Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ»

Հուլիս 19,2008 00:00

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, օրեր առաջ նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Ամփոփելով անցած ճանապարհը, ի վերջո, ո՞րն եք համարում հիմնական ձեռքբերումը:

– Ամենակարեւոր նվաճումն այն է, որ մեզ հաջողվեց դատական համակարգը կազմալուծված, ամորֆ վիճակից բերել կառուցակարգային հստակությամբ օժտված, գործառութային հստակ տարանջատվածություն, կազմակերպական եւ ֆինանսական ինքնուրույնություն ունեցող արդյունավետ համակարգի: Ըստ էության, շատ կարճ ժամանակահատվածում համակարգը ստացավ իշխանության ինքնուրույն թեւին բնորոշ ատրիբուտներ: Բացի դա, 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Վճռաբեկ դատարանը ստանձնեց երկրում օրենքների միատեսակ կիրառումն ապահովելու առաքելություն, ինչը հստակեցրեց Վճռաբեկ դատարանի դերակատարությունը իշխանության մարմինների համակարգում. այլեւս Վճռաբեկ դատարանը դադարում է լինել թեեւ բարձրագույն, սակայն ընդամենը հերթական դատական ատյան: Այն այսուհետեւ դատական իրավաստեղծման կարեւորագույն աղբյուր է եւ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի երաշխավորը: Այնուամենայնիվ, չնայած վերջին տարիներին արձանագրված էական առաջընթացին, չեմ գտնում, որ Հայաստանում արդարադատության որակը բավարար է: Դա հնարավոր կլինի արձանագրել միայն այն ժամանակ, երբ էականորեն կբարձրանա հասարակության վստահության մակարդակը դատարանի նկատմամբ:

– Վճռաբեկ դատարանի 10-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին ցուցադրվեց մի տեսաֆիլմ, որում ասվեց, որ Հայաստանի դատարանները մեծ տեղ են հատկացնում Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի վճիռներին: Բայց միայն վերջերս Եվրոպական դատարանը երեք գործերով կայացրեց վճիռներ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որոնք մի շարք դեպքերում նյութական փոխհատուցում են ենթադրում, ինչն, ի դեպ, վճարվում է պետական բյուջեից: Ինչպիսի՞ եզրակացություններ են արվում Հայաստանում:

– Բնականաբար, վերլուծություններ արվում են, արդյունքները քննարկվում են դատավորների խորհրդակցություններում, ուսումնական ծրագրերում: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս կիրառում է Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները: Սակայն վերջերս զգում եմ մի վտանգավոր միտում: Առաջարկներ են հնչում «կախաղան բարձրացնել» այն դատավորին, որի գործով երկիրը պարտվել է վերպետական դատարանում, ընդհուպ առաջարկում են դատավորից գանձել հաղթող կողմին վճարվելիք փոխհատուցումը: Անթույլատրելի եմ համարում նման հարցադրումները եւ խորհուրդ եմ տալիս տաքգլուխներին՝ մի փոքր սառչել: Հասկանում եմ, որ նման «հանճարեղ մտքեր» ծնվում են այն գլուխներում, որտեղ տաբուլա ռասա է տվյալ բնագավառի իմացության առումով: Ընդ որում, նման առաջարկները համեմվում են «հարկատուների մասին մտահոգություններով»: Հարկ եմ համարում նշել, որ քանի դեռ կա պետությունը, այնքան ժամանակ նա որպես սուվերեն պետք է իրականացնի հանրային գործառույթներ (պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն, սոցիալական քաղաքականություն եւ այլն) եւ դրա համար վճարելու են հարկատուները: Աշխարհը այլ մոդել դեռ չի գտել: Եվ բացի այդ, «հարկատուների մասին մտահոգությունները» կարող են շատ հեռուն տանել. ասենք, կարելի է փորձել հանցագործներից գանձել ոստիկանների, քննիչների եւ դատախազների պահպանության ծախսերը: Շատ պարզ եւ արդար է թվում տրամաբանությունը՝ եթե չլինեին հանցագործները, մեր հարկատուները ստիպված չէին լինի պահել այս քանակի ոստիկաններ, քննիչներ եւ դատախազներ: Իսկ ինչո՞ւ է այս հարցը առաջանում միայն դատավորների մասով: Քիչ չեն դեպքերը, երբ երկիրը պարտվում է այն պատճառով, որ անձի նկատմամբ կիրառվել է ներքին օրենքը, որով սահմանափակվել են Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները: Այս դեպքում ո՞վ պիտի վճարի հատուցումը, Ազգային ժողո՞վը, թե՞ այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքի ընդունմանը: Պարզ է, որ հարցին չի կարելի մոտենալ նման պարզունակ ձեւով: Ակնհայտ է մի բան՝ անձին պատճառված վնասը պետք է հատուցվի եւ դրա պատասխանատուն պիտի լինի պետությունը:

– Իսկ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Եվրոպական դատարանի կայացրած վճիռները որեւէ կարգապահական հետեւանք կարո՞ղ են առաջացնել համապատասխան ակտը կայացրած դատավորի համար: Ասենք, կարո՞ղ է դատավորը ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

– Ցավոք, մեր օրենսդրությունը նախատեսում է նման պատասխանատվություն դատավորի համար: Դատական օրենսգրքի համաձայն՝ Եվրոպական դատարանի կայացրած վճիռները, որոնցով արձանագրվել է արդար դատաքննության իրավունքի խախտման փաստ, կարող են կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալ: Ինքնին մոտեցումը հակասահմանադրական է, կոպիտ կերպով հակասում է դատավորի անկախության սահմանադրական սկզբունքին: Հակառակ պարագայում մենք պիտի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցենք նաեւ ցանկացած դատական ակտի բեկանման ժամանակ: Այսպես կարող ենք հանգել աբսուրդի: Եվրոպական փորձագետների համար մեր երկրի նման մոտեցումը տհաճ անակնկալ էր: Եվրոպական դատարանում պարտվում են ոչ միայն Հայաստանը եւ զարգացման մեր մակարդակն ունեցող երկրները: Բազմաթիվ գործերով ընդդեմ պետության վճիռներ են կայացվել Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ արեւմտաեվրոպական այլ երկրներից բողոքարկված գործերով: Եթե նման դեպքերում առաջարկ արվի պատժել դատավորին, այդ երկրներում նման առաջարկը ընդամենը ծիծաղ կառաջացնի: Վստահ եմ, որ արդարադատության խորհուրդը այս հարցով կարտահայտի նախադեպային դիրքորոշում, որը կբխի ուղղակիորեն սահմանադրության պահանջներից: Լուծումն այս պարագայում այլ կերպ եմ տեսնում: Նման դատական սխալներից խուսափելու համար պետք է իրականացվեն համալիր միջոցառումներ՝ դատավորի մասնագիտական պատրաստվածության բարձրացում, համակարգը որակյալ կադրերով համալրում, էթիկական վերահսկողության ուժեղացում, դատավորի գործունեության գնահատման օբյեկտիվ համակարգի ներդրում եւ այլն:

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք պատրաստվում լուծել կոռումպացված եւ հղփացած դատավորների հարցը:

– Շատ պարզ՝ դրանցից պետք է ձերբազատվել: Ընդ որում, բացարձակ անհետաքրքիր է լինելու, թե ով է նա, դատավոր է, թե դատարանի նախագահ, ինչ հովանավորներ եւ ընկերներ ունի: Դատական համակարգն ունի դատավորների գործունեության վերահսկման երկու կարեւոր գործիք՝ Էթիկայի հանձնաժողով եւ Արդարադատության խորհուրդ: Սեպտեմբեր ամսից մտադիր ենք լրջորեն ակտիվացնել այս մարմինների աշխատանքը եւ վստահեցնում եմ, որ դուք դրա ականատեսը կլինեք:

– 2008 թ. հունվարի 1-ից մեր երկրում սկսեցին գործել մասնագիտացված դատարանները, որոնք կոչված էին բեռնաթափել առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Մեր դիտարկումներով, տեղի է ունենում հակառակ գործընթաց, առաջացել է խառնաշփոթ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Հաշվարկներում մի փոքր սխալվել ենք: Ստեղծել ենք գերծանրաբեռնված մասնագիտացված դատարաններ, իսկ ընդհանուր իրավասության դատարանները թերծանրաբեռնված են: Այս սխալը պետք է ուղղել: Որոշ դեպքերում նույնիսկ կարծում եմ, որ առկա է մասնագիտացված դատարանների վերացման անհրաժեշտություն՝ դրանց փոխարեն միասնական առաջին ատյանի դատարանում մասնագիտացված դատավորներ ունենալով: Այս հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք եւ առաջարկություններ կներկայացվեն հանրապետության նախագահին:

– Սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա Դատավորների միջազգային միության 51-րդ համաժողովը եւ այլ երկրներից Հայաստան կժամանի 300-350 դատավոր: Արդյոք լարված ներքաղաքական իրավիճակը չի՞ հանդիսանա խանգարող գործոն համաժողովը պատշաճ կազմակերպելու համար եւ, ի վերջո, ո՞րն է միջոցառման իրական նպատակը:

– Համաժողովի կազմակերպման ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարված եւ այն կանցնի շատ բարձր մակարդակով: Չեմ կարծում, որ բացասական բան կա նրանում, որ մեր հյուրերը Հայաստանում գտնվելու ընթացքում կարող են ականատես լինել հանրահավաքի կամ խոսքի ազատության իրավունքի արտահայտման որեւէ այլ ձեւի: Հյուրերի մեծ մասը ժամանելու է դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներից եւ նման բաները նրանց հաստատ չեն զարմացնի: Դատավորների միջազգային միության համաժողովները հարմար հարթակներ են աշխարհի տարբեր երկրների դատական իշխանությունների ներկայացուցիչների համար մասնագիտական շփումներ ունենալու, միմյանց «հոգսերին» ծանոթանալու:

– Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Հայաստանի դատարանները քանի՞ մեղադրական եւ քանի՞ արդարացման դատավճիռներ են կայացրել: Արդյոք, միջազգային կառույցները չե՞ն ազդում դատական պրոցեսների վրա:

– Միջազգային կառույցների արձագանքներն ինքնին ուղղակի ազդեցություն չեն կարող ունենալ դատական պրոցեսների վրա, քանի որ դրանք մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չեն, իսկ դատարանները ղեկավարվում են օրենքով: Սակայն անուղղակիորեն դատական գործընթացների վրա դրանք ազդեցություն ունենում են, քանի որ նման արձագանքները չեն կարող չարժանանալ գործադիր իշխանության (հատկապես՝ դատախազության) ուշադրությանը, իսկ դատախազության դիրքորոշումները որոշ դեպքերում ունեն վճռորոշ նշանակություն դատավարության համար (օրինակ՝ մեղադրանքից հրաժարման դեպքը):

Ձեր հիշատակած գործերով մինչ օրս ունենք 68 մեղադրական դատավճիռ, իսկ 9 մեղադրանքների մասով դատարաններն անձանց արդարացրել են: Գործընթացը շարունակվում է, կարծում եմ՝ այս թվերի դինամիկան փոփոխական կլինի: Ցույց կտա ժամանակը:

– Պարոն Մանուկյան, մեր թերթի հուլիսի 18-ի համարում անդրադարձել էինք «Մատաղիսի գործով» դատավարությանը, ուր փաստաբան Հայկ Ալումյանն ապօրինի է համարել գործը քննող դատարանի կազմը: Ի՞նչ պարզաբանումներ կտաք այդ մասին:

– Այս գործով դատարանի կազմում ընդգրկված են մասնագիտացված դատարանի մեկ եւ ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ: Դատական օրենսգրքի համաձայն՝ այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների թվի անբավարարության պատճառով, Վճռաբեկ դատարանի նախագահն իր որոշմամբ նույն ատյանի դատավորին կարող է գործուղել այդ դատարան: Հյուսիսային քրեական դատարանում դատավորների գերծանրաբեռնվածության պատճառով ստեղծվել էր մի իրավիճակ, որում անհնար էր այդ գործի քննությունն առանց գործուղված դատավորների: Ահա սա է եղել նման դատական կազմի ձեւավորման պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել