Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ուզում ժայռերում թաղվել

Հոկտեմբեր 03,2007 00:00

Եզդիները ՀՀ կառավարությունից պահանջում էին նորմալ գերեզմանատուն, սրբատեղի եւ պապենական հողերի վերադարձ:

Երեկ Զովունի գյուղի եզդիները կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել: Նրանք բողոքում էին, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետն ու Զովունիի գյուղապետը «աշխարհի ամենատաղանդավոր ազգի՝ եզդի ժողովրդի» խնդիրներով չեն զբաղվում, «մեծ ջոկողություն են դնում հայերի ու եզդիների միջեւ»: Օրինակ՝ ցուցարար եզդիներից մեկը բողոքում էր սոցիալական անարդարությունից՝ ասելով, որ Զովունի գյուղի Ամո թաղամասը խիստ տարբերվում է հայկական թաղամասերից. «Փողոցի մի մայթին մեր խղճուկ խրճիթներն են, մյուս մայթին՝ հայերի շքեղ առանձնատները: Հայերից ամեն մեկը 5-6 տեղ սեփական հողամաս ունի, իսկ մեր 15-20 հոգուց բաղկացած ընտանիքներին 900 քմ հող են տվել, էդ հողի վրա էլ տուն ու գոմ ենք սարքել ու մշակելու համար 2 մետր հող չի մնացել»: Զովունի գյուղի բնակիչ Ուսուբ Սաֆոյանի խոսքերով՝ «Իշխանությունը մեզ բանի տեղ չի դնում, մեզ աչքի տակով ա նայում, իսկի մի հատ սուրբ ենք ուզում սարքենք (նկատի ունի աղոթատեղի՝ Զովունի գյուղում- Գ. Ս.)՝ տեղ չեն տալի: Բացի էդ, մեզ գազ էլ չեն տալիս: Փողերը հավաքել են, բայց գազի երեսը չենք տենում: Էդ ո՞նց ա մեր կողքի հայերի տներումը գազ կա՝ մեր տներումը չկա, ոչ ճամփա ունենք, ոչ ջուր»: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ բողոքում էր, որ ՀՀ իշխանություններն իրենց ազգի համար անգամ գերեզմանների խնդիրները չեն լուծում. «Մի կտոր ժայռ են տվել, ասում են՝ գնացեք դրանով բավարարվեք: Ո՞վ ա ժայռի վրա հուղարկավորություն անում»: Պարզվում է՝ եզդի ժողովուրդը գերեզմանոց չունենալու խնդիրը շատ ցավոտ է տարել: ՀՀ կառավարությունը, որպես եզդիների գերեզմանատուն, նրանց տրամադրել է մի տարածք, որի մի կողմում լիմոնադի արտադրամաս է, մյուս կողմում՝ գոմեր: Սա, ըստ եզդիների, ամենամեծ վիրավորանքն էր, որ կառավարությունը կարող էր իրենց հասցնել: Եզդիների համար գերեզմանոցը սրբավայր է, ուստի իրենք ոչ մի կերպ չեն ուզում թաղվել ոչ լիմոնադի ցեխի, ոչ էլ գոմերի կողքին:

Եզդիները նաեւ բողոքում էին, որ Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանն իրենց հողերը ծախում է հայերին, որ նրանք խաղատներ սարքեն: Ցուցարար եզդի պապիկներից մեկը սա լսելով՝ սկսեց կառավարության պատուհաններին նայել ու բղավել՝ «Մի խլեք մեր պապական հողերը, մեր նախնիների հողում կազինոներ մի՛ սարքեք»: Եզդիներն իրենց հետ նաեւ իրավաբան էին բերել՝ իրավաբանորեն ապացուցելու համար, որ իրենց բողոքներն անհիմն չեն ու պահանջներն էլ օրենքի սահմաններում են: Իրավաբան Հենրիկ Ադամյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարությունը եզդի ազգի առանձնահատկությունները հաշվի չի առնում. «Եզդի ազգը 15-20 հոգուց կազմված ընտանիքներ ունի: Նրանք ոչխար պահող ժողովուրդ են, եթե նրանց հող չեն տալիս, բա էս մարդիկ իրենց ոչխարները որտե՞ղ պահեն»:

Եզդիները պահանջում էին, որ կառավարության անդամներից ոչ մեկը չհամարձակվի իրենց հետ կեղծ լեզու թափել՝ «եզդիները խաբվողներից չեն»: Նրանք ուզում էին անձամբ վարչապետի հետ խոսել: Սակայն Սերժ Սարգսյանի փոխարեն ցուցարարներին հանդարտեցնելու եկավ տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը, որն էլ նրանց հրավիրեց քաղաքակիրթ պայմաններում հարցերը քննարկել ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի հետ: Սակայն եզդիները Հրանուշ Խառատյանին տեսնելուն պես բորբոքվեցին ու սկսեցին վերջինիս ստախոս, խաբեբա անվանել՝ տարածքից վռնդելով: Ազիզ Թամոյանը Հ. Խառատյանին հորդորեց՝ «Գնացեք ձեր գործերով զբաղվեք, դուք ոչ կարող եք մեզ համար որեւէ բան անել, ոչ էլ ուզում եք անել: Ձեր արած ամենալավ բանն էն կլինի, որ մեր գործերին չխառնվեք»:

Ի պատասխան այս բողոքների՝ Հ. Խառատյանը եզդիների մեջ որոնողական աշխատանքներ էր տանում՝ հարցուփորձ անելով, թե «ձեր շարքերում որեւէ սթափ մարդ կա՞, որի հետ կկարողանամ հանգիստ խոսել»: Սակայն բորբոքված ու խիստ զայրացած եզդիների մեջ այդպես էլ «որեւէ սթափ մարդու» չգտնելով՝ Հրանուշ Խառատյանը միայն խոստացավ, որ այս շաբաթ կայցելի Զովունի, կմտնի գյուղապետի մոտ ու նրանց խնդիրները կներկայացնի գյուղապետին: «Գյուղապետի հետ միասին ձեր խնդիրներին օրենքի սահմաններում լուծում կտանք»,- խոստացավ Հ. Խառատյանն ու հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել