«Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և բերելու ենք ենթարկենք պատասխանատվության։ Բռնելու ենք, բերենք, լակոտ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու»: Այս հոխորտանքն արտաբերվել է ոչ թե փողոցային «ռազբորկայի» ժամանակ, այլ իշխանության կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ: Եվ այդ բառերն արտասանել է ոչ թե «մայլի խուժանը», այլ ՀՀ գործող վարչապետը, որը խնդիր ունի իր լյումպենացված ընտրազանգվածի առաջ «աքլորանալու»:
Բնականաբար, դա ո՛չ վարչապետի, ո՛չ պետական այրի, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործչի խոսք է: Որովհետեւ քաղաքական գործիչն, իմ կարծիքով, պետք է արտասանի քաղաքական տեքստեր, թեկուզ կոշտ, սուր քննադատական, բայց՝ քաղաքական խնդիրներին առնչվող, ոչ թե անձերին, մարդկանց ընտանիքներին կամ հարազատներին վերաբերող:
Փաշինյանի ասածը ձեւով խուլիգանություն է, բովանդակությամբ՝ որոշակի ժանրի լրագրողի խոսք, որը սովոր է մարդկանց հետ շփվել, մարդկանց հակադրվել ոչ թե քննարկվող թեմայի շուրջ, այլ՝ շանտաժով եւ անձնական «կոմպրոմատով»: («Իսկ ես գիտեմ, որ դու…»):
Ամբողջ աշխարհում կա այդպիսի մամուլ, կա այդպիսի լրագրություն: Դա, եթե էթիկական խնդիրները մի կողմ դնենք, նորմալ է: Աննորմալ է, երբ նման մարդկանց տրվում են պետական, իրավապահ, ռեպրեսիվ լծակներ, որոնք այդ դեպքում օգտագործվում են ոչ թե ի շահ պետության, այլ՝ քաղաքական հակառակորդների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու, դրանց արտահոսքը կազմակերպելու, գաղտնալսելու, մարդկանց տարբեր, իբր «քրեական» հոդվածներով հետապնդելու համար: Որպեսզի ընդդիմախոսների «լեզուն չերկարի»: Այդ դեպքում «դեղին» են դառնում ոչ միայն իշխանավորները, այլեւ դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, Մակրոնը եւ Ուրսուլան գիտե՞ն, թե ում հետ են գործ բռնել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































