Դրանց շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դատողությունները երեկ «Առավոտը» քննարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ զրույցում:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Դուք արդեն պարտավոր եք նաեւ իմանալ՝ միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ, որովհետեւ յուրաքանչյուր լուծում գին ունի, որ պետք է վճարել: Ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրն առաջադրված խնդիրները լուծելիս մշտապես հիշի՝ բոլոր միջոցները չէ, որ ճիշտ են խնդիրները լուծելիս: Երեւի լսել եք, որ ասում են՝ «նպատակը արդարացնում է միջոցները»: Այդպես չէ, որովհետեւ եթե խնդիր լուծելիս միջոցների միջեւ ընտրություն չես կատարում, հաճախ շատ մեծ խնդիրներ ես ստեղծում: Հաճախ մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, ամայացնում են ինչպես իրենց հոգին ու միտքը, այնպես էլ շրջապատը: Հիշեք, որ այդ միջոցները պետք է լավը լինեն ոչ թե կոնկրետ պարագայում, ոչ թե ինչ-որ տեւական ժամանակի համար, այլ պետք է լավը լինեն ինքնին: Վատ միջոցներով երբեք չի կարելի հասնել լավ նպատակի»: Իսկ այսօրվա իշխանությունները արդյոք միջոցների մեջ խտրականություն դնո՞ւմ են եւ օգտվում են բացառապես արդա՞ր միջոցներից՝ իրենց նպատակներին հասնելու համար:
– Ես վստահ եմ, որ այն քայլերը, որ կատարում են իշխանությունները՝ ի դեմս կառավարության, ի դեմս Ազգային ժողովի, բխում են ժողովրդի շահերից, հնարավոր չի, որ դրանք չբխեն ժողովրդի շահերից, հակառակ դեպքում կառաջանա ժողովրդական ընդվզման պրոցես, եւ ընդդիմության դաշտը կհամալրվի: Ես բացատրեմ այսպես՝ ընդդիմության հանրահավաքներին գնալով ավելի փոքր քանակության մարդ է մասնակցում, քան նախորդին, լավ օրինակ է նաեւ վերջին հանրահավաքը: Եվ այսօր բավականին փոքր քանակությամբ համակիրներ ունենալը հենց ապացույցն է, որ ժողովուրդը այլեւս չի վստահում ընդդիմությանը եւ վստահում է իշխանության կատարած քայլերին: Ես չեմ կարծում, որ հանրապետությունում իշխանությունների քայլերից դժգոհ մարդկանց քանակը հենց այդ հինգ հազարն է, կարծում եմ՝ դժգոհները իրականում ավելի շատ են, բայց վստահության պակաս կա ընդդիմության նկատմամբ, եւ դա է պատճառը, որ մարդիկ չեն գնում դեպի այդ դաշտ: Եվ ժողովուրդը այժմ կարծես ավելի շատ հավատում է իշխանություններին եւ նրա կատարած քայլերին:
– Եթե իշխանությունը այդքան ինքնավստահ է, եւ եթե, ինչպես դուք եք ասում, մարդիկ այլեւս չեն վստահում ընդդիմությանը, ուրեմն ինչո՞վ եք բացատրում այն, որ իշխանությունները շարունակում են հանրահավաքի օրերին առավել զգուշավոր դառնալ՝ ճանապարհներ են փակում, մարդկանց խանգարում են գյուղերից գալ մայրաքաղաք:
– Ես չեմ կարծում, որ ճանապարհներ են փակվում կամ մարդկանց արգելում են գալ հանրահավաքի: Եթե իրոք ժողովուրդը ցանկանա մասնակցել հանրահավաքներին, ապա մոտ մեկ միլիոն բնակիչ ունեցող մայրաքաղաքում ոչ թե հինգ հազար, այլ շատ ավելի մեծ թվով մարդիկ կհավաքվեն: Միլիոնանոց քաղաքում կարելի է 200-300 հազարանոց հանրահավաքներ կազմակերպել: Ինչ մնում է ճանապարհների փակմանը, եւ թող չթվա, թե ճանապարհները փակելով՝ հանրահավաքի մասնակիցների թիվը խիստ է նվազում: Այդ թիվը ոչ էլ կարող է ավելանալ: Իսկ ճանապարհները չեն էլ փակվում: Ցանկացած մարդ կարող է գալ մայրաքաղաք եւ մասնակցել հանրահավաքի, եթե իրոք ցանկանում է մասնակցել: Իսկ այդ աղմուկը՝ իբր ճանապարհները փակ են եւ մարդիկ չեն կարողանում գալ, հենց ընդդիմության որոշ ներկայացուցիչներ են տարածում՝ իբր մարդիկ քիչ են, որովհետեւ ճանապարհներն են փակ:
Հ. Գ. Երեկ կայացած մամուլի ասուլիսում «Առավոտը» ուզեց իմանալ՝ ինչո՞ւ են ծեծում հանրահավաքի իրազեկման մասին թռուցիկներ բաժանող երիտասարդներին։ Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ համապատասխան մարմինները զբաղվում են այդ միջադեպով, եւ մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն։


















































