Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՂԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 19,2001 00:00

ԳՐԱՍԵՂԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Ես ընդամենը միտք եմ, քանի դեռ գործում է։ Մամուլին տրված ազատությունն այն է, ինչ ամուսնու տված ազատությունն իր կնոջը։ Կինը լավ գիտե, թե երբ, ինչպես եւ ինչքան պետք է օգտվի իրեն տրված ազատությունից, եթե, իհարկե, բանը չի հասել քաղաքացիական պատերազմի։ Ընթերցողը եւ հանդիսատեսը գնահատում են ինքնատիպությունը գրվածքի եւ ներկայացման մեջ, սակայն որպես քաղաքացի զգուշամտորեն կասկածում են կենցաղում դրսեւորվող ինքնատիպությանը։ Կյանքում ինքնատիպությունը ի հայտ է գալիս որպես հակազդեցություն շրջապատի այս կամ այն վերաբերմունքի նկատմամբ։ Այդպիսին էր, օրինակ, Դիոգինեսի տակառում բնակվելը, քանի որ խախտելով հյուրընկալության կանոնը՝ քաղաքի բնակիչները իրենց տան դուռը փակել էին նրա երեսին։ Ինքնատիպությունը կենցաղում լինում է նաեւ որպես արվեստագետի արտիստիզմի իներցիոն շարունակությունը ստեղծագործական մթնոլորտից դեպի առօրեականը։ Այդպես Վահրամ Փափազյանը Օթելլոյի տարազով ճամփորդեց Երեւան-Թբիլիսի գնացքի վագոնում։ Թշնամու ամաչելու վրա հույս դնելը իր արտահայտությունն ունի Աստվածաշնչի մեջ եւ մեր էպոսային ռոմանտիզմի մնացորդն է, որը մի քիչ հարատեւել է երգային բանահյուսության ոլորտում։ Գեղարվեստական արձակը պետք է լինի վայելչագեղ, դիպուկ եւ թեթեւ, ինչպես սուսերամարտիկի արվեստը։ Արվեստներն առաջադրվել են մարդուն այնքանով, որքանով նրա ուժերից վեր է լինում Անմահության հետ ձուլվելու նրա ջանքերի լարվածությունը։ Արվեստները քաղցր են մեր ախորժակի քիմքի համար. այդ իսկ պատճառով նախընտրում ենք մեր ստնտու մայրիկին։ Լեզուն միջոց է եւ քերականներն իզուր են ուրախությունից վեր-վեր թռչում, երբ գրողի մոտ հայտնաբերում են արտահայտչամիջոցների սայթաքումներ (մի լեզվաբան վեց հազար հայերենի սխալ էր հայտնաբերել Դեմիրճյանի «Վարդանանքի» մեջ)։ Ինչ խոսք, որ արհեստավորի գործիքն էլ իր թափի հետեւանքով ջարդվում է։ Լույս է տեսել Միքայել Նալբանդյանի «Արտագնա աշխատանքը որպես ինքնաքսորման ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ Սույն աշխատության ռուսերեն թարգմանվելու վտանգը չկա։ Հարստանում են ե՛ւ աքսորյալները, ե՛ւ աքսորատերերը։ Երկիր Հայաստանը բերանը բաց է մնացել։ Ահա թե ինչի է հասցնում մեծաբացբերանությունը։ Թեւավոր խոսքը թեթեւասահ սավառնում է հիշողության հիացմունքների վրայով, գրողն իր խրամատից պետք է պաշտպանի ինչը ճշմարիտ է եւ ոչ թե այն, ինչ ընդունված է իբր թե ճշմարիտ է։ Պետք է… ասելը հեշտ է։ Գրաբերդը նույնպես կարող են պաշարել ու սովի մատնել, ինչպես պատմական բերդերը։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել