Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքներով մշակույթ չի ստեղծվում։ Մինչեւ օրս մշակութային կյանքի վերելքներն օրենսդրական ակտերով չեն պ

Հոկտեմբեր 19,2001 00:00

Մշակույթն է ստեղծում օրենքներ Օրենքներով մշակույթ չի ստեղծվում։ Մինչեւ օրս մշակութային կյանքի վերելքներն օրենսդրական ակտերով չեն պայմանավորվել։ Անվիճելի է նաեւ, որ լավագույն օրենքներն ստեղծվում են քաղաքակրթության բարձր մակարդակ ձեռք բերած երկրներում։ Անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները կանոնակարգի բերելու անհրաժեշտությունն, անշուշտ, գիտակցվում է զարգացած մշակույթի պայմաններում։ Այս առումով, հայոց պատմությունն առավել քան պերճախոս է. մեր միջնադարյան դատաստանագրքերը հրապարակ են եկել հենց պետականության ծաղկման շրջանում՝ 12-13-րդ դարերում։ Եվ դրանից հետո շատ ջրեր հոսեցին մինչեւ այն պահը, երբ կարիք եղավ խոսելու «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»։ Մտահոգությունը, կարծես, միանգամայն հասկանալի է. պետք է ապահովել «մշակույթի եւ արվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը շուկայական տնտեսության պայմաններում»։ Բայց եւ անմիջապես հարց է ծագում. արդյո՞ք նպատակն իրագործելու համար առավել հրատապ չէ հենց այդ շուկայական տնտեսության պայմանները կարգավորելը։ Չէ՞ որ մշակութային գործունեությամբ եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվող մեր հայրենակիցներն այսօր նեղվում են հենց այդ պայմաններից։ Վերջապես, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մշակութային բարիք նախ պետք է ստեղծվի, ապա հետո միայն պահպանվի կամ տարածվի։ Մինչդեռ այդ խիստ կենսական եւ ներկայումս ամեն մի արվեստագետի համար առաջնային դարձած խնդրի լուծման ուղիները տակավին մնում են մշուշապատ։ Իհարկե, որոշ պարտավորություններ, որոնք պետությունը ստանձնում է, բավական ծանրակշիռ են հնչում. մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է «ստեղծագործական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար նպաստավոր պայմաններ» ապահովելուն (գլ. 4, հ. 17, կ. 2)։ Բայց թե որքանո՞վ է դա իրագործելի՝ կարծում ենք՝ դժվար չէ կռահել։ Հարկ կա՞ ապացուցելու, թե ներկայումս պետությունն ինչպիսի ճիգեր է գործադրում հաղթահարելու համար տնտեսական ու հասարակական կյանքի ամենապարզունակ խնդիրներն անգամ, էլ ո՞ւր մնաց, որ կարողանա հոգալ գեղարվեստական կարիքները։ Բայց կարծես դա դեռ քիչ է՝ պարտավորվում է ապահովել «մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը» (գլ. 1, հ. 3, կ. 3)։ Որպեսզի հստակ գիտակցենք, թե ի՞նչ ասել է՝ մշակութային արժեք, ընթերցենք նույն օրենքում տրված բացատրությունը. «Մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ)» (գլ. 1, հ. 5)։ Կուզեինք իմանալ, թե ինչպե՞ս պետք է այդ ամենին հաղորդակցվելու մատչելիությունն ապահովվի, երբ որեւէ պատմական հուշարձան այցելելիս, ասենք՝ Գառնիի տաճար, մուտքի մոտ կհանդիպենք ինչ-որ մասնավոր կազմակերպության ներկայացուցչի, որը տոմս է վաճառում։ Այսինքն՝ նախ վճարիր, հետո հաղորդակցվիր՝ որքան ուզում ես։ Էլ չենք ասում՝ մշակույթի եւ արվեստի երկերի, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործությունների եւ արհեստների մասին, որոնք այսօր բավական թանկ հաճույքներ են։ Այսպիսին են շուկայական տնտեսության պայմանները։ Սակայն վերադառնանք գեղարվեստական ստեղծագործությամբ զբաղվողների հոգսերին։ Գաղտնիք չէ, որ նրանց աշխատանքի արդյունքն այսօր մեզանում, մեղմ ասած, լայն պահանջարկ չունի։ Իհարկե, օրենքներ ստեղծելիս միայն ներկա պայմաններում տիրող իրավիճակով չեն առաջնորդվում, այլ փորձում են նաեւ կանխորոշել վաղվա օրը։ Բայց հենց այս տեսանկյունից, ստեղծագործական կազմակերպություններին պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացնելը, պայմանագրային հիմունքներով, որպես սուբսիդիա, ասել է թե՝ նպաստ, հուսալի ապագա չի խոստանում։ Հասկանալի է, որ արդի հասարակարգում պետական ռեսուրսները միշտ էլ ճեղքվածք են հայտնաբերելու մշակութային հարցեր լուծելիս։ Հետեւաբար, առավել դյուրին եւ շահեկան չէ՞ սկզբից եւեթ օրենսդրական եղանակներ սահմանել հովանավորչական գործունեությունն իրապես արդյունավետ կիրառելու համար։ Աշխարհով մեկ տարածված գործընթաց է, որ փոխշահավետորեն խթանում է ե՛ւ տնտեսությունը, ե՛ւ մշակույթը։ Ասենք, մեզանում էլ այն հայտնություն չէ։ Պարզապես երկկողմանի պիտանելիությունն ապահովող օրինական մեխանիզմներ են պետք։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031