Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիան՝ պատերազմի եւ ճգնաժամի ժամանակ. ինչպե՞ս լուսաբանել քո՛ պատերազմը եւ ինչպես աչք չփակել քո՛ իշխանության սխալների վրա

Ապրիլ 18,2026 19:00 Share

«Շատ բարդ է գրել պատերազմի մասին: Առավել բարդ է գրել պատերազմի մասին, երբ խոսքը վերաբերում է քո հայրենիքին, քո ազգակիցներին: Դրանից էլ շատ ավելի բարդ է, երբ խոսքը քո հայրենիքի մասին է, որտեղ քո մուտքն արգելված է, որտեղ իշխանությունը պատկանում է մի ռեժիմի, որի պատճառով դու եւ միլիոնավոր քո հայրենակիցներ լքել են հայրենիքը, բայց որը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից…»,- սրանք ծագումով իրանցի, BBC-ի երկարամյա հեռուստամեկնաբան, խմբագիր, ներկայումս մեդիախորհրդատվությամբ զբաղվող Փունե Ղոդուսիի խոսքերն են: Նա երեկ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում. Մեդիան պատերազմի եւ ճգնաժամի ժամանակ» համաժողովի բանախոսներից էր:

Փունե Ղոդուսին

Իր «Կոնֆլիկտի լուսաբանում. կարեկցանքի եւ կողմնակալության սահմանները» թեմայով ելույթի ժամանակ տիկին Ղոդուսին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակման լուսաբանման պրիզմայով ներկայացրեց սեփական կոնֆլիկտների լուսաբանման ընթացքում լրագրողների առջեւ կանգնող խնդիրները: Ինչպե՞ս մնալ չեզոք, երբ կոնֆլիկտի մի կողմը դու ես՝ քո հայրենիքն է, քո հայրենակիցներն են, քո ազգակիցներն են: Ինչպե՞ս «հավասար» բաժանել եթերաժամը կամ հոդվածի ծավալը կողմերի միջեւ, երբ դրանք ոչ միայն կոնֆլիկտի երկու կողմերն են, այլեւ այդ կոնֆլիկտին այս կամ այն ձեւով առնչվող տարբեր շերտեր, որոնց շահերը, հետաքրքրությունները երբեմն բացարձակապես չեն հատվում: Ինչպե՞ս լուսաբանել մի կոնֆլիկտ, երբ դու ինքդ քեզ համարում ես դրա զոհը կամ կողմը, լուսաբանե՞լ, թե՝ կողմ քաշվել:

Փունե Ղոդուսին իր լրագրողական փորձառությունից օրինակներ բերեց, երբ այս հարցերին պատասխաններ գտնելը եղել է չափազանց բարդ եւ ոչ միանշանակ:

Տաթեւիկ Խաչատրյանը

Սրանք հարցեր են, որոնց բախվել են նաեւ հայաստանցի, առավել եւս՝ արցախցի լրագրողները: «Փոդ քաթ» հաղորդման համահեղինակ, արցախցի լրագրող Տաթեւիկ Խաչատրյանն իր «Տեղահանված լրագրություն» վերնագրված պատմության մեջ ներկայացրեց 2023 թվականի բռնի տեղահանումից ինչպես առաջ՝ բլոկադայի ժամանակ, այնպես էլ՝ էթնիկ զտումից հետո, իր եւ իր գործընկերների առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան գործընկերների ջանքերը: «Եվ, չնայած բազմաթիվ ծրագրերին, որոնք ուղղված էին արցախցի լրագրողների ադապտացմանը հայաստանյան իրականությանը, իմ տասնյակ գործընկերներ փոխեցին իրենց աշխատանքային ոլորտը ոչ միայն այն պատճառով, որ ֆինանսապես բարդ է լրագրողի աշխատանքով ապահովել ընտանիքի պահանջները, այն էլ այն դեպքում, երբ վարձով ես ապրում, այլեւ այն պատճառով, որ արցախցիների խնդիրներին անդրադարձող, արցախցիներին ծանոթ եւ հոգեհարազատ արցախյան լրատվամիջոցների մեծ մասն այլեւս չկան, մնացել են «Արցախ TV»-ն եւ step1.am-ը: Իսկ հայաստանյան ԶԼՄ-ներում այդ խնդիրներին անդրադառնալու մեծ պահանջարկ չկա»,- ասաց Տ. Խաչատրյանը:

Գուրամ Ռոգավան (Վրաստան) եւ Օլգա Գնատկովան (Մոլդովա)

«Մեդիան՝ ճնշման տակ»՝ այսպես էր վերնագրել իր ելույթը Վրաստանից ժամանած անկախ լրագրող Գուրամ Ռոգավան, որին, ի թիվս մեդիայի այլ, մոտ 70 աշխատակիցների, դաժան ծեծի եւ բռնությունների էին ենթարկել Վրաստանի իշխանությունները՝ 2024 թվականի աշնանը հակաիշխանական ցույցերի լուսաբանման ժամանակ: «Ես մահից եմ պրծել, մի քանի ամիս ապաքինվում էի, մինչեւ հիմա դեռ վերջույթներս խնդիր ունեն, քանի որ ողնաշարս էին վնասել,- պատմում է Գուրամ Ռոգավան, նկատելով, որ ոչ միայն այդ բռնություններն էին մեծ խնդիր, այլեւ այդ բռնությունների մասին լռությունը,- Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ վրացական ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաալիքը՝ «Իմեդին», ոչ մի բառ չասաց այդ մասին: Անգամ եթե ծեծվողները ամենավատ, սարսափելի վատ լրագրողներն են, մի՞թե կարելի էր չանդրադառնալ այդ միջադեպերին»: Գուրամ Ռոգավան ներկայացրեց այն խնդիրները, որոնց այսօր առնչվում է Վրաստանը՝ կապված երկրի իշխանությունների կողմից երկրի զարգացման վեկտորի կտրուկ փոփոխման հետ՝ խոսքի ազատության սահմանափակում, լրագրողների հանդեպ բռնաճնշումներ, քաղաքական հալածանքներ եւ այլն: «Այդ ամենի դեմ պայքարում մենք պետք է միասնական լինենք՝ որպես գործընկերներ, որպես հարեւաններ, որպես բարեկամներ»,-նշեց նա:

Մոլդովայից ժամանած լրագրող Օլգա Գնատկովան իր «Հիբրիդային պատերազմի խաչմերուկում» ելույթում խոսեց Մոլդովայի վերջին ընտրություններում հակառուսական ուժերի հաղթանակի եւ այդ ընտրությունների վրա ռուսական կողմից ծախսված ռեսուրսների, ռուսական ազդեցության թուլացման եւ ներկայումս երկրի մեդիադաշտում տիրող իրավիճակի մասին: Հատկանշական էր Օլգայի վերջին նկատառումը, երբ ռուսական քարոզչական տարբեր, այդ թվում՝ ամենակեղտոտ հնարքները համակողմանիորեն ներկայացնելուց հետո, նա ասաց, որ այս ամենի կողքին կա մեկ այլ խնդիր. հիբրիդային պատերազմի դեմ պայքարի ժամանակ երբեմն նկատելի է, որ լրագրողները, չցանկանալով, այսպես ասած, «ջուր լցնել ռուսական ջրաղացին», չնկատելու են տալիս այն խնդիրները, այն թերությունները, որոնք կան գործող իշխանության գործելակերպում. «Երբեմն ես նկատում եմ ինքնագրաքննության որոշ տարրեր, երբ մամուլը չի խոսում իշխանության բացթողումների մասին, ու հիշում եմ ուկրաինացի գործընկներիս, որոնք պատերազմի ընթացքում խուսափում էին անդրադառնալ ուկրաինական իշխանությունների թերություններին, սխալներին, եւ ես վախենում եմ, որ այս ինքնագրաքննությունը, որ կա մեր մամուլում, կբերի իշխանությունների ամենաթողության»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930