Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՍԻ ԹԱՏՐՈՆԸ» ԶՈՀԱԲԵՐՎԵՑ ՀԱՆՈՒՆ
ԲԻԼԻԱՐԴԻ ՍՐԱՀԻ

Ապրիլ 08,2006 00:00

Երեւանի փորձարարական
պետական թատրոնի շենքը 2003թ. հուլիսին տասնհինգ միլիոն դրամով վաճառվել է Շենքը
կառուցվել էր 1978-ին, Թումանյան 22 հասցեի բնակելի շենքի նկուղում։ Այն հայտնի էր
«Փոսի թատրոն» անունով: 1980-ականներին այս թատրոնը երիտասարդների սիրած վայրն էր:
Մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանն ասում է. «Դա դատական գործ է,
նախարարի գործ չէ, եթե ես նախարարությունում մնայի՝ անպայման դատի կտայի»։ Ո՞վ
է վաճառել այս շենքը, ինչո՞ւ ոչ ոք այդպես էլ չպատժվեց այս անօրինական գործարքի համար:
Դերասանուհի Կարինե Սարգսյանն ասում է. «Ազատ Գասպարյան, Գուրգեն Սեդրակյան, Ռոլանդ
Շառոյան եռյակն է վաճառել մեր թատրոնը»։ Գ. Սեդրակյանը մեր հեռախոսազանգին պատասխանեց,
որ ինքը տանը չէ։ Թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Ազատ Գասպարյանը, եւ մշակույթի նախկին
նախարար Ռոլանդ Շառոյանը հրաժարվեցին խոսել այս թեմայի շուրջ։ Ռոլանդ Շառոյանից
հետո մշակույթի նախարար է նշանակվել Թամարա Պողոսյանը: Նա ասում է, որ իր համար տարօրինակ
էր կոլեկտիվի անտեղյակությունը եւ ավելացնում. «Երբ շղթան քանդում ես ու տեսնում,
թե ինչպես են խճճել, հետքերը կորցրել՝ ապշում ես»։ Հունիսի կեսից թատրոններում
սկսվում են ամառային արձակուրդները։ Հենց այդ ժամանակ՝ 2003-ի հունիսին, բանվորները
սկսել են քանդել թատրոնի բեմը։ Դերասանների անհանգստությունը փարատել է տնօրեն Գուրգեն
Սեդրակյանը. «Վերանորոգում եմ սկսում, հանգստացեք, աշնանը կգաք, ամեն ինչ վերանորոգված
ու նոր կլինի»։ ՀՀ մշակույթի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան՝ գրել
է. «2002-ին Կենտրոն համայնքի թաղապետի հետ կնքված վարձակալական պայմանագրի ժամկետը
լրանալուց հետո, թատրոնի տնօրենի դիմումի հիման վրա, Կենտրոն համայնքի ավագանու եւ
թաղապետի որոշմամբ տարածքը սեփականաշնորհվել է Երեւանի երիտասարդական փորձարարական
պետական թատրոնին։ Այնուհետեւ թատրոնի տնօրենի եւ Կենտրոն համայնքի թաղապետի միջեւ
կնքվում է 309.7քմ ոչ բնակելի տարածքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա, թատրոնի
կոլեկտիվի համաձայնությամբ, տարածքը վաճառվում է տնօրեն Գ. Սեդրակյանին, որոշ ժամանակ
անց վերջինս այն վաճառում է քաղաքացի Մ. Սաֆարյանին»։ Թատրոնի կոլեկտիվը՝
դերասանները, պնդում են, որ իրենք այդ վաճառքի մասին իմացել են աշնանը, երբ արձակուրդից
հետո եկել են թատրոն։ Դերասանները համոզված են, որ Ազատ Գասպարյանը, որը գլխավոր
ռեժիսոր աշխատելու տարիներին ընդամենը մեկ ներկայացում է բեմադրել թատրոնում, «նույնպես
հանցակից է»։ «Խորիկի թաղմանը ինձ տեսավ՝ փախավ»,- ասում է դերասան Հայկ Միքայելյանը։
Կ. Սարգսյանը եղել է թատրոնի արհկոմի նախագահը, թատրոնի վաճառքի ժամանակ Գ. Սեդրակյանը
նրան տարել է նոտարական գրասենյակ, ասել, որ շտապ ստորագրելու փաստաթղթեր կան. «Եթե
մի րոպե ուշացնենք, թատրոնը ձեռքներիցս կվերցնեն»։ Շփոթված դերասանուհին, առանց նայելու,
թե ինչ է գրված, արագ-արագ ստորագրել է։ Հետագայում պարզել է, որ իր ստորագրությամբ
տվել է թատրոնը վաճառելու վերաբերյալ աշխատակազմի համաձայնությունը։ Ռեժիսոր
Արթուր Սահակյանը, որը 90-ականներին երեք ներկայացում է բեմադրել այս թատրոնում,
պարզաբանում է. «Արհեստականորեն այնպես արեցին, որ կործանվի, ու վաճառեցին»։ Թատրոնի
դերասանները պատմեցին, որ տնօրեն Գ. Սեդրակյանը, դեռեւս վաճառքից մի տարի առաջ, սկսել
էր ցրել թատերախումբը։ Թողել էր ընդամենը երեք հաստիքային աշխատող։ Դերասանները հիշեցին
Սիլվանո անունով իտալացի ռեժիսորին, որն իր երկրում լսել էր «Փոսի թատրոնի» անունը։
Եկել էր Հայաստան, մեկ ամիս շարունակ մասնակցել թատրոնի փորձերին, ապա ասել, որ ուզում
է համագործակցել։ «Տնօրինությունը անտարբեր էր, այն ժամանակ չէինք հասկանում, թե
ինչու»,- ասում է Հայկ Միքայելյանը։ Երիտասարդական փորձարարական պետական թատրոնը
հիմնադրել է ռեժիսոր Հրաչյա Ղազարյանը։ Ոմանք Հ. Ղազարյանին էլ են մեղադրել թատրոնի
վաճառքի մեջ, սակայն ռեժիսորը հավատացնում է, որ ինքը ոչ մի կապ չունի։ «2000-ին
տնօրինությունը պարտադրում էր ինձ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ես հասկանում
էի, թե ինչ է տեղի ունենում, ու պարտվեցի։ Ոչ ոք չգիտի, թե իմ մեջ ինչ է կատարվում,-
տխուր ասում է նա եւ ավելացնում,- թատրոն քանդողը ի վերուստ մեծ պատժի կարժանանա»։
Թատրոնի վաճառքի ժամանակ Հ. Ղազարյանը Մոսկվայում հանդիպել է Ա. Լյուբիմովին
ու Մ. Զախարովին, պատմել թատրոնի վաճառքի մասին։ Հանրաճանաչ ռեժիսորները նամակով
դիմել են ՀՀ կառավարությանը։ Նամակում ասվել է, որ այդ թատրոնը հյուրախաղերով եղել
է Մոսկվայի «Տագանկա» թատրոնում, հիացրել հանդիսատեսին. «Ինչպե՞ս կարելի է նման թատերախմբին
զրկել շենքից»։ Մեր ունեցած տվյալներով՝ կառավարությունը փորձել է որոշ քայլեր
անել, սակայն դրանք մնացել են անավարտ։ Ահա կառավարության ուշացած քայլերից մեկը.
«Հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության կողմից արված
ստուգումների արդյունքները՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Երեւանի Երիտասարդական
թատրոնի տնօրեն Գ. Սեդրակյանին պաշտոնեական դիրքի չարաշահման համար ազատել զբաղեցրած
պաշտոնից» ( հատված մշակույթի նախարարի 2004թ. մարտի 27-ի հրամանից)։ Ռեժիսոր
Արթուր Սահակյանն ասում է. «Բիլիարդի սրահ սարքելու համար ուրիշ նկուղ կարելի էր
գտնել»։ Նա կարծում է, որ համակարգն է հանցավոր։ Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը
զարմանում է, թե ինչպես է հնարավոր պետական թատրոնի շենքը սեփականաշնորհել դերասաններին։
Իսկ փաստն այն է, որ գրեթե բոլոր ստուգող մարմինների ստուգումներից հետո էլ
այս գործարքը չեղյալ չհամարվեց եւ այդ հասցեում այսօր գործում է բիլիարդի սրահը,
իսկ նրան կից, ինչքան էլ տարօրինակ լինի, հյուրանոց է: ԱՐՓԻ
ՄԱՂԱՔՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել