ՊԱՐՏՔԸ
ՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ Հայաստանի արտաքին պետական պարտքը կարող
է աստիճանաբար կրճատվել: Ռուսաստանի հետ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կնքումից
եւ Թուրքմենստանի պարտքը մարելուց հետո բարելավվել են երկրի արտաքին պարտքի ցուցանիշները:
2004 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմում
է $1 մլրդ 84 մլն, որի մեծ մասը Համաշխարհային բանկի բաժինն է: Ըստ ՀՀ ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության բաժնի պետ Հեղինե
Կարապետյանի, Հայաստանը ոչ մի պրոբլեմ չունի պարտքերի մարման եւ սպասարկման տեսակետից:
Պետությունը նույնիսկ վաղաժամկետ մարումներ է անում: Օրինակ, այդպես է Եվրամիության
պարագայում. Հայաստանը պետք է մարի ԵՄ-ին ունեցած $28 մլնի պարտքը, բայց ներկա դրությամբ
այդ պարտքից մնացել է ընդամենը 2 մլն-ը: Վաղաժամկետ մարման դեպքում Եվրամիությունը
դրամաշնորհ է տրամադրում տվյալ երկրին՝ պարտքի մոտավորապես 78%-ի չափով (օրինակ,
եթե մարվում է 7 մլն դոլարի պարտք, դրա $5,5 մլն-ն ետ է ստացվում գրանտի տեսքով):
Այդպես ստացվում է, որ Հայաստանը մարում է անում պարտքի ընդամենը 22%-ի չափով: Տարբեր
միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկերը տրամադրված են ինչպես արտոնյալ,
այնպես էլ ոչ արտոնյալ պայմաններով: Վերջին շրջանում Հայաստանը ոչ արտոնյալ պայմաններով
վարկերի առաջարկներ ստացել է, սակայն մեր պետությունը հրաժարվում է, քանի որ այս
պահի դրությամբ միայն արտոնյալ վարկեր են անհրաժեշտ: Այժմ եղածի 93%-ը արտոնյալ վարկեր
են, իսկ 7%-ը՝ ոչ արտոնյալ: Մինչ այժմ ստացված վարկերն օգտագործվել են ոռոգման համակարգերի,
ճանապարհների, էներգետիկայի, սոցիալական ոլորտի, առողջապահության, կրթության վրա,
ինչպես նաեւ եղել են ապրանքային վարկեր: Արտաքին պետական պարտքի մարումը ոչ միայն
կախված է պետության հնարավորություններից, այլ նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի (4
տեսակի տարադրամի զամբյուղ) եւ եվրոյի փոխարժեքների դինամիկայից: ՔՐԻՍՏԻՆԱ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՆՅԱ ՄԱԴՈՅԱՆ


















































