Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի ավերված եկեղեցին ու Արսեն Թորոսյանի պնդումները. ի՞նչ է ասում միջազգային իրավունքը. CivilNetCheck

Մայիս 01,2026 15:46 Share

CivilNetCheck. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերությանը ապրիլի 27-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդմանը, նշել էր, որ Հայաստանը փորձում է չգնալ քայլերի, որոնք կարող են սրել իրավիճակը և կապ ունեն Ղարաբաղյան շարժման վերակենդանացման հետ։

Լրագրողի դիտարկմանը, թե «ինչու է եկեղեցու քանդման մասին բարձրաձայնումը կոնֆլիկտի սրում», Թորոսյանը պատասխանել է. «Որովհետև իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է, թե արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կարող է իր ինքնիշխան տարածքում իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին պատմամշակութային և կրոնական կոթողների քանդումն է, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։

Հռոմի ստատուտն ու Հաագայի կոնվենցիան

Պետության ինքնիշխանությունը սահմանափակվում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային նորմերով։

Անգամ զինված հակամարտությունների ժամանակ կան հստակ արգելքներ։ Ըստ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (վավերացված է Հայաստանի կողմից) 8-րդ հոդվածի՝ ռազմական հանցագործություն է համարվում միտումնավոր հարձակումը կրոնական շենքերի և պատմական հուշարձանների դեմ, եթե դրանք ռազմական թիրախ չեն։

Պատմամշակութային կոթողների քանդումը հակասում է նաև 1954-ի Հաագայի կոնվենցիային, որի կողմ է Ադրբեջանը։ Կոնվենցիան սահմանում է, որ մշակութային արժեքին հասցված վնասը վնաս է ողջ մարդկության ժառանգությանը, և պետությունները պարտավոր են հարգել դրանք թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։ Պետությունները պարտավոր են հարգել մշակութային արժեքները՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված ցանկացած «թշնամական գործողությունից» կամ «վանդալիզմի ակտից», որոնք կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը (հոդված 4):

1965-ին ընդունված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան (CERD) ևս պարտավորեցնում է պետություններին զերծ մնալ խտրական գործողություններից հաստատությունների նկատմամբ։ Բացի այդ, պետք է երաշխավորվի, որ պետական և տեղական բոլոր մարմինները կգործեն այս պարտավորությանը համապատասխան (հոդված 2)։ Եթե հաստատվի, որ քանդումը կատարվել է պետական մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ, դա կարող է առաջացնել պետության միջազգային պատասխանատվության հարց։

Ավելին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշմամբ հղում է կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիային։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները։ Միաժամանակ դատարանը արձանագրել է, որ գոյություն ունի հայկական հուշարձաններին անդառնալի վնաս հասցվելու իրական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել դրանց ոչնչացումը։

Այսպիսով, պետության ինքնիշխանությունը բացարձակ չէ և սահմանափակվում է միջազգային իրավունքի պարտավորություններով, այդ թվում՝ մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցում։ Այդ համատեքստում խաղաղ ժամանակ պատմամշակութային կոթողների, մասնավորապես եկեղեցիների, քանդումը կարող է դիտարկվել որպես միջազգային իրավունքի խախտում և մշակութային ժառանգության նկատմամբ վնաս հասցնելու գործողություն։

Արմեն Մկրտչյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031