Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԱՂԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՍԱՂԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ Դատավորն առյուծի կաթ էր խմել 2001թվականի հունիսի 25-ին Ջրվեժում սպանվեց Վաչիկ Մկրտչյանը։ Քրգործ հարուցվեց Գագիկ Հովհաննիսյանի, Դավիթ եւ Սամվել Գրիգորյանների նկատմամբ։ Դատաքննությունը ընթանում էր 2001թ. նոյեմբերի 23-ից Ավան եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մարտին Կարապետյան)։ Մենք այս սպանությանն անդրադարձել ենք («Լավ է մեկ անմեղ դատվի, քան 40 մեղավոր», 14.08. 2002թ.), նշելով որոշ հանգամանքներ, որոնք կասկածելի էին դարձնում, որ սպանությանը մասնակցել է մասնավորապես Լաչինից դեպքից 3 օր առաջ Երեւան եկած ամբաստանյալներից Գ. Հովհաննիսյանը։ Նշել էինք, որ տուժողներ Վազգեն Մկրտչյանը (Մակարտիչյան), Աննա Վասիլյանը նույնպես գտնում էին, որ Գ. Հովհաննիսյանը չէ իրենց տղային կյանքից զրկողը։ Օրեր առաջ (այս օգոստոսի 26-ին) դատավոր Մարտին Կարապետյանը հրապարակեց դատավճիռը, որով անպարտ եւ դատարանով արդարացված ճանաչեց Գագիկ Հովհաննիսյանին, որը մեղադրվում էր Վ. Մկրտչյանին սպանելու մեջ։ Դատարանը Դավիթ Գրիգորյանի նախնական կալանքի տակ գտնված 131 օրը «հաշվեց» այսպես. մեկ օր կալանքը հաշվվեց երեք օրվա ուղղիչ աշխատանքների դիմաց, որը հավասար է մեկ տարի 27 օր ուղղիչ աշխատանքների եւ թողեց նրան կրելու ուղղիչ աշխատանքներ 11 ամիս երեք օր ժամանակով, վաստակի 15 տոկոսի պահումով։ Նրա խափանման միջոցը փոխվեց ստորագրությամբ (չհեռանալու մասին), մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Սամվել Գրիգորյանը ազատվեց դատական նիստերի դահլիճից, հաշվի առնվեց, որ նա նշանակված պատիժն արդեն կրել է։ Հիմա տեսնենք, թե ինչը գնահատեց դատարանը։ Դատարանը նշել էր, որ Վ. Մկրտչյանին դիտավորյալ սպանելու մեղադրանքի հիմքում դրվել են անչափահաս Ներսես Ավետիսյանի եւ Արտակ Ղուկասյանի ցուցմունքները, որոնք համադրելով դատարանում տված նրանց ցուցմունքների հետ, գտել էր, որ «նախաքննության մարմինը նշված վկաների հակասական-իրարամերժ ցուցմունքներին ճիշտ գնահատական չի տվել»։ Ի դեպ, մենք էլ էինք նկատել վերոհիշյալ հակասությունը, երբ վկաները ցուցմունք էին տվել, թե Գ. Հովհաննիսյանի աջ ձեռքին փայլուն առարկա է եղել։ Սակայն նրանք չէին տեսել՝ թե ինչ։ Ն. Ավետիսյանի ցուցմունքից չէր պարզվել անգամ «փայլուն իրով» Վաչիկին Գագիկի կողմից հարվածելը, այն էլ՝ դիտավորյալ հարվածելը։ «Վկա Ն. Ավետիսյանը 4 անգամ է հարցաքննվել եւ նույն դրվագի վերաբերյալ չորս էապես տարբեր, իրարամերժ ցուցմունքներ է տվել», արձանագրել էր դատարանը եւ ապա շարունակել. «Այս ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ Ն. Ավետիսյանը չի տեսել, թե ով է դանակահարել Վաչիկ Մկրտչյանին։ Ն. Ավետիսյանի ցուցմունքից երեւում է, որ վկան չի տեսել, չի իմացել, թե ով է խփել Վաչիկին»։ Վա բանկ գնալով նախաքննության