Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Փետրվար 21,2009 00:00

Նախկին ազատամարտիկ Աշոտ Գալստյանը վստահ է, որ մարդուն պետք է միշտ հիշել ու գնահատել

17 տարի առաջ ստեղծվեց ազգային բանակը: Բանակ, որի կազմավորումը համընկավ դժնդակ տարիների ու պատերազմի հետ: Բանակաշինության ոլորտում իրենց զգալի ներդրումն ունեցած մարդիկ այսօր մոռացված են: Կապանցի Աշոտ Գալստյանն էլ այն մարդկանցից է, որ անկախության արժեքը կարեւորելով, կյանքը վտանգի ենթարկելով՝ արցախյան գոյամարտի տարիներին մեկնել էր ռազմի դաշտ: «1994 թվականի հունվար ամիսն էր, երբ Հորադիզից բարձր ջերմության մեջ վերադարձա տուն,- այսպես սկսեց իր զրույցը Աշոտ Գալստյանը:- Գիշեր էր, երբ տուն հասա, թեեւ զինվորական շորերով էի, ցեխոտ եւ չսափրված, բայց փոքր դստրիկս՝ յոթամյա Վիոլետը, ճանաչեց ու անմիջապես թռավ գիրկս»:

Ձյան, անձրեւի ժամանակ խրամատներում անցկացրած օրերը իրենց հետքը թողել են կամավորական ջոկատի մարտիկ Աշոտի վրա: Տուն գալուց երկու օր անց՝ թոքերի բորբոքումից բուժվելու համար պառկեց Կապանի հիվանդանոցում: Նույնիսկ հիվանդանոցում ուշքնումիտքը ռազմի դաշտն էր ու մարտական ընկերները: Փորձեց բուժումը կիսատ թողնել, բայց բժիշկները արգելեցին: Կապանի մեքենաշինական գործարանում էր աշխատում, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Կապանը ռմբակոծվում էր, եւ զենք չվերցնել ու սահմանների պաշտպանությանը չմասնակցել՝ չէր կարող: Այսօրվա պես հիշում է, թե քանի անգամ է կյանքը մազից կախված եղել, քանի անգամ է մահից մի կերպ փրկվել:

«Ցերեկ էր: Ճակատեն գյուղից ներքեւ գտնվող դիրքերում էի, երբ թշնամին նկատեց ինձ: Դիրքերում գտնվող տղաներից մեկը գնաց հաց բերելու, փորձեցի այնպես անել, որ թշնամին չնկատի տղային, բայց հակառակորդը նկատեց ինձ, եւ անմիջապես գլխիս գնդակների տարափ թափվեց, մի կերպ հասցրի ինձ նետել խրամատը: Էլ հող ու քար, էլ ինչ ասես, որ չէր թափվում գլխիս: Մարտական ընկերներս ինձ արդեն մահացած էին համարում: Մեր տղաների պատասխան կրակից հետո միայն հակառակորդը հանդարտվեց, ու ինձ հանեցին խրամատից: Մի քանի օր ուշքի չէի գալիս»,- պատմում է նախկին ազատամարտիկը:

Սա Աշոտ Գալստյանի մարտադաշտում անցկացրած օրերից միայն մեկ դրվագ էր: Քանի՜-քանի նման օրեր են եղել, քանի զինվորների կյանք է փրկել: Պատմելու շատ բան ուներ, բայց բավարարվեց մեկ-երկու պատմություն անելով: Գուցե համեստությունն էր պատճառը, որ զրույցի ընթացքում Աշոտը պարբերաբար ասում էր՝ «ինձանից ավելի արժանավոր մարդիկ կան, ում հետ կարելի է հարցազրույց ունենալ: Ես մարտի դաշտ մեկնել եմ կամավոր, մեկնել եմ իմ ընտանիքի ու հայրենիքի համար եւ երբեւէ շքանշանների չեմ էլ սպասել: Ցավն այն է, որ այսօր շքանշանների այնպիսի մարդիկ են արժանանում, որոնց անունները լսելիս ուղղակի զարմանում ես: Փոխարենը այսօր շատ մարդիկ կան, որոնց արածը իսկապես գնահատանքի է արժանի»:

Շատ զինվորների է օգնել ու որդու պես նայել: Տարիների հեռվից հիշում է Մելիք անունով մի զինծառայողի: Այսօր, դժբախտաբար, ողջ չէ Մելիքը, բայց ինքն այդ երիտասարդին մոռանալ երբեք չի կարող. «Մելիք Մելիքյան էր անունը՝ Իջեւանից էր: Մայրն իր որդու մասին տեղեկություններ ստանալու համար ամեն օր զանգում էր մեր տուն: 19-ամյա Մելիքի ծնողին հավաստիացնելով, որ իր որդու հետ ամեն ինչ լավ է, րոպեներ անց իմացա չարագույժ լուրը՝ Մելիքը զոհվել էր: Այդ ժամանակ ես հիվանդանոցում բուժվում էի: Խոհարար էր Մելիքը, բայց կռվի թեժ պահին թողեց խոհարարական բոլոր պարագաները եւ զենք վերցրեց»:

Որ Աշոտը զինվորների նկատմամբ հոգատար էր, վկայում է նաեւ նրա կինը՝ Դիանան: Տիկին Դիանան պատմում է, որ քիչ չէին դեպքերը, երբ Աշոտը տուն էր գալիս երկարաճիտ կոշիկները բոբիկ ոտքերին հագած եւ ամեն անգամ կնոջ՝ «որտե՞ղ են գուլպաներդ» հարցին նույն պատասխանն էր տալիս՝ «տվել եմ տնից-տեղից հեռու զինվորի»: Քանի անգամ էր տիկին Դիանան ամուսնու հետ զինծառայողների համար քաղցրեղեն եւ այլ սնունդ ուղարկել:

Տիկին Դիանան պատմում է, որ ամեն օր մարտի դաշտից վատ լուրեր էր ստանում, բայց սրտի խորքում հավատում էր, որ ամուսինը ողջ եւ առողջ տուն կգա: Իսկ մարտական գործողությունների ընթացքում ամուսնու կյանքին սպառնացած վտանգների մասին նա իմացավ միայն ամուսնու հետ մեր զրույցից՝ «Դժվարին ու ծանր օրեր էին: Ամեն օր զոհեր ու վիրավորներ: Քանի՜- քանի մարդու կյանք խլեց պատերազմը»:

Աշոտ Գալստյանի ու նրա կնոջ համար հիշողությունները ցավոտ են, բայց երբեք չեն տրտնջացել, չեն ընկճվել: «Այլ կերպ չէի կարող: Իմ տեղը մարտի դաշտում էր: Թեեւ գիտեի, որ ընտանիքիս անհանգստությունը մեծ է, իսկ կարոտը երկուսիս էլ տանջում եւ ուղղակի խեղդում է, բայց զենքը վայր դնել չէի պատրաստվում»,- հիշում է Աշոտ Գալստյանը:

Այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր փոքրիկ դուստրը շենքի բակում սպասում իրեն: Արցախյան պատերազմի շարքային կամավոր Աշոտ Գալստյանը 1994 թվականից այսկողմ աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում: Հանքափոր է: Ասում է, որ շատ դժվարությունների առաջ է կանգնել, օգնության կարիք զգացել, բայց երբեք ոչ մեկին չի դիմել: «Մարդուն հիշում են, երբ անհրաժեշտ է, բայց այսօրվա պայմաններում նույնիսկ մի փոքր ուշադրության էլ չես արժանանում»,- ամփոփեց Աշոտ Գալստյանը, բոլորին մաղթելով մեկ բան՝ խաղաղություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել