Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Գրիգորյանը՝ իր սիրահարված ու անզուսպ վիճակների մասին

Փետրվար 24,2009 00:00

\"\"Ըստ նրա, այդ վիճակները վերա ցան, երբ մեծացավ

Եկեղեցի՞, դիսկոտե՞կ, թե՞ ստրիպ ակումբ…

Իմ ժամանցը ընտանիքիս հետ եմ կազմակերպում, երեխաներս շատ են սիրում եկեղեցի գնալ, եթե ժամանակ եմ ունենում՝ միասին գնում ենք, հատկապես այն եկեղեցիները, որտեղ երբեք չենք եղել: Հայաստանի տարբեր մարզեր, Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ Ջավախք եմ տանում երեխաներիս, որ ծանոթացնեմ հայկական հուշարձաններին… Սակայն լինում են դեպքեր, երբ միջոցառման են հրավիրում, որն անցկացվում է դիսկոտեկում, ստիպված եմ գնում, որովհետեւ չեմ սիրում նման վայրեր հաճախել: Դարձյալ ստիպված, մի անգամ ստրիպ ակումբ գնացի, ինձ համար տհաճ էին ոչ միայն այդ ակումբի ընդհանուր վիճակը, այլեւ կիսամերկ պարուհիները: Որոշ դեպքերում ճանաչումը խոչընդոտ է հանդիսանում, մարդիկ մոտենում են, սկսում հարցեր տալ եւ ավելի շատ խանգարում են, թե չէ՝ այստեղ ամոթալի որեւէ բան չեմ տեսնում: Ընդհանուր առմամբ, ճանաչված լինելը լավ բան է, որովհետեւ լավ հատկանիշների համար են ճանաչում, այլ ոչ թե, որպես հանցագործ կամ վատ մարդ:

Մի քիչ գիժ ու խենթ սիրահար

\"\"Սիրելը, սիրահարվելը խենթության հետ անմիջական կապ ունի: Հատկապես երգիչը, երաժիշտը, արվեստի հետ կապ ունեցող մարդիկ շատ ավելի էմոցիոնալ են եւ ինչքան էլ փորձեն թաքցնել իրենց զգացմունքները, միեւնույն է, այդ խենթությունը նրանց, այդ թվում՝ իմ մեջ կա: Ես մի քիչ էլ գիժ եմ, որովհետեւ սասունցի եմ: Ինձ համար սիրելը փոքր տարիքում այլ է եղել, քանի որ սիրահարված ու անզուսպ վիճակներ իմ կյանքում շատ են ստեղծվել, բայց երբ մեծացա՝ անզուսպ վիճակները վերացան… Իրական սերը իմ ու կնոջս՝ Սոնայի սերն է, որ բարձրաձայն կարող եմ ասել: Հայտնագործություն արած չեմ լինի, բայց սիրահարված լինելն ու սիրելը բոլորովին այլ բաներ են: Երբ նշանված էինք Սոնայի հետ՝ շատ խենթություններ ենք արել, օրինակ՝ ամբողջ գիշեր փողոցներով քայլել ենք, մի անգամ երկար քայլելուց հետո լուսաբացին տրամվայ ենք նստել, նրան տուն եմ ուղեկցել: Մինչ մեր հարաբերությունները սկսելը՝ Սոնան միշտ իմ համերգներին ներկա է եղել, բայց նրան վերաբերվում էի հասարակ հանդիսատեսի պես: Համերգի տեսաձայնագրություններում էլ Սոնան երեւում է, բայց դրանից որոշ ժամանակ անց նրան նկատել եմ կոնսերվատորիայի դիմաց: Ես ասպիրանտուրայում էի սովորում, իսկ Սոնան ուսանող էր, նրան նկատելով՝ իմ մեջ ինչ-որ բան կատարվեց, հետո փորձեցի մեր ընդհանուր ընկերուհու՝ Արուսիկի միջոցով Սոնայի հետ հանդիպել: Այդ հանդիպման համար բավականին երկար փորձեր եմ արել, Սոնան չէր համաձայնում ժամադրությանը, բայց ես խենթ եմ, քանի որ զգացել էի՝ նա իմ կեսն է, որին երկար եմ փնտրել: Այդ պրոցեսը նույնիսկ մի քանի ամիս ձգվեց ու վերջապես Արուսիկին հաջողվեց մեր հանդիպումը կազմակերպել: Ժամադրվել էինք այն ժամանակ գործող «Շուշան» սրճարանում: Սոնան 10 րոպեով էր եկել, բայց 10 րոպեն դարձավ 10 տարի, այսինքն՝ մինչ օրս: Արդեն երեք երեխա ունենք, բայց այդքանով չենք ուզում սահմանափակվել:

Ամերիկացիներին տվել ու անցել ենք

Հայաստանցիներս այսօր խնդիր ունենք պարզաբանելու եվրոպական եւ ամերիկյան արժեքները, դրանք տարբեր բաներ են, նույնիսկ Ամերիկայում եվրոպական արժեքները շատ բարձր են գնահատում: Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոպական բազմաթիվ երկրներում եմ եղել ու շատ տարբերություններ նկատել: Մեզ մոտ, դժբախտաբար, վերցնում ենք այն ամենը, ինչը ընդունված չէ Եվրոպայում կամ էլ ընդունված է, բայց արժեք չի ներկայացնում: Կամ հաճախ է լինում, այլ երկրներից բաներ ենք վերցնում եւ դա համարում ենք զարգացման նշան, օրինակ, փողոցում տեսնում եմ՝ տղաներն այնպիսի տաբատներ են հագնում, որ իրենց վրայից ընկնում է ու հետույքները կիսով չափ բաց է մնում, չեմ հասկանում, դա ի՞նչ գեղագիտական հաճույք է: Երեւի մի ամերիկացի գոտի չի ունեցել, տաբատն էլ մեծ է եղել ու թքած է ունեցել հասարակական կարծիքի վրա, դեռ մի քանի դաջվածք էլ հետույքին է արել ու այդպես ման է եկել, մերոնք էլ տեսել ու կրկնօրինակել են: Մի՞թե կարելի է նման բանը վերցնել եւ Հայաստանում տարածել: Եվրոպայում շատ բարձրարժեք բաներ կան, որ կարելի է վերցնել, հասարակ մի բան՝ գնացեք Եվրոպա՝ տեսեք, թե մարդիկ ինչպես են ավտոմեքենա վարում, անկախ նրանից՝ կարմիր լույս է վառվում, կանաչ, թե այլ գույնի, եթե մարդ է փողոցով անցնում, ավտոմեքենաները միանգամից կանգնում են: Եկեք սովորենք ժպտալ, մեկս մյուսին հարգել, սիրել, Եվրոպայում դա համակարգված մշակույթ է, եւ այդ մոտեցումը նստած է յուրաքանչյուրի մեջ, եկեք դա վերցնենք: Իմ կարծիքով, Եվրոպայից շատ բան ունենք սովորելու ու ներմուծելու, դա ամոթ չէ, բայց պետք է ճիշտ ընտրենք:

«Ժողովրդական» բարկություն

Բարեբախտաբար, երբեւէ ինձ դավաճանված չեմ զգացել: Հարցեր են լինում, որ մարդիկ ինձ հետ համաձայն չեն լինում, բայց չեմ ուզում դրան անուն դնել, իսկ դավաճանությունը սարսափելի բան է: Փորձում եմ ապրել այնպես, ինչպես որ կամ ու իմ շուրջը կատարվող երեւույթներին իմ տեսանկյունից եմ նայում, եթե ինչ-որ մեկն իմ նկատմամբ սխալ է գործել՝ համարում եմ, որ սխալվել է, երբեք չեմ ուռճացնի, թե ինձ դավաճանել են կամ ոտքիս տակն են փորել եւ այլն: Եթե տեսնում եմ, որ մարդիկ մի քանի անգամ սխալ են գործում, նրանց հետ կապերս խզում եմ, չնայած այդ առումով համբերատար եմ եւ ավելի շատ բարկանում եմ, երբ անազնիվ կամ ոչ ճիշտ բան եմ տեսնում՝ հատկապես ժողովրդական երգարվեստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել