցի ընթացքում արտասանած մի ֆրազը՝ Հայաստանի պրոարեւմտյան քաղաքականությանն աջակցելու եւ դրա շարունակումը տեսնելու ցանկության մասին, Փաշինյանի խեղկատակ թիմը մանիպուլացրեց եւ հասարակությանը մատուցեց որպես անձամբ Փաշինյանին ու ՔՊ-ին հայտնված աջակցություն (ԱՄՆ նախագահն էլ, ի պատասխան, իր ապրիլքսանչորսյան ուղերձում հրապարակային ապտակեց Փաշինյանին եւ ՔՊ-ին՝ ուղերձը հասցեագրելով ամերիկահայերին եւ աշխարհասփյուռ հայությանը, որեւէ կերպ չհիշատակելով 2025-ի օգոստոսի 8-ը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամ Փաշինյանին), միանգամայն սպասելի էր, որ Եվրոպայում դրանից հետեւություններ կարվեն։
Եվ արվել էին․ ԵՄ անդամ 27 երկրից 10-ի ղեկավարները չժամանեցին Հայաստան, ժամանած ղեկավարներից 10-ը հանդիպում կամ առանձնազրույց չունեցավ Փաշինյանի հետ, մնացյալ 7 ղեկավարների հանդիպումներում էլ՝ բացառությամբ Ֆրանսիայի նախագահի, ենթադրելի է, առհասարակ, «ընտրություն» բառ չեն արտասանել։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, օրինակ, «ընտրություն» բառն արտասանել էր, եւ դա իսկույն հայտնվել էր ՀՀ կառավարությունից տարածված հաղորդագրությունում․ «Մարկ Քարնին… հայտնել է ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը»: Թե Կանադան ինչպես պետք է աջակցի Հայաստանի ընտրություններին, անհասկանալի է, բայց դա Փաշինյանի կանտորային քիչ է հուզում, էականը՝ «ընտրություն» եւ «աջակցել» բառերը երեւան հաղորդագրությունում։ Հետեւաբար, կասկած լինել չի կարող՝ եթե ուրիշ մի ղեկավար էլ այդ բառերն արտասանած լիներ, դա դուրս չէր մնա հանդիպման մասին մամլո հաղորդագրությունից։

Այո, Եվրոպան հրաշալի եւ մեծապես գնահատելի ժեստ արեց Երեւանում գագաթնաժողով գումարելով եւ շրջակա երկրներին ի ցույց դնելով իր ներկայությունը Հայաստանում եւ սատարումը Հայաստանի եվրոպական ապագային։ Միաժամանակ, եվրոպական ղեկավարները դիվանագիտորեն ձեռնպահ մնացին առաջիկա ընտրություններում Փաշինյանին սատարելուց։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031