մարմնին, դատավոր Մ. Կարապետյանը տալիս է այն նույն հարցը, որը տրվել էր դատարանում թե տուժողների շահերի ներկայացուցիչների, թե պաշտպանական կողմից. «Ն. Ավետիսյանի ցուցմունքների այդ մասը նույնպես անարժանահավատ է, հարմարեցված նախաքննության մարմնի վարկածին, քանի որ, եթե մթության հետեւանքով Ն. Ավետիսյանը չի նկատել նույն տեղում կռվող իր ընկերներ եւ հարեւան առնվազն 7-8 երիտասարդներին, ապա ինչպես է նկատել Գ. Հովհաննիսյանին եւ Վ. Մկրտչյանին, իսկ եթե բոլոր կռվողներին կամ նրանց մի մասին նկատել է, ապա ինչո՞ւ է թաքցնում այդ փաստը»։ Դատավոր Մ. Կարապետյանն, ըստ էության, դրական իմաստով նախադեպ է ստեղծում. նախաքննության մարմնին հասկացնելով, որ ինքը հլու գործիք չի դառնա այս սպանությունը ինչ-որ մեկի վրա գցելուն։ «Նախաքննության մարմնի հետեւությունը չի կարող Վաչիկ Մկրտչյանի սպանության մեջ Գ. Հովհաննիսյանի մեղքը հաստատող ապացույց հանդիսանալ»,- գտնում է նա։ Ինչպես հիշում եք, մենք մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք մի կարեւոր հանգամանքի եւս. չէր ճշտված սպանության վայրը, ավելին, գործում առկա էր դեպքի երկու վայրի զննության արձանագրություն՝ վիճաբանության եւ սպանության։ Հիմա տեսնենք, թե դատաքննության արդյունքում ինչ պարզեց դատարանը։ «Ցուցմունքներից երեւում է, որ այն վայրը, որտեղ Վաչիկ Մկրտչյանը դանակահարվել է, եղել է ամբողջովին խոնավ, ցեխոտ, որտեղ ջուր է հոսել։ Մինչդեռ կռվի վայրի զննությամբ պարզվել է, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել կռիվը, ունի մեծ թեքություն, ոչ միայն այդ վայրում, այլեւ մոտակա շրջապատում ավելի քան 100 մետր շառավղով որեւէ ջրի հոսքի, ջրագոյացման աղբյուր չկա, նախկինում ջրափոսի հետքեր չկան, տարածքի մեծ թեքության հետեւանքով նույնիսկ հորդառատ անձրեւից հետո ջրափոսի առաջացումը, տարածքի ցեխոտ լինելը հնարավոր չէ»։ Սա ի՞նչ է նշանակում։ Հնարավոր հարցին պատասխանեմ այս կերպ. նախաքննության մարմինը չի պարզել այն վայրը, ուր դանակահարվել եւ սպանվել է Վ. Մկրտչյանը։ Ավելի խայտառակ նկարագրություն ունի «դեպքի վայրի» հետագա պահպանության հատվածը. «Գործի նյութերից երեւում է, որ քրեական հետախուզության աշխատակիցները դեպքից անմիջապես հետո, հունիսի 25-ին, գիշերը ժամը 01-ի սահմաններում եղել են ջրամբարի պահակատանը եւ այնտեղ ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը ջրամբարի հերթապահ աշխատողից հետաքրքրվել է ջրամբարից շուրջ 150 մետր հեռավորության վրա կատարված սպանության հանգամանքով։ Սակայն այդ տարածքը զննելու ուղղությամբ մինչեւ հունիսի 30-ը ոչինչ չի արվել»։ Դատարանի գնահատականներին հավատալու դեպքում հետեւությունը ստացվում է այսպես. նախաքննության մարմինը սպանություն չի բացահայտել, այլ գնացել է այլ կածանով։ Հետեւաբար, թե ո՞վ է սպանել Վաչիկ Մկրտչյանին հարցը մնում է առկախ։ Իսկ եթե այդպես էր, գործը ինչո՞ւ հասավ դատարան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել