Մինչ վանաձորցիները ուրախանում են, քանդակագործները վիճարկում են Մհեր Մկրտչյանի արձանի հեղինակ լինելու պատիվը:
«Ֆրունզը հայկական կինոյի անկրկնելի կերպարն է, եւ այդ հսկայի համար Վանաձորում արձան ունենալը պատիվ է յուրաքանչյուր հայի համար, սա յուրաքանչյուրիս համար ուխտատեղի պետք է դառնա, ազգի մեծերն իրենց տեղը պետք է ունենան մեր քաղաքում»,- ասում է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, ով մեկ տարի առաջ Վանաձորի Մհեր Մկրտչյան փողոցի (Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի եւ Արցախ պուրակին հարող տարածքը) անվանակոչման օրը խոստացել էր, որ մեծ դերասանի 80-ամյակին Գուգարաց աշխարհում կտեղադրվի ժողովրդական արտիստի արձանը: Վահրամ Բաղդասարյանը 6 տարեկան հասակում պատահաբար հանդիպում եւ ծանոթանում է արտիստի հետ, տարիներ հետո մտերմանում են, եւ Ֆրունզը դառնում է նրա կուռքը:
Մեծ դերասանի ծննդյան 80-ամյակն ու նրա արձանի բացումը իսկական տոնախմբություն էր վանաձորցիների համար, որին մասնակցում էին Մհեր Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշում էին Մհեր Մկրտչյանին՝ անկրկնելի Ֆրունզին: «Ուրախալի է, որ սա ինքնաբուխ հասարակական նախաձեռնություն է, սա Լոռվա ժողովրդի վերաբերմունքն է այս արտիստի նկատմամբ»,- նկատեց նախարարը:
Մինչ վանաձորցիները ուրախանում էին, արձանի համահեղինակների «տունը կռիվ էր ընկել»: Քանդակագործ Արամ Մարգարյանը պնդում էր, թե արձանի հեղինակը միայն ինքն է, եւ գործընկերոջ արած հայտարարությունը՝ համահեղինակ լինելու մասին, ազնիվ չէ: «Սեւոն ի՞նչ կապ ունի, Սեւոն ընկերս է, գործը գողանալ չի կարելի, դա առնվազն գողություն է: Սկզբից մինչեւ վերջ ես եմ աշխատել, իմ տանջանքն է, իմ քրտինքը, իմ մտածածը»,- ասում է քանդակագործը՝ ձեռքը կրծքին խփելով: Իսկ Սարգիս Ղարիբյանը՝ Սեւոն, վիրավորվում է, որ չեն գնահատում իր «արած լավությունը», գործը զրոյի են հավասարեցնում: «Ես «Հանուն Գուգարաց աշխարհի» կազմակերպության անդամ եմ, հենց սկզբից ինձ էր հանձնարարված այս գործը, ես էլ իմ ընկերոջը կանչել եմ միասին աշխատելու, միասին աշխատեցինք, Ֆրունզի եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանն ընտրեց այս տարբերակը՝ Ֆրունզը Աստծո հետ: Եվ, վերջապես, եթե համահեղինակ չենք, ինչո՞ւ իմ ընկերը համաձայնեց, որ հենց ես բեմ բարձրանամ ու խոսեմ, ինչո՞ւ»: Ինչուների շարանն անպատասխան մնաց, քանի որ Արամ Մարգարյանը, որ վիրավորված էր նաեւ քարտաշ վարպետներից, ուրախանալու այլ պատճառ էր գտել. «Կրկնակի ուրախանալու առիթ ունեմ, քանի որ իմ «Ընտանիք» արձանը, որ հենց այստեղ էր տեղադրված, վերջապես իր արժանի տեղը գտավ՝ տեղափոխվեց Քաղաքացիական ակտերի գրացման կենտրոն»:
Իսկ «կռվից» անտեղյակ լոռեցիները շտապում էին Ֆրունզի հետ նկարվել: «Յուրաքանչյուրն իր հոգում Ֆրունզից մի մասնիկ ունի: Ես Ֆրունզի արվեստը շատ եմ սիրում, շատ ուրախ եմ, որ նրանից նյութեղեն մի մասնիկ կա Վանաձորում»,- ասում է Սվետլանա Միրզաբեկյանը:
Վանաձորի ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները խանդավառությամբ են խոսում մեծ արտիստի մասին, հիշում նրա բոլոր ֆիլմերն ու դերերը, մինչդեռ կրտսեր սերնդին նրա անունը, ցավալիորեն, ծանոթ չէ:


















































