Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս ավանգարդիստական մի ցուցահանդեսում հրաշալի պաստառ էր փակցված. «Սիրիր մերձավորիդ, հիմա՛ր» հորդ

Հոկտեմբեր 17,2001 00:00

Ընդհանուր ծննդավայրում Վերջերս ավանգարդիստական մի ցուցահանդեսում հրաշալի պաստառ էր փակցված. «Սիրիր մերձավորիդ, հիմա՛ր» հորդորում էր մարդկությանը Աշոտ-Աշոտը։ Սիրո եւ «մարդը՝ մարդու բարեկամ» լինելու անընդհատ ապացուցման կարիք ունեցող թեորեմները ենթարկվում են նույն օրենքին. ի վերջո, բոլորս նույն արմատներն ունենք։ Եվ հարցն այստեղ ամենեւին Դարվինի տեսությունը չէ («մերձավոր» ասելով, ամեն դեպքում, մարդ ենք հասկանում, եւ ոչ՝ կապիկ), այլ ավելի շուտ՝ մեր ընդհանուր նախահոր՝ Նոյի շնորհիվ մարդկության նոր վերածնունդի աստվածաշնչյան պնդումը։ Այն օրը, երբ Աստծո ցասումից մազապուրծ Նոյը՝ իր հսկա տապանով հասավ Արարատ լեռանը, մարդկությանը տրվեց մի նոր շանս՝ ապրելու եւ բազմանալու։ Եվ այդ օրը, թերեւս, արժանի է, որ համայն մարդկությունը նշի որպես իր տոնը։ Այս գաղափարը ծնվել է «Փրկության օր» ՀԿ-ի կազմակերպիչների գլխում։ Կամ հակառակը՝ գաղափարն է ծնել այդ կազմակերպությանը։ Երեք տարի առաջ ստեղծված այդ կազմակերպությունը նպատակ է դրել իր առջեւ՝ հիշեցնել մարդկությանն իր ծննդյան օրը, հիշեցնել, որ բոլոր մարդիկ եղբայրներ են եւ ունեն ընդհանուր ծննդավայր՝ Արարատյան դաշտավայրը։ «Փրկության օրը» բազմաթիվ համակիրներ ունի դրսում, նրանց աջակցելու ցանկություն են հայտնել եվրոպական, քրիստոնյա երկրների տարբեր կազմակերպություններ։ «Փրկության օր» ՀԿ-ին անդամակցել են Յուրի Լուժկովը, Քերոլայն Քոքսը, Արթուր Չիլինգարովը, Դեմիս Ռուսոսը եւ այլք։ Նրանց գործին հավանություն է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը, ՄԱԿ-ը։ Կազմակերպությանն անդամագրված է ավելի քան 30 հազ. մարդ՝ ողջ աշխարհից։ Սակայն մեր երկրում «Փրկության օրը» (ե՛ւ կազմակերպությունը, ե՛ւ գաղափարը) կարծես թե լուրջ չի ընդունվում։ Դե, մենք շա՜տ իրապաշտ ժողովուրդ ենք։ Մենք (առավել եւս՝ մեր իշխանավորները) սիրում ենք «նաղդը»։ Իսկ այս կազմակերպությունը հույսեր է տալիս ապագայի համար՝ «նիսյայով»։ Ասում է՝ ա՛յ, երբ կընդունենք Փրկության օրը որպես ազգային տոն, կսկսենք հսկայամասշտաբ միջոցառումներ կազմակերպել, ողջ աշխարհը կթեքվի դեպի Հայաստան, կզարգանա զբոսաշրջությունը, բիզնեսը եւ այլն… Բայց մեր իշխանությունները չեն սիրում նման ռոմանտիկ երազներ, նրանք ուզում են ամեն ինչ այս պահին, այս րոպեին. վաղը հանկարծ ուշ կլինի։ Ու թեեւ առայսօր «Փրկության օրը» բազում միջոցառումներ, տոնակատարություններ, գիտաժողովներ է կազմակերպել՝ տոնը տոն դարձնելու, մարդկանց գիտակցության մեջ ամրապնդելու համար, սակայն, ըստ կազմակերպության ղեկավարների, մինչեւ տոնացույցում «Փրկության օրը» չնշվի որպես ազգային տոն, դժվար թե գործն ավելի թափով ընթանա։ Տոնացույցում «Փրկության օրը» ընդգրկելու մասին օրինագծի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը վաղուց արդեն ԱԺ-ում են։ Սակայն… ԱԺ-ն դեռ (արդեն շատ երկար ժամանակ) հարմար չի գտնում անդրադառնալ այս հարցին։ Շատ ավելի կարեւոր խնդիրներ է լուծում։ Գուցե սպասում է, թե ե՞րբ այդ տոնը համազգային նշանակություն կստանա, որ նոր գրանցի որպես ազգային տոն։ Բայց այս դեպքում ստացվում է փակ շրջան. մինչեւ օրենքի ուժ չստանա, դժվար մտնի մարդկանց գիտակցության եւ կենցաղի մեջ։ Եվ, ի վերջո, այն նպատակները, որ իր առջեւ դրել է կազմակերպությունը (եւ որոնց իրագործմամբ միայն այդ տոնը միջազգային նշանակություն կստանա) քիչ հավանական է, որ կատարվեն, մինչեւ պետականորեն տոնը չընդունվի։ Խոսքը Երեւանում Նոյի հուշարձանի կառուցման մասին է, Արարատի փեշին Նոյ քաղաքի հիմնադրմանը, Նոյան տապանի՝ աստվածաշնչյան չափերով կառուցմանն ու տեղադրմանը, տուրիստական նոր ուղի՝ Էջմիածին-Երեւան-Արարատ-Խոր Վիրապ- Նախիջեւան (որտեղ գտնվում է Նոյի դամբարանը) հիմնելուն եւ այլն, եւ այլն… Եթե հավատանք կազմակերպության հիմնադիրներին՝ «ԼչՐՈ րՑՏՌՑ րՉպփ» եւ սկզբնական բարդություններն ու բոլոր խրթին հարցերը լուծելուց հետո (որոնք մեծ ֆինանսների հետ են կապված) Հայաստանը՝ Նոյի իջեւանը, կդառնա գրեթե աշխարհի կենտրոնը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել