Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի կազմի մեջ պետք է լինեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը

Մայիս 12,2009 00:00

\"\"Հարցազրույց «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիեւի հետ

– Ադրբեջանում կա՞ երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում։

– Այդ կազմակերպությունների դերը եւ հնարավորություններն Ադրբեջանում ոչ ադեկվատ են ընկալվում մի քանի պատճառով։ Առաջինն այդ կազմակերպությունների գործունեության, լիազորությունների եւ գործառույթների մասին բավարար տեղեկատվության բացակայությունն է։ Ընդ որում՝ տեղեկատվության բացակայությունը մեծ չափով պայմանավորված է իշխանությունների նպատակասլաց քաղաքականությամբ, որոնք ձգտում են հասարակությունը պահել «տեղեկատվական շրջափակման» մեջ։ Միաժամանակ, էլեկտրոնային ԶԼՄ-ներում կտրուկ նվազեցված է ներկայացվում Ադրբեջանին քննադատող միջազգային կազմակերպությունների դերն ու գործունեության նշանակությունը։ Շատ անհամաչափ է բնակչության տեղեկացվածությունն այս կամ այն կազմակերպության մասին։ Դա կապված է կազմակերպությունների ակտիվության, նրանց նախագծերի եւ publicite-ի հետ։ Մյուս պատճառը Ադրբեջանի հասարակության մոտ միջազգային կազմակերպությունների կարծիքի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը կամ պակասությունն է։ Դա եւս հասարակության նվազ տեղեկացվածության հետեւանք է։

– Հայաստանը եւ Ադրբեջանը միաժամանակ դարձան ԵԽ անդամ եւ ստանձնեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունը։ Արդյոք ԵԽ-ում (օրինակ՝ ԵԽԽՎ-ում) ընդունված որոշումները, նրա առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններն ազդեցություն ունե՞ն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա։

– Այդ փաստաթղթերի ազդեցությունը նվազագույն է։ Առավել հաճախ քննարկումներն ու փաստաթղթերն օգտագործվում են երկու երկրների ընդդիմությունների կողմից ներքաղաքական պայքարում։ Իրենց հերթին, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն անտեսում են ոչ ձեռնտու փաստաթղթերը կամ, հակառակը, չափից ավելի փառաբանում են իրենց համար օգտակար հայտարարությունները, որոշումները եւ այլն։ Օրինակ՝ Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանն անհարմար չզգաց՝ Եվրախորհրդի ամբիոնից հայտարարելու, թե հայերը եւ ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին, որ նրանց հակասություններն անհաղթահարելի են։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի անգամ չէ, որ հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով ազատագրել գրավյալ տարածքները, եւ ոչ ոք չի կարող նրան խանգարել։

Մեկ այլ պատճառ է Եվրախորհրդի՝ հանձնարարական բնույթ ունեցող փաստաթղթերի բովանդակության ոչ ճիշտ մեկնաբանությունը։ Երկրներից յուրաքանչյուրը ջանում է ներկայացնել իրեն ձեռնտու փաստաթուղթը՝ որպես պարտադիր, իսկ ոչ ձեռնտու որոշումները կամ քննադատական փաստաթղթերը՝ որպես ոչ կարեւոր:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Հաշվի առնելով իրադարձությունների հետօգոստոսյան զարգացումները տարածաշրջանում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում՝ այսօր Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու կամ այն ուրիշ կառույցներով փոխարինելու անհրաժեշտություն կա՞։

– Մինսկի խմբի ձեւաչափը չունի սկզբունքային նշանակություն, եթե նրա կազմի մեջ մտնում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը։ Այդ երկու երկրներն են որոշում բոլոր հարցերը, ներառյալ՝ ղարաբաղյանը։ Առաջին հերթին Մոսկվայի եւ Վաշինգտոնի կամքից է կախված Մինսկի խմբի դիրքորոշումը։ Եթե Մինսկի խմբի կազմից հանվի մեկը կամ էլ՝ երկուսը միասին, ապա նրանք իրադրության վրա կազդեն ուրիշ ձեւերով եւ կձախողեն բոլոր պայմանավորվածությունները կամ էապես կխոչընդոտեն դրանց ընթացքը։ Մինսկի խմբի մեջ ուրիշ երկրների ներգրավումը չի կարող ունենալ սկզբունքային նշանակություն։ Իր գոյության տարիներին այդ կառույցը գործնականում վերածվել է կարգավորման սխեմաներ մշակող խմբի եւ ուղեղային կենտրոնի, որը փորձում է համատեղել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխբացառող դիրքերը։ Ժամանակը ցույց տվեց, որ իրական կարգավորումը հնարավոր է միայն կողմերից մեկի լուրջ զիջումների դեպքում։

Սակայն Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած նման քայլը 1998 թվականին դարձավ նրա պաշտոնանկության պատճառը։ Դրա ետեւում կանգնած էին Մինսկի խմբի՝ կարգավորման վերջին պլանը մերժող ուժերը։ Բայց հենց նրանք էլ հայտնվեցին արտաքին ուժերի ճնշման տակ, երբ 1999 թվականին փորձեցին ընդունել հակամարտության կարգավորման ամերիկյան տարբերակը՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու։

– Ժամանակակից միջազգային հարաբերությունների պայմաններում միջազգային ո՞ր կառույցների հետ համագործակցությունն է Ադրբեջանում ընկալվում որպես անհրաժեշտություն սեփական անվտանգության ապահովման համար։

– Հարցը չունի միարժեք պատասխան։ Այդպիսի կազմակերպությունների թվին կարելի է դասել ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, ԱՊՀ-ն։ Բայց այդ կառույցների հնարավորությունների նկատմամբ վստահությունը շատ փոքր է, եւ նման տրամադրությունները հատկապես ուժեղացան Վրաստանի օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ ոչ մի կազմակերպություն չկարողացավ կանխել Ռուսաստանի բացահայտ ագրեսիան Վրաստանի նկատմամբ։

Միաժամանակ, հասարակության մեջ հասունանում է կարծիք, որ անվտանգության հարցում հույսը պետք է դնել այս կամ այն մեծ տերության (օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի)՝ որպես անվտանգության երաշխավորի վրա։ 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո լրջորեն խաթարվել է հավատը ԱՄՆ-ի զորության նկատմամբ, իսկ Ռուսաստանի հետ կապված մտավախությունը՝ աճել։ Ավելի քիչ հույսեր կարելի է կապել Թուրքիայի եւ շատ ավելի քիչ՝ Իրանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել