Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԺԻՏԸ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐԱՀԱՐՍԻ ՆԱՄՈՒՍՆ ՈՒ ՊԱՏԻՎՆ ԷՐ

Փետրվար 26,2009 00:00

\"\"Այժմ օժիտ տալու ավանդույթը գրեթե վերացել է

«Աղջկաս այնպիսի օժիտ պետք է դնեմ, որ սկեսուրի բերանը բաց մնա…». սա յուրաքանչյուր հայ մոր ցանկությունն է:

Հին ժամանակներում օժիտ ասվածն այլ նշանակություն ուներ, եւ եթե որեւէ մեկն աղջիկ էր ամուսնացնում՝ օժիտը պարտադիր էր: Հնում օժիտ էին դնում այն ամենը, ինչ չգրված օրենքով հասնում էր տվյալ աղջկան իր հայրական տնից, օրինակ՝ ամենաքիչը 6 «ձեռք» անկողին, 6 «ձեռք» սպիտակեղեն, սպասքեղեն եւ այլն: Արդիակա՞ն է այսօր օժիտը, պահպանվո՞ւմ են հնուց եկած ավանդույթները եւ ճի՞շտ է օժիտ տալու հանգամանքը, թե՞ ոչ:

«Առավոտի» հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի միջին եւ տարեց սերնդի ներկայացուցիչների մեծամասնության համար աղջկան օժիտ տալը հայկական ավանդույթ է, ու այն չպետք է խախտել: Օրինակ, երեւանցի 76-ամյա Չինար տատի խոսքով՝ օժիտն իսկական գլխացավանք էր. «Հնում հարսի օժիտն ամեն ինչ ասում էր նրա մասին, այսինքն՝ նրա նամուսի, պատվի, ընտանիքի, վարքի ու բարքի մասին: Օրինակ, ինձ օժիտ չեն դրել իմ ծնողները, դրա համար երկար ժամանակ պահանջվեց ինձանից՝ համակերպվելու այդ մտքի հետ եւ խուսափելու ամեն տեսակ բամբասանքներից: Առաջ ես Գառնիում էի ապրում, մեր գյուղում Վարսիկ անունով մի աղջիկ կար, հարեւան գյուղ հարս գնաց, ծնողներն այնքան էլ ունեւոր չէին եւ չկարողացան նորմալ օժիտ դնել աղջկան: Մի քանի ամիս անց նրան ետ ուղարկեցին՝ պատճառաբանելով, թե գյուղով մեկ խայտառակ են եղել, որ առանց օժիտի հարս են բերել: Մի ընտանիք էլ կար. աղջկան մե՜ծ օժիտ դրեցին՝ ամեն ինչով, արդյունքում ահռելի պարտքի տակ ընկան, գյուղացիներն էլ հրաժարվեցին այլեւս պարտք տալ նրանց: Է՜հ, քանի-քանի ընտանիքներ են օժիտի զոհ դարձել…»: Կոտայքի մարզի Հացավան գյուղից 67-ամյա Հրանուշն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Այսօր օժիտ հասկացությունն այլեւս արդիական չէ, մի կողմից դա շատ լավ է, որովհետեւ ավելորդ անհանգստություն է, մտածմունք: Բայց մյուս կողմից էլ վատ է՝ նեղվում ես, որ աղջկադ հետ միայն իր հագնելու շորերն ես դրել: Իմ մայրն ինձ լավ օժիտ դրեց, այդ թվում եւ ննջասենյակի կահույք, ինչն այն ժամանակ ճոխություն էր: Մի քանի ամիս առաջ էլ ես աղջկաս ամուսնացրի, նրա սկեսուրն անձամբ ինձ խնդրեց, որ նման բաների մասին չմտածեմ: Ասաց՝ մեր ժամանակներում ուրիշ էր, հիմա ուրիշ է, իզուր ծախսի տակ մի ընկիր»: Գյումրիից 53-ամյա Դուխիկն էլ շեշտեց. «Ես երկու աղջիկ եմ ամուսնացրել: Մեծիս օժիտ չդրեցի, 5 տարի անց էլ փոքրս ամուսնացավ: Մինչեւ փոքրիս ամուսնացնելն ինձ տանջում էր այն միտքը, որ մեծ աղջկաս օժիտ չեմ տվել: Որոշեցի՝ փոքրին պարտադիր դնել: Դրեցի եւ արժանացա սկեսուրի դժգոհություններին եւ բամբասանքներին, նրա կարծիքով լավ օժիտ չեմ տվել: Արդեն չեմ հասկանում, թե ինչն է ճիշտ՝ օժիտ դնե՞լը, թե՞ չդնելը»: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի 54-ամյա բնակիչ Փառանձեմն էլ դժգոհեց. «Աղջկան օժիտ տալը սխալ է, որովհետեւ, եթե օժիտ ես դնում, ուրեմն տեղը տեղին պետք է դնես, իսկ եթե կիսատ-պռատ է՝ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չտալ. աղջկադ հետ միայն իր ճամպրուկը դիր եւ վերջ: Օժիտս ո՞րն է: Պահում, գուրգուրում, մեծացնում, ուսման ես տալիս, դաստիարակում ես աղջկադ, հանկարծ որտեղից որտեղ հայտնվում է մեկը եւ տանում իր տուն. դա դեռ հերիք չէ, մի հատ էլ նրա հետ օժիտ դնե՞ս՝ անկողին, մահճակալ, կահույք… Միայն հայերը նման բան կանեն: Դու աղջիկ ես տալիս, թող տղատերերն էլ ապահովեն մնացյալը»: Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղից 41-ամյա Նվարդն էլ այն կարծիքին է, թե օժիտ դնելը զուտ հայկական ավանդույթ է. «Հայերս ավանդապաշտ եւ ավանդակիր ժողովուրդ ենք: Եթե այսօր հրաժարվենք մեր սովորություններից, վաղը չէ մյուս օրը «կարմիր խնձորից» էլ կհրաժարվենք: Եթե մեր մայրերն ու տատերը մեզ օժիտ են դրել, ուրեմն մենք էլ մեր երեխաներին եւ թոռներին պետք է օժիտ դնենք, օժիտը ամեն մի նորահարսի պատիվն ու նամուսն է»: 59-ամյա գավառցի Արփիկն էլ համոզված է. «Ինչի ենք փորձում մեզ վերագրել այնպիսի ավանդույթներ, որոնք մերը չեն, օտար են մեզ. ռուսը միգուցե օժիտ չի դնում, եվրոպացին նույնպես, բայց հայ կինը, որը մայր է, ինչպես կարող է ամեն գիշեր հանգիստ գլուխը բարձին դնել ու քնել՝ իմանալով, որ աղջկան ամուսնացնելիս օժիտ չի տվել: Մի՞թե հաճելի կլինի լսել աղջկա «որակավորումը»՝ անօժիտ»:

Չնայած միջին եւ ավելի տարիքի կանայք համոզված էին, որ աղջկան օժիտ տալու ավանդույթը ճիշտ է ու շարունակական, այս ամենին հակառակ արտահայտվեցին երիտասարդները: Օրինակ, տղաներից հետաքրքրվեցինք՝ կամուսնանա՞ն այնպիսի աղջկա հետ, որը չի պատրաստվում իր հետ օժիտ տանել: Բոլորի կարծիքն էլ նույնն էր, նրանց խոսքերով՝ կարեւորը սերն է ու միմյանց նկատմամբ հանդուրժող, հավատարիմ լինելը: 29-ամյա Գեղամն այս առիթով ասաց. «Հիմա ձեւը փոխվել է: Այն ժամանակ աղջկան օժիտ էին տալիս, որ սկեսուրը երեսով չտար, հիմա աղջկան օժիտ են տալիս, որ փեսային իրենցով անեն: Նաեւ այժմ առաջվա պես աման-չաման, անկողին ու սրբիչների հավաքածու չեն տալիս: Հիմա օժիտ են տալիս միայն հարուստ պապաները, այն էլ մեքենաներ, բնակարան Հյուսիսային պողոտայում, ամառանոց արտասահմանում, գործարաններ ու հիվանդանոցներ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել