Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՍՏԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում երեկ կայացած ընտրությունները… չկայացան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Առավոտի» մայիսի 1-ի համարում, երեկ պիտի կայանային ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները: Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքիր զարգացումներ էին եղել մինչ ընտրությունները՝ սպասելի էր, որ ընտրության օրն էլ միապաղաղ չի ընթանա:

Հիշեցնենք, որ դեկանի պաշտոնին հավակնում էին երեքը՝ արեւելագիտության ֆակուլտետի ներկայիս դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գուրգեն Մելիքյանը, նույն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը եւ նույն ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դոցենտ, երկար տարիներ այդ ամբիոնը ղեկավարած, բանասիրական գիտությունների թեկնածու Սամվել Կարաբեկյանը: Հիշեցնենք նաեւ, որ վերջին երկու թեկնածուների համար ոչ այնքան հաճելի անակնկալ էր մինչ այդ իր առաջադրումը բացառած Գուրգեն Մելիքյանի՝ հերթական անգամ ֆակուլտետի դեկան դառնալու ցանկությունը, ինչպես նաեւ՝ իրարանցման հիմք էր հանդիսացել Մեծ խորհրդի կազմը, որը պետք է կատարեր ընտրությունը:

Կազմը մինչեւ երեկ հնարավորինս շտկվել էր, եւ այս առումով առանձնապես խնդիրներ չառաջացան:

Ընտրությունները կայանում էին լեփ-լեցուն դահլիճում, որտեղ մեծամասնությունը ուսանողներ էին: Ակնհայտորեն ուսանողների հիմնական մասի համար միակ ընդունելի թեկնածուն Գուրգեն Մելիքյանն էր: Ե՛վ դահլիճում տիրող մթնոլորտն էր դրա մասին խոսում, ե՛ւ միջանցքների խոսակցություններն էին ապացուցում դա: Նրանց հուզում էին իրենց ապագա պլանները՝ կապված Գ. Մելիքյանի հետ՝ «կգնա՞նք արշավների, թե՞ չէ», «կօգնի՞ մեզ՝ վարձավճարների հետ կապվա՞ծ, թե՞ չէ», եւ վերջապես՝ «կզգա՞նք մենք նրա հայրական ներկայությունը, թե՞ չէ…»: Այսինքն՝ Գուրգեն Մելիքյանի դեկան մնալը արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների մեծամասնության համար շատ կարեւոր էր ու ցանկալի՝ հուզական եւ զգացական առումով: Կային, իհարկե, նաեւ ավելի շատ բանականությանը, սթափությանը տեղ տվող ուսանողներ, որոնք կոչ արեցին ընտրել Գառնիկ Ասատրյանին, քանի որ «հարկավոր են թարմ գաղափարներ, նոր մարդիկ, երիտասարդ ուժեր», «Գ. Ասատրյանը մեծ գործ կարող է անել ամբողջ ֆակուլտետի համար, ինչպես հիմա անում է իր ամբիոնի համար» եւ այլն…

Արաբագիտության ամբիոնի մի քանի ուսանող էլ կարծում էին, որ եթե Սամվել Կարաբեկյանը չհետապնդվեր իր քաղաքական հայացքների համար, ապա նա ավելի մեծ շանսեր կունենար ընտրվելու:

Բուն ընտրության ընթացքը բավականին հետաքրքիր անցավ: Սկզբում թեկնածուները, այբբենական կարգով, կանոնակարգի համաձայն, ներկայացրեցին իրենց ծրագրերն ու անցած ուղին: Հետաքրքիր է, որ վերջում հանդես եկած թեկնածուն՝ ներկայիս դեկան Գուրգեն Մելիքյանը, շատ հարցերում կրկնում էր մինչ իրեն ելույթ ունեցածներին, քանի որ այն, ինչը վերջիններս ներկայացրել էին որպես իրենց կատարած աշխատանք՝ ամբիոնի վարիչի պաշտոնում (Ս. Կարաբեկյանը ամբիոնը ղեկավարել է մինչեւ վերջին մեկ տարին), Գ. Մելիքյանը ներկայացրեց որպես իր՝ դեկանի կատարած աշխատանք: Թեեւ չմոռանանք նկատել, որ աշխատանքների որոշ մասը, ասենք՝ մի քանի միջազգային գիտաժողովների անցկացումը, կատարվել էր մասամբ նաեւ «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցությամբ:

Թեկնածուները նաեւ պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, լսեցին այլ դասախոսների, ուսանողների եւ ռեկտորի ելույթը: Չգիտես ինչու, այս անգամ էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անդրադարձավ ֆինանսական խնդիրներին, այն բանին, որ դասախոսների աշխատավարձը ցածր է եւ այլն… Դժվար է ասել, թե ի՞նչ կապ ուներ դա դեկանի ընտրության հետ: Իսկ այն, որ պարոն Սիմոնյանին դուր չէր եկել դասախոսներից մեկի ռեպլիկը Գառնիկ Ասատրյանի մասին, թե վերջինս «բացառիկ գիտնական է», ինչ-որ առումով հասկանալի է՝ Արամ Սիմոնյանի մասին՝ ինչ-ինչ, բայց «բացառիկ գիտնական» ոչ ոք, նույնիսկ ամենաշողոքորթ ուսանողը չի ասի…

Հետաքրքիր էր արաբագիտության ամբիոնի դասախոս Արա Հարությունյանի ակնարկը: Մինչ պարոն Հարությունյանը՝ ելույթ ունեցողները, ովքեր պաշտպանում էին Գուրգեն Մելիքյանի թեկնածությունը, նշում էին, որ Մելիքյանը շատ էլ երիտասարդ է, դեռ առույգորեն կղեկավարի ամբիոնը եւս 5 տարի եւ այլն՝ 73 տարեկանը ի՞նչ է, որ… Արա Հարությունյանն էլ հարց ուղղեց՝ «երբ ինձ տվեցիք ընդամենը 52-53 տարեկան Շահեն Լեւոնիչի տեղը (խոսքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանի մասին է- Մ. Բ.), ասում էիք, թե թարմացում, երիտասարդացում է պետք, հիմա ինչի՞ մասին է խոսքը…»

Յուրօրինակ մոտեցում ուներ նաեւ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը. նշելով, որ անչափ հարգում է բոլոր թեկնածուներին, հատկապես «բացառիկ արեւելագետ» Գառնիկ Ասատրյանին, սակայն ընտրելու է Գուրգեն Մելիքյանին, նա ասաց. «Հիմիկվանից ասեմ, որ հինգ տարի հետո էլ չեմ դնելու իմ թեկնածությունը եւ կոչ եմ անում Սամվել Կարաբեկյանին նույնպես՝ հինգ տարի հետո չդնել իր թեկնածությունը, որպեսզի Գառնիկ Ասատրյանը զբաղեցնի իր արժանի տեղը»: Ուսանողներից մեկը հետեւի շարքերից ռեպլիկ թողեց՝ «իսկ եթե հինգ տարուց էլ Գուրգեն Մելիքյանը առաջադրվի՞…»:

Ելույթներից հետո սկսվեց քվեարկությունը: 36 հոգանոց Մեծ խորհրդից ներկա էր 34-ը: Նրանցից 17-ը քվեարկել էր Գուրգեն Մելիքյանի օգտին, 12-ը՝ Գառնիկ Ասատրյանի, 4-ը՝ Սամվել Կարաբեկյանի, 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Քանի որ ընտրությունը կայացած համարվելու համար անհրաժեշտ էր ձայների կեսից ավելին, այսինքն՝ 17+1 ձայն, որոշվեց, որ պետք է կայանա 2-րդ փուլ:

2-րդ փուլում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Գառնիկ Ասատրյան՝ 17, Գուրգեն Մելիքյան՝ 16: Մեկ հոգի «բոլորին դեմ» էր:

ԵՊՀ կանոնադրության համաձայն՝ ընտրությունները համարվեցին չկայացած: Այս պարագայում նախատեսվում է, որ ԵՊՀ ռեկտորը կարող է նշանակել դեկանի պաշտոնակատար՝ մեկ տարի ժամկետով: Այնպես որ, կարելի է ասել, որ Գուրգեն Մելիքյանը կպաշտոնավարի եւս մեկ տարի: Սակայն ֆակուլտետում արդեն իսկ առկա են երկատվածության նշաններ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել