Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ»

Մայիս 16,2007 00:00

\"\"Ասում է ծագումով ապարանցի երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, միաժամանակ նշելով, որ նախկինում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը աջակցել է իրեն:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը պատրաստվում է օրերս մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայում ՀՀ տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Նա սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

– Շուրջ երկու տասնամյակ ձգված դադարից հետո 2000թ. վերադարձաք երգարվեստ: Մասնագետները նշում են, որ դուք դեռ խորհրդային տարիներին ունեիք հաջողություններ եւ կոմպոզիտորներից շատերն արդեն հասցրել էին ձեզ նկատել…

– Իսկապես, խորհրդային տարիներին ունեի հաջողություն: Երգացանկս ներառում էր ինչպես հայ, այնպես էլ արտերկրի կոմպոզիտորների երգեր: 70-ականների վերջերին ընդունվեցի «Հայհամերգ»՝ որպես մեներգչուհի ու հասկացա, որ այդտեղ աշխատելով կխաթարեմ հայ կնոջ բարոյական կերպարս՝ բառի իսկական իմաստով: Իսկ իմ դեպքում դա բացառվում էր, քանի որ արմատներով մշեցու եւ ապարանցու զավակ եմ, ստացել եմ նորմալ դաստիարակություն: Բացի այդ, առաջնահերթն իմ ուղեղում ընտանիք կազմելն էր, ուրեմն պիտի մի բան անպայման զոհեի հանուն դրա: Զոհեցի երգարվեստը:

– Ձեր խոսքերից ստացվում է, որ խորհրդային տարիներին ավելի դժվար էր «առաջ գնալը», քան այսօր, մինչդեռ գաղտնիք չէ, որ ներկայումս էլ շոու-բիզնեսում հաջողակ են միայն լավ «հովանավոր» ունեցողները…

– Համամիտ չեմ: Ազատ երկրի արվեստագետը ազատ է իր գործողություններում: Խորհրդային տարիներին մեզ պարտադրում էին այս կամ այն երգը կատարել: Երազել անգամ չէիր կարող արտերկրյա հաճախակի շրջագայությունների մասին: Հիմա թեեւ առանց պրոդյուսերի կամ հովանավորի դժվար է, բայց, այնուամենայնիվ, կարող ես բեմ դուրս գալ, երեւալ, ստիպել քո մասին խոսել եւ այլն: Ամենակարեւորը՝ խորհրդային տարիներին եթե էստրադային ոճում էիր, բացառվում էր անդրադարձը ժողովրդական կամ ազգային երգերին: Ինձ այսօր ե՛ւ էստրադային երգիչներն են համարում իրենցը, ե՛ւ ժողովրդականները: Ինչ վերաբերում է «հովանավոր» ունենալուն, որի ենթատեքստը հասկանում եմ, իմ դեպքում դա բացառվում է: Թեեւ չեմ էլ կարող չնշել, որ առաջիկայում կայանալիք անդրանիկ մենահամերգս (երգչուհին չնշեց, թե երբ է այն տեղի ունենալու- Ս. Դ.) միայն իմ ուժերով հաստատ չեմ կարող իրականացնել…

– 2005թ. «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից կազմակերպված շուրջպարը ձեզ բերեց լայն ճանաչում, այդ թվում եւ Սփյուռքում…

– Թույլ տվեք չհամաձայնել ասվածի հետ, քանի որ մինչ «Շուրջպարը», ես արդեն կայացած էի: Իբրեւ ակցիա՝ դրա գաղափարը «Նիգ-Ապարանինն» էր, իսկ երգի տեսքով՝ իմը, խոսքերի հեղինակն էլ Սերգեյ Հարությունյանն է: Չեմ ժխտի, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը ինձ օգնել է մասնակցելու 2002թ. Եգիպտոսում կայացած միջազգային մրցույթին եւ հովանավորել է իմ առաջին տեսահոլովակը: Իսկ հիմա հովանավորության կարիք առանձնապես չունեմ: Պատճառն այն է, որ սիրում եմ ամեն ինչ ինքս անել: Եթե ձեզ կհետաքրքրի, կարող եմ ասել, որ չեմ մասնակցում ոչ կնունքների ու ծնունդների, ոչ էլ հարսանիքների, մի խոսքով՝ մասնավոր հրավերների: Մի երազանք ունեմ՝ երկիրս ներկայացնել արտերկրյա որեւէ հեղինակավոր մրցույթում (խոսքը «Եվրատեսիլի» մասին չէ) եւ տա Աստված, որ Հայաստան անունը կարողանամ հնչեցնել աշխարհով մեկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել