Լրահոս
Օրվա լրահոսը

Գերավճարները պրոբլեմ են ինչպես պետբյուջեի, այնպես էլ տնտեսվարողների համար։ Վերջինները դժգոհում են, ո

Հոկտեմբեր 30,2001 00:00

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՑԱՆ ԴՐԱՆՔ Գերավճարները պրոբլեմ են ինչպես պետբյուջեի, այնպես էլ տնտեսվարողների համար։ Վերջինները դժգոհում են, որ պետությունից չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները եւ ըստ այդմ զրկված են շրջանառու միջոցներից (կամ դրանց մի մասից)։ Իսկ պետբյուջեն, չնայած (ըստ պաշտոնական լրատվամիջոցների) այսքան «աշխույժ» տնտեսությանը եւ չնայած օրեցօր հազարներով ավելանում է աշխատատեղերի ու վերագործարկված արդյունաբերական հսկաների թիվը, չի կարողանում վերադարձնել գերավճարները։ Խեղճ պետբյուջեն, չնայած «Սակերի» տեւական ուշացումներին, դեռ կարող էր վերադարձնել այդ գերավճարները, եթե դրանք չափավոր լինեին։ Սակայն մինչ չափին անդրադառնալը նշենք, որ լավատեղյակների պնդմամբ, գերավճարների «ծագումը» տարբեր է լինում։ Դրանց մի մասն (ընդ որում՝ փոքր մասը) առաջանում է հումքի ներկրումից. ներքին արտադրողը երբ հումք է ներկրում, ԱԱՀ է մուծում, որը վերադարձման ենթակա է պատրաստի ապրանքի արտահանման ժամանակ։ Սա գերավճարի առաջացման օրինական ճանապարհն է։ Մեր պետբյուջեն կամ բյուջեն հավաքագրող մարմինները բավականին մեծ փորձ ունեն Հայաստանում արդեն ավանդական դարձած, բայց անօրինական մեթոդով գերավճարներ կուտակելու հարցում։ Հասկանալի է, որ խոսքը կանխավճարի մասին է, որն ինքնին թեեւ բացասական երեւույթ է, բայց անօրինական չէ։ Անօրինականը կանխավճարը հավաքելու մեթոդներին է վերաբերում։ Իսկ կանխավճարի կարիք, ավանդաբար, առաջանում էր ամսվա վերջերին. այն ժամանակ, երբ հանրապետության նախագահի բնորոշմամբ, պետեկամուտների նախարարությունը ցայտնոտային վիճակում էր հայտնվում։ Անդրանիկ Մանուկյանից Ռոբերտ Քոչարյանի դժգոհության առիթներից մեկն էլ թեեւ այդ ցայտնոտային վիճակն էր, բայց դա էլ, ինքնին, «օրենքից դուրս» վիճակ չէ։ Նախկին ՊԵ նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը հայտնի է կանխավճարների հավաքագրման աննախադեպ արդյունքներով, պնդում էր, որ ոչ մի անօրինականություն թույլ չի տալիս. «Եթե նույնիսկ կանխավճարի հավաքագրման անհրաժեշտություն է առաջանում, ապա մի քանի խոշոր ընկերությունից ընկերական կարգով խնդրում եմ։ Ի՞նչ իմաստ ունի հարյուրավոր մանր սուբյեկտներից մի քիչ-մի քիչ հավաքել, եթե կարելի է հարցը լուծել 1-2-ի միջոցով»։ Բայց «Առավոտի» աղբյուրները, կոնկրետ տնտեսվարողների անուններ չնշելով, տեսակետ են հայտնում, որ նախ, անկախ ընկերական հարաբերություններից, որեւէ տնտեսվարողի ձեռնտու չէ կանխավճար տալը։ Ուստի տեսուչները դիմում են կազինոներին, խանութներին եւ, քանի որ վերջիններիս ֆինանսական փաստաթղթերը նորմալ վիճակում չեն (մասամբ օբյեկտիվ պատճառներով), գործում է շանտաժի մեթոդը։ Հետաքրքիր է նաեւ այն, որ գերավճարի մասին (ոչ միայն կանխավճարի) պաշտոնյաները չեն սիրում խոսել։ Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ գերավճարների մեծ մասն առաջանում է կանխավճարից։ Սրա անուղղակի ապացույցներից մեկն էլ նախկին ՊԵ նախարար Ա. Մանուկյանի շնորհակալությունն էր ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին՝ համագործակցության համար։ Խոսքն, իհարկե, հաշվանցումների մասին էր, որը շատ հետաքրքիր ձեւով է կատարվում։ Դրա ձեւերից մեկը հետեւյալն է. գերավճարներ ունեցող ձեռնարկությունների հետ պայմանավորվելով, շղթայաձեւ պարտքը փոխանցվում է այն ընկերությանը, որին պարտք է գերավճար ունեցողը, սրանից էլ՝ մյուսին, մինչեւ գտնում են մեկին, ով պետբյուջեին պարտք ունի։ Այսպիսով, թեեւ պետբյուջեում մուտքը կազմում է տվյալ դեպքերում 0 գումար, բայց մարվում է գերավճարը։ Մյուս ձեւն էլ պակաս հետաքրքիր չէ։ Ասենք, պետք է մարվի մանկավարժների աշխատավարձերը, որը ենթադրենք, 10 միավոր է, սրա մեջ 3 միավորը կազմում են եկամտահարկն ու սոցվճարը։ Կանխիկ վճարվում է 7 միավորը, մնացած 3 միավորը հետ է վերադարձվում պետբյուջե, ցույց է տրվում 10 միավորի ծախս։ «Առավոտին» հասած չստուգված տեղեկատվության համաձայն, նկատվում է մի դրական միտում. այժմ արդեն խուսափում են կանխավճարներ հավաքելուց։ Գերավճարի մասին թեեւ պաշտոնական շրջանակներից կիսաձայն են խոսում, բայց դրա չափերի մասին խիստ հակասական տվյալներ են նշվում (ընդ որում, ոչ այդ շրջանակներից) 6 մլրդ-ից մինչեւ 30 մլրդ։ ՊԵ նախարարության լրատվական բաժնից չցանկացան որեւէ տվյալ տրամադրել, նշելով, որ չեն ցանկանում խոսել նախորդ նախարարի գործունեության վերաբերյալ։ Եվ, չնայած ներկայիս նախարար Երվանդ Զախարյանը հայտնել էր, որ գերավճարներ է վերադարձրել, մասամբ, դրա համար էլ չի կատարվել պետբյուջեի պլանը, անգամ այդ փաստարկը նշելուց հետո չտրամադրեցին տվյալ, թե որքան է վերադարձվել եւ որ սուբյեկտներին։ Առանց ավելորդ «ձեւականությունների» տվյալը տրամադրեց ֆիննախի Հասարակայնության հետ կապերի վարչությունը, նշելով, որ առ այսօր (հունվարից) վերադարձվել է 3,7 մլրդ դրամ գերավճար։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել