Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է մրցակցությանը եւ այն ենթադրում է մի շարք հանգամանքների առկայություն։ Ըստ այդ հոդվածի, քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա եւ դատավարության կողմերը օժտվում են հավասար հնարավորություններով։ Հայաստանում սահմանադրական նորմ է այն, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Մեր զրուցակցին՝ Հայաստանի փաստաբանների միության անդամ Աղասի Աթաբեկյանին ուղղում ենք առաջին հարցը. – Գործո՞ւմ է, արդյոք, մրցակցության հավասարության սկզբունքը եւ արդյոք կարողանո՞ւմ եք իրավաբանական օգնություն ցույց տալ քաղաքացիներին։ – Նախ խոսեմ պետպաշտպանության մասին։ Պետպաշտպանության դեպքում հայ իրականության մեջ այդ երկու նորմերն էլ չեն գործում։ Հիմնավորեմ ասածս կոնկրետ օրինակներով. պետպատվերի շրջանակներում իրականացրել եմ «Հոկտեմբերի 27» գործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի շահերի պաշտպանությունը եւ ցանկացել եմ իմ իրավունքների եւ պարտականությունների լիարժեք իրականացման համար դատարանից ստանալ քրեական գործի 43 հատորների պատճենահանված օրինակները։ Դատարանը, չպահպանելով Քրդատօրով սահմանված կարգը, օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, չաջակցեց ինձ՝ ձեռք բերելու այդ հատորների պատճենահանված օրինակները, որով եւ ինձ համար չստեղծեց գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ, ի տարբերություն Նաիրի Հունանյանի, որին դատարանը անհապաղ տրամադրեց այդ հատորները։ Ի դեպ, այդ հատորները անվճար տրամադրվել են նաեւ մեղադրողներին։ Պետպատվերի շրջանակներում միֆ է ցանկացած ծավալի տեղեկություն գործից դուրսգրելը, իսկ դատարանը չի կատարում իր պարտականությունները եւ ստեղծում է ծայրահեղ անհավասար պայմաններ, որով եւ սահմանափակում ու ոտնահարում են իմ իրավունքները։ – Դուք ընդհանրապե՞ս գտնում եք, որ այդօրինակ իրավունքների սահմանափակումը սահմանափակում է նաեւ արդարադատության իրականացումը։ – Տուրք տալով «նորաձեւությանը», դատարանները խոտան քրեական գործերը ոչ միայն մի կերպ յոլա են տանում, այլեւ հանուն Հայաստանի Հանրապետության՝ ակնհայտ անարդար դատավճիռներ են կայացնում, որը զուգորդվում է ծանր հանցագործության համար դատապարտելու հետ։ Բոլորին է հայտնի՝ չկա դիակ, չկա եւ քրեական գործ։ Եվ չնայած այս աքսիոմային, ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Արթուր Պողոսյան) «Կոմիսիոն» Կարոյի որդուն դատապարտեց 15 տարի ազատազրկման։ Նույն այդ դատարանում առաջին ատյանի դատարանի անարդար դատավճիռը նախագահող դատավոր Մ. Արղամանյանի կողմից թողնվեց անփոփոխ, սոսկ այն պատճառով, որ ամբաստանյալ Իսմայիլ Հանչերը ազգությամբ թուրք էր, դավանանքով՝ մուսուլման եւ Թուրքիայի քաղաքացի։ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ռ. Հովհաննիսյան) մեղադրական դատավճիռը քրեական գործով հիմնված էր բացառապես այն վկաների ցուցմունքների վրա, որոնց հետ չի առերեսվել իմ պաշտպանյալ Գարեգին Լեւիկի Խաչատրյանը։ Միջնորդել եմ դատարան կանչել դատակոչի ենթակա, ցուցակում ընդգրկված 9 անձանց, որպեսզի առերեսվեն պաշտպանյալիս հետ։ Ու չնայած եվրոպական դատարանի պահանջը միանշանակ է՝ ամբաստանյալը պետք է տեսնի այն անձանց, որոնք իր դեմ ցուցմունք են տվել եւ հարցաքննի, թեեւ նախաքննության ժամանակ առերես չհարցաքննված վկաների ցուցմունքները չի թույլատրվում դատարանում հրապարակել, անկախ այն բանից, որ վկան հրաժարվել է դատարան ներկայանալուց եւ ցուցմունք տալուց, այդուհանդերձ, դատարանն անհիմն մերժեց փաստաբանիս կողմից հարուցված միջնորդությունները։ – Հետեւաբար, Դուք գտնում եք, որ կախյալ դատարանների կախվածության արդյունքում փաստաբաններն իրենք անկախ չե՞ն։ – Փաստաբանի անկախության պրոբլեմը, ինչպես եւ պաշտպանության իրավունքը, կապված է ավելի լայն խնդիրների լուծման հետ. ժողովրդավարության զարգացման աստիճանից եւ բնույթից, իրավունքի «պրեստիժից» եւ անձի կարգավիճակից։ Փաստաբանական պրոֆեսիային բնորոշ են նյութական եւ բարոյական խթանները, այնինչ, պետպաշտպանության կարգով պաշտպանություն իրականացնելիս փաստաբանը գործում է ոչ հավասար դաշտում եւ նրան կեղծ ստատուս է վերագրված, քանզի այդ կարգավիճակում նա խղճուկ գոյություն է պահպանում։ Ուստի զարմանալ, թե փաստաբանական այդ ինստիտուտի նկատմամբ մարդկանց հավատը անկում է ապրում, առավել եւս՝ դրանում մեղադրել նրանց, ամենեւին էլ տեղին չէ։ ՔԴՕ-ի 304 հոդվածի համաձայն, պաշտպանը դատական քննությանը մասնակցելիս օգտվում է մեղադրողի հետ հավասար իրավունքներից, այն է՝ յուրաքանչյուր ամիս հավասար, կանոնավոր վարձատրվելու։ Պետությունը ձեւականորեն ապահովել է անվճար իրավաբանական օգնություն օրենքով նախատեսված դեպքերում, միաժամանակ պետությունը իր վարքագծով պարտադրում է, որպեսզի պաշտպանն իր լիազորությունները դադարեցնի։ «27»-ի գործով մեղադրողները, դատավորը, նրա օգնականը, թիկնապահները, դատական նիստի քարտուղարը առայսօր առանց որեւէ խոչընդոտների, ժամանակին, լրիվ եւ կանոնավոր պետբյուջեից վարձատրվել են։ Նույնը չենք կարող ասել պետպատվերով պաշտպանությունն իրականացնող փաստաբաններիս համար։ – Իսկ այստեղ իր խոսքը չունի՞ ասելու Հայաստանի փաստաբանների միությունը, որի անդամն եք Դուք։ – Ցավով նշեմ, որ Հայաստանի փաստաբանների միությունը պայմաններ չի ստեղծում իր անդամների մասնագիտական գործունեության իրականացման համար, չի պաշտպանում նրանց իրավունքներն ու օրինական շահերը պետական եւ այլ մարմինների հետ փոխհարաբերություններում, միջոցներ չի ձեռնարկում փաստաբանի հեղինակության բարձրացման ուղղությամբ, փոխարենը գտնվում է դիտորդի պասիվ կարգավիճակում։ Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել