Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիմպատիայով» տուն չեն պահում

Դեկտեմբեր 20,2002 00:00

«Սիմպատիայով» տուն չեն պահում Երեկ Ռուսաստանի եւ Վրաստանի հայկական համայնքների ղեկավարները, որ հյուրընկալվել էին «Տերյան» մշակութային կենտրոնում, անուղղակիորեն հաստատեցին իրենց զորակցությունը գործող նախագահին։ Նրանք միաբերան հայտարարեցին, որ հայկական համայնքներում Ռ. Քոչարյանը մեծ հեղինակություն է վայելում եւ ՌԴ-ում ու Վրաստանում բնակվող հայաստանցիների «սիմպատիան» նրա կողմն է։ Վերջիններս չկարողացան նաեւ անտեսել նախագահի «անուրանալի» ավանդը Հայաստանի բարգավաճման գործում։ Իսկ Վոլգոգրադի հայկական համայնքի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանն էլ այնքան ոգեւորվեց, որ «Հ1»-ը շփոթեց «Ա1+»-ի հետ։ «Մեզ մոտ ցույց են տալիս Հայաստանի մայր ալիքը՝ «Ա1»-ը եւ մենք հպարտանում ենք, տեսնելով, թե ինչպես են դրսում Քոչարյանին ընդունում,- ասաց նա,- հետո պետք է յուրաքանչյուր իշխանության հնարավորություն տաս, որ աշխատի։ Որովհետեւ եթե նրանց քարկոծում ես, ստիպված ինքնապաշտպանությամբ են զբաղվում»։ Ի դեպ, ըստ Ռուսաստանի հայերի միության վերջին տվյալների, այսօր Ռուսաստանում ապրում է շուրջ 2,5 մլն հայ, որից 600 հազարը՝ միայն Մոսկվայում։ Վերջին 10-12 տարիներին Ռուսաստանում բնակություն հաստատած մեր 850 հազար հայրենակիցներից 350 հազարը ՌԴ է տեղափոխվել Ադրբեջանից, 250 հազարը՝ Վրաստանից, իսկ 200 հազարը՝ Միջին Ասիայից։ Հայկական համայնքների ղեկավարները հավաստիացնում էին, որ հայերը հնարավորություն չունեն վերադառնալու Հայաստան։ Որպեսզի վերջիններս կարողանան հարմարվել հայրենիքում, դրա համար նախ անհրաժեշտ է, որ կառավարությունը հատուկ ծրագրեր մշակի։ Հայապահպանությանն ուղղված կրթական-մշակութային խնդիրներ պիտի լուծվեն նաեւ տեղերում։ Ստավրոպոլի ներկայացուցիչ Գենադի Ոսկանյանը տեղեկացրեց, որ տեղի բուհերի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայաստանցի ուսանողները առաջիկայում կհյուրընկալվեն Ստավրոպոլի բուհերում, ինչի շնորհիվ կկայանա հայաստանցի եւ ազգությամբ հայ ստավրոպոլցի երիտասարդների շփումը։ Գ. Ոսկանյանը վստահ է, որ Ստավրոպոլի հայերը համակրանքով են տրամադրված Ռ. Քոչարյանի հանդեպ, քանի որ տեսնում են «Հայաստանի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում առկա լուրջ տեղաշարժերը»։ Ստավրոպոլում այսօր կես միլիոն հայ է ապրում։ Ըստ Գ. Ոսկանյանի, նրանք հիմնականում պրոբլեմներ ունեն գրանցման եւ փաստաթղթային ձեւակերպումների հետ, ինչը, թերեւս, առաջիկայում կլուծի Ռոստովում բացվելիք հյուպատոսարանը։ Ըստ Կրասնոդարի ներկայացուցիչ Ռազմիկ Գեւորգյանի, Կրասնոդար ներգաղթածների թիվը (այստեղ եւս կես միլիոն հայ է ապրում) հատկապես մեծացել է 90-ականներին։ Կրասնոդար են տեղափոխվել մեր հայրենակիցները Ադրբեջանից, Աբխազիայից, Միջին Ասիայից։ «Չեմ կարող հայտարարել, թե հայերը ցանկալի բնակիչներ չեն Կրասնոդարում»,- ասաց նա։ Բայց նաեւ նշեց, որ նրանք ունեն բազմաթիվ պրոբլեմներ։ Օրինակ, ՌԴ-ի միգրացիայի մասին օրենքի համաձայն, նրանք կարող են քաղաքացիություն ստանալ միայն 5 տարի անց։ Ռ. Գեւորգյանը եւս համոզված է, որ Կրասնոդարում ապրող Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը առաջիկա նախագահական ընտրություններին կքվեարկի Քոչարյանի օգտին։ Վոլգոգրադի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որ միաժամանակ Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժանմունքի ղեկավարն է, կարծում է, որ Վոլգոգրադում չկա մեկը, որ չունենա հայ դասընկեր կամ դասընկերուհի։ Այժմ այստեղ 80-100 հազար հայ է բնակվում (մեծ մասամբ Սեւանի ավազանից), որոնցից շատերը, ըստ Ա. Գրիգորյանի, նույնիսկ մեծ հեղինակություն են վայելում տեղացիների մեջ. «Նրանցից մեկն էլ «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետովիչն է, որը թողած իր 32 խանութները, հայրենասիրությունից դրդված, եկել է Հայաստան։ Այժմ Վոլգոգրադում ապրում են ազգությամբ հայ 2 դատախազ, բուհի 2 ռեկտոր, մայր բուհի 3 ամբիոնի վարիչ, մի պաշտոնաթող գնդապետ եւ բժիշկների հսկա բանակ»։ Ըստ Ա. Գրիգորյանի, ի տարբերություն աշխարհի մյուս հայկական համայնքների, Վոլգոգրադի հայությունը քաղաքականացված չէ։ Ավելին, այստեղ չկան ավանդական կուսակցության ներկայացուցիչներ։ Վիրահայոց պատվիրակության ներկայացուցիչ Գենադի Մուրադյանը տեղեկացրեց, որ Վրաստանում շուրջ 300 հազար հայ է ապրում, ազգությամբ հայ 6 պատգամավոր կա խորհրդարանում, որոնցից 2-ը Թբիլիսիից են, 1-ը՝ Ծալկայից, 3-ը՝ Ջավախքից։ Վերջին տարիներին Վրաստանից եւս 100-150 հազար հայ է արտագաղթել՝ հիմնականում տնտեսական պայմանների պատճառով։ Վրաստանի պառլամենտի պատգամավոր Համլետ Մովսիսյանի կարծիքով, ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանում սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի շատ են, ինչը, ցավոք, իր կնիքն է դնում նաեւ Ջավախքի վրա։ Նրան մտահոգում էր ոչ միայն Ջավախքի շրջանավարտներին Հայաստանի բուհերում ավելի շատ պետպատվերով տեղեր հատկացնելու հարցը եւ մանկավարժների պակասը, այլեւ արդեն ավանդական դարձած ու հայտնի խնդիրը՝ կապված Բավրայի մաքսատան քաշքշուկների հետ։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել