Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ «ԲԵՏՈՆԱՑՄԱՆԸ»

Փետրվար 14,2009 00:00

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Մերուժան Մինասյանի դիտարկումները

2007թ. երիտասարդ ճարտարապետ Մերուժան Մինասյանն իր մի քանի համախոհներով հիմնադրեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, որի կարգախոսն է՝ «Պարզությունն ու որակը հարմարավետության գրավականն են»: Մ. Մինասյանը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ուսանող ընկերներով մասնակցել են ճարտարապետական ոլորտի մրցույթի եւ երկրորդ մրցանակային տեղ շահել՝ ԱՊՀ մասշտաբով: Դրան հաջորդել է թուլուզյան մի մրցույթ, որտեղ էլ երրորդ տեղն են գրավել: «Սկսեցինք հավատալ, որ կարող ենք ինչ-որ բան անել»,- ասում է Մերուժանը, որը կատարելագործվել է նաեւ Նյու Յորքում: Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանն (ՀՊՃՇՀ) ավարտելուց հետո ընկերներով հիմնել են «Ստորակետը»: «Ես, Պետրոսյան Նարբեն եւ Մանուկյան Սոնան սկզբում փոքր գործեր էինք անում, մի օր էլ «Առավոտում» տեսանք, որ «Ամերիան» մի մրցույթ է հայտարարել: Որոշեցինք մասնակցել, հետո եզրափակիչում հայտնվեցինք Հայաստանի մեծ ինստիտուտներից մեկի հետ ու վերջում էլ հաղթեցինք»,- պատմում է Մ. Մինասյանը:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է Երեւանի այսօրվա ճարտարապետական նկարագրի մասին: «Երեւանը աշխարհի բոլոր քաղաքների նման իր բնականոն կյանքն է ապրում: Ինչպես բոլոր խոշոր քաղաքներում, այստեղ էլ տեսնում ենք տարբեր ոճեր ու գծեր: Բայց եթե եվրոպական քաղաքներում այդ բազմազանությունն ինչ-որ իմաստով կանոնակարգված է, մեզ մոտ պատկերն այլ է: Բանն այն է, որ անկախությունից հետո միանգամից գումարների մեծ հոսք եղավ ոլորտ, դրան զուգահեռ էլ՝ վերահսկողությունը պակասեց: Հետո մասնագետներն էլ մի տեսակ անպատրաստ էին ու անվերահսկելի իրենց գործողություններում»,- պատասխանեց Մ. Մինասյանը:

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե ճարտարապետների երիտասարդ սերնդի մտածողությանն ու գործողություններին ավագ սերնդի կոլեգաները խանդով են վերաբերվում, մեր զրուցակիցը հայտնեց. «Ինձ համար ավագ սերունդը երկու խմբի է բաժանվում. մարդիկ, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակ ստացած գիտելիքներից ու ձեւավորած մտայնությունից դուրս ոչինչ չեն ճանաչում, եւ ճարտարապետներ, որոնք ավելի ճկուն են մտածում ու գիտակցում, որ տենդենցներն աշխարհում այլեւս ուրիշ են: Ինչ-որ առումով ավագ սերնդի ճարտարապետների վերջին խմբի ներկայացուցիչների շնորհիվ է, որ երիտասարդներս աշխատանք ունենք, նրանք չունեն որեւէ բարդույթ, հաշվի են նստում մեր կարծիքի հետ: Իսկ խանդն ու կոնֆլիկտները մեզ միայն օգնում են: Ի դեպ, նույնն է վիճակը նաեւ ՀՊՃՀ-ում եւ դա վատ չէ: Թող ուսանողը երկու մտայնությունների բախումը տեսնի, եւ ինքը որոշի՝ որն է ճիշտը…»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում շրջանառության մեջ դրված «էլիտար շենք» հասկացությանը, Մ. Մինասյանը պատասխանեց. «Շուրջ 4-5 տարի է, այդ «էլիտարը» սողոսկել է մեր կյանք, մշակույթ, կենցաղ, տարբեր ոլորտներ… Ո՞վ է ասել, որ եթե մեկի կյանքն այնպես է դասավորվել, որ պիտի վերը նշված պիտակը կրող շենքում ապրի, ուրեմն ինքը «էլիտար» է: Ես, որպես ճարտարապետ, գոնե գիտեմ, թե այդ տիպի շենքերից որոշները ճարտարապետական ինչ խնդիրներ ունեն»:

Մ. Մինասյանին հարցրինք՝ հաճա՞խ է պատահում, որ պատվիրատուն միջամտի իրենց գործունեությանը: Նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ «Ստորակետը» հրաժարվում է պատվիրատուի կամակատարը լինել, բայց պատահում են նաեւ վառ երեւակայությամբ այնպիսի պատվիրատուներ, որոնց մտածածը պատրաստ են չնչին փոփոխություններով կյանքի կոչել: «Օրինակ, երբ մենատուն ենք կառուցում, անպայման անում ենք պատվիրատուի հետ միասին, դա նրա տունն է՝ ի վերջո: Ինչ վերաբերում է այլ տիպի կառույցներին, դրանց վրա պատվիրատուի կնքը դնելը սխալ է, պիտի բացատրես, որ չարժե կրկնօրինակել Արաբական Միացյալ Էմիրություններում իր տեսածը, որ կարող ենք մեր ազգայինն էլ նոր շնչով մատուցել»,- ասում է «Ստորակետի» հիմնադիրը:

Մ. Մինասյանը կարծում է, որ ժամանակն է նախագծել այնպիսի շենքեր, որոնցում մեծ տեղ տրվի կանաչ գոտուն, թե չէ՝ համատարած «բետոնացումը» ահռելի չափերի է հասել Երեւանում: Ու, նրա համոզմամբ, իշխանություններն իրենք պիտի այդպիսի պայման դնեն. «Եթե ոմանք ուզում են, դիցուք, 20 հարկանի շենք կառուցել, թող կառուցեն, բայց ճարտարապետը մտածի, սահմանված չափի կանաչը ինչպես է տեղավորելու եւ որտեղ՝ տանիքի՞ն, պատշգամբներո՞ւմ, թե՞ մի ուրիշ տեղ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել