Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.
«Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:
Նախքան Հաղորդման մանրամասներին անդրադառնալը՝ մի քանի ամփոփ տվյալ ներկայացնեմ 2025 թվականին կատարված աշխատանքներից:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝
- 2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
- 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Այս վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ:
Երկրորդ վճիռն, ինչպես գիտեք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝
- Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է).
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է).
- «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս (Պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես՝ գրավոր, տեղեկացվել է՝ բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով).
- 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝
- 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
- 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։
- Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականին. ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:
- Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
- 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
- Քրեական վարույթներով, գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ:
*****
Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են: 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19.877): 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:
2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:
Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները:
2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%):
*****
2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:
2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:
Քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ:
*****
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին:
2025 թվականին դատարաններում քննված և ավարտված` 11.457 անձի վերաբերյալ 10.787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%): Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10.348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ):
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
*****
2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ: Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
*****
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։
2024 թվականի համեմատ` պատահարներն աճել են 265-ով կամ 34,8%-ով, հանցագործությունները նվազել են 110-ով կամ 8,3%-ով: Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերը նվազել են 82-ով կամ 13,3%-ով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 28-ով կամ 3,9%-ով:
2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝
- անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք,
- զինվորական պաշտոնեական անփութության 1 դեպք,
- բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք,
- կայծակնահարության 1 դեպք,
- հիվանդության 2 դեպք:
2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված՝ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66,7 %-ով (2024 թվականին՝ 27):
2025 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411.728.063 դրամ (2024 թվականին՝ 1.479.117.389 դրամ), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 108.712.388 դրամը (2024 թվականին՝ 51.935.493 դրամ):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:
2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը: 2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է: Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս չի ավարտվել: Ամբողջությամբ բավարարված 5 գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466 հազար դրամ:
*****
Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում (2023 թվական՝ 1368, 2024 թվական՝ 1116, 2025 թվական՝ 996):
2025 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը (2024 թվականին՝ 1097), որոնցից 669-ը կարճվել է (2024 թվականին՝ 880), այդ թվում՝ 489-ը՝ արդարացման (2024 թվականին՝ 473), իսկ 180-ը՝ ոչ արդարացման հիմքերով (2024 թվականին՝ 407): 311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 217 քրեական վարույթ՝ 493 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթների, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ:
2025 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ (2024 թվականին՝ 163)՝ 282 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362): Նշված քրեական գործերից 107-ով (2024 թվականին՝ 126) 193 անձ դատապարտվել է (2024 թվականին՝ 272), որոնցից 27 անձ (2024 թվականին՝ 37)՝ ազատազրկման, 27 անձ (2024 թվականին՝ 46)` տուգանքի, 9 անձ (2024 թվականին՝ 4)՝ հիմնական այլ պատժի, 133 անձի (2024 թվականին՝ 185) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի (2024 թվականին՝ 17) նկատմամբ կիրառվել են նաև լրացուցիչ պատիժներ: 32 գործով 55 անձ արդարացվել է (2024 թվականին՝ 11 գործով 17 անձ):
2025 թվականի ընթացքում դատարան հանձնված կոռուպցիոն գործերի թվում են նաև բազմադրվագ, հանրային հետաքրքրություն ունեցող գործերը, որոնք վերաբերում են՝
- ՀՀ նախկին վարչապետ և այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին,
- Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին,
- Զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանին,
- 2008-2015 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանին,
- Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին,
- Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին,
- Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանին,
- Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանին և այլոց:
*****
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:
Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքներն ամփոփելով նշեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ: Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
*****
Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2025 թվականին կատարել է 540 ուսումնասիրություն (2024 թվականին՝ 435), հայտնաբերել է 485 իրավախախտում (2024 թվականին՝ 328):
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքաշինության ոլորտներին վերաբերող հարցեր:
Դատախազության կողմից հաշվետու ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 350 հայց, որոնցից 183-ը՝ քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդհանուր 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը՝ քրեական դատավարության կարգով՝ ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի բռնագանձման պահանջով և 131 հայց՝ վարչական դատավարության կարգով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի, գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքն ապօրինի օտարվել է:
Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը որոշակիացված չէ՝ հաշվի առնելով դրանց՝ գնահատման գործընթացում գտնվելու կամ դեռևս գնահատված չլինելու հանգամանքները:
2025 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով կամ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
2025 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց (2024 թվականին՝ 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց):
Նախորդ տարիներին դատարան ներկայացված հայցերով՝ 2025 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս:
2025 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ներկայացվել է հանցանքի մասին 92 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի և այլ հանցագործությունների հատկանիշներով (2024 թվականին` 63 հաղորդում):
*****
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Դատախազության կողմից հասցեագրվել են միջնորդագրեր: Միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են.
- Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
- «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
- ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
- «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Դատախազության միջնորդագրերի հիման վրա՝ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
Հիշեցնեմ, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել էին ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
2026 թվականի մարտին ապամոնտաժվել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ապամոնտաժվել էին ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:
Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
*****
Դատախազության 2025 թվականի գործունեության առանցքը յուրաքանչյուր դատախազի արդյունքահեն աշխատանքն է եղել: Աշխատանքի այս սկզբունքն արձանագրվել է Դատախազության կոլեգիայի՝ 2025 թվականի մարտի 14-ի նիստով և ամրագրվել Գլխավոր դատախազի հրամանով: Մասնավորապես, նշված հրամանով սահմանվել են մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման նոր չափանիշներ, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝
– Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
– Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
– Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
– Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:
Վերջին երկու չափանիշները կարևոր են, քանի որ իրավապահ համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով (օրինակ՝ այսքան հատ վարույթ) չի կարող գնահատվել: Բացարձակ թվերով հաշվարկի դեպքում վիճակագրությունը չի արտացոլի հանցավորության իրական պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը: Մեծ տվյալների վերլուծությունը պահանջում է բացարձակ թվերով հաշվարկի փոխարեն համադրել, օրինակ, մինչդատական վարույթում և դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանը և ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը:
Մենք կարծում ենք, որ այս մոտեցման փոփոխությունն է, որ հանգեցրել է Դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի փոփոխության. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ


















































