Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական քաղաք․ զարգացման և մտահոգությունների խաչմերուկում

Ապրիլ 18,2026 21:52 Share

Հայաստանի կրթական համակարգը վերջին տարիներին կանգնած է պատմական և վիճահարույց փոփոխության առջև։ «Ակադեմիական քաղաք» նախագիծը, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել բուհական և գիտական ներուժը, դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Այն մի կողմից դիտվում է որպես մայրաքաղաքի բեռնաթափման և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական կլաստերի ստեղծման հնարավորություն, մյուս կողմից՝ որպես ավանդական համակարգի և արժեքների խաթարման վտանգ։

Ուսանողների շրջանում նախագիծը առաջացրել է հակասական վերաբերմունք։ ԵՊՀ ուսանողուհի Սիլվա Գրիգորյանի կարծիքով՝ նախաձեռնությունը կարող է քաղաքաշինական տեսանկյունից թեթևացնել Երևանի ծանրաբեռնվածությունը, սակայն համալսարանների տեղափոխումը ընդունելի չէ․

«Ես կարծում եմ, որ ակադեմիական քաղաքը լավ լուծում կլինի մայրաքաղաքը թեթևացնելու համար, բայց որպես ԵՊՀ ուսանող՝ չէի ուզի, որ մեր համալսարանը տեղափոխվի, քանի որ այն քաղաքի սիմվոլներից մեկն է և ունի պատմամշակութային կարևոր նշանակություն»։

Ուսանողուհի Աննա Գալստյանն էլ խնդիրը դիտարկում է սոցիալական տեսանկյունից՝ ընդգծելով, որ եթե պետությունը չապահովի հասանելի տրանսպորտ և կեցության պայմաններ, նախագիծը կարող է դառնալ լրացուցիչ ֆինանսական բեռ։ Ուսանողները նաև մտահոգված են ուսման վարձերի հնարավոր բարձրացմամբ և դասախոսական կազմի փոփոխություններով։

Փորձագիտական շրջանակներում քննարկումները ավելի սուր են։ Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը քննադատում է նախագիծը՝ նշելով, որ այն «նորը չստեղծելով՝ հինը քանդելու» տպավորություն է թողնում։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարող է բացասաբար ազդել կրթության որակի վրա և պարալիզացնել բուհերի գործունեությունը, հատկապես այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են բժշկական, արվեստի և տեխնիկական բուհերը, որոնք կապված են քաղաքային միջավայրի հետ։

«Ներկայացված նախագիծը բացասական անդրադարձ է ունենալու կրթության որակի վրա, որովհետև այն պարզապես պարալիզացնելու է բուհերի աշխատանքը՝ զրկելով անգամ այսօրվա հնարավորություններից»,- շեշտում է Աշոտյանը։ Նա հատկապես կարևորում է բժշկական կամ արվեստի բուհերի պարագան, որոնք չեն կարող արդյունավետ գործել քաղաքային կլինիկական ու մշակութային միջավայրից կտրված.

«Կարծիքս ակնհայտ է. ծրագիրը ունենալու է բացասական ազդեցություն և դասախոսական կազմի աշխատանքի և գիտահետազոտական աշխատանքների վրա, որովհետև պարալիզացնելու է այդ աշխատանքները, բուհերին զրկելով անգամ այսօրվա հնարավորություններից։ Հատկապես կան բուհեր, որոնք պարզապես չի կարելի ձեռք տալ, քաղաքից դուրս հանելու կամ,զրոյից բան ստեղծելու տրամաբանության մեջ։ Օրինակ՝ Բժշկական համալսարանը, որը կարիք ունի կլինիկաների, որտեղ ուսանողը և դասախոսը պետք է աշխատի և սովորի միաժամանակ, նաև պոլիտեխնիկական կրթությունը, արվեստի բուհերը և այլն»։

Հարցին ավելի համակարգային տեսանկյունից է մոտենում փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Նա չի հերքում, որ աշխարհում համալսարանական կլաստերները զարգացման շարժիչ են, սակայն զգուշացնում է, որ կրթության որակը շենքերով չի որոշվում.

«Իմ համոզմամբ՝ բարեփոխումները պետք է առաջին հերթին ուղղված լինեն բովանդակային փոփոխություններին, այլ ոչ թե միայն ֆիզիկական տարածքների տեղափոխությանը»,- պարզաբանում է Մխիթարյանը։ Նա տեսնում է վտանգ, որ վարչական արագ լուծումները կարող են կազմաքանդել ձևավորված գիտական դպրոցները և առաջարկում է սկսել մեկ փորձնական մոդելից.

«Եթե նախագիծը իրականացվի աստիճանաբար, մասնագիտական լայն քննարկումների հիման վրա և հաշվի առնի ակադեմիական համայնքի կարծիքը, ապա այն կարող է դառնալ գիտության և կրթության զարգացման կարևոր հնարավորություն։ Բայց եթե այն իրականացվի վարչական արագ ու չմտածված լուծումների տրամաբանությամբ, Երևանի կենտրոնում գտնվող շենքերի «գրավմամբ», ապա կարող է առաջացնել լուրջ ինստիտուցիոնալ խնդիրներ։Ես կառաջարկեի ունենալ ընդամենը մեկ համալսարան, ասենք, տեխնոլոգիական ուղղվածությամբ, տեսնել զարգացման դրական փորձը և այնուհետև այդ փորձը տարածել մյուս ոլորտների վրա»։

Ակադեմիական քաղաքը Հայաստանի համար մի կողմից խոստանում է արդիականություն և քաղաքային հարմարավետություն, մյուս կողմից՝ առաջացնում է ինստիտուցիոնալ հիշողության կորստի վախ։

Հիշեցնենք, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի նոր հայեցակարգը հաստատվել է 2026թ.-ի փետրվարի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ հիմնվելով «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» վրա։ Նախագծման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի դեկտեմբերին իսկ գլխավոր հատակագիծը հաստատման է ներկայացվել 2025 թվականի դեկտեմբերին։

 

Մելանյա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930