Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՏՐԵՔ ԶԱՆԳԻ ԼԵԶՎԱԿԸ

Հուլիս 07,2010 00:00 Share

  Մի սպանեք զանգահարին

\"\"

Սկիզբը՝ նախորդ համարում:

Թարմ ականջ են գտել: Մինչդեռ, երկրի սերը երակներից պիտի բխի, ուղեղը՝ կենսավորող հույզից, այլ ոչ թե օրական տասն անգամ Արարատի անունով երդվող եւ Արարատն ուրացող մեղրածոր լեզվից: Այլեւս ո՞վ պիտի կարդա ձեր խելոք մտքի շաղ տված մարգարիտները, պարոնայք, որ երկրի էս դժվար պահին լալկվել, ձեն չեք հանում:
Վախենո՞ւմ եք: 
1922 թվին, երբ կազմավորվում էր ԽՍՀՄ-ը, Ստալինի նախագծով, հանրապետությունները ԽՍՀՄ կազմի մեջ պիտի մտնեին ընդամենը ինքնավար միավորի կարգավիճակով: Էլի վրացիներն ու բելառուսները կանգնեցին ու թույլ չտվին, որ Ստալինի նախագիծն անցնի՝ պահանջելով Կրեմլից ճանաչել իրենց հանրապետության կարգավիճակը: Այդ ընդվզումը վրացիների վրա թանկ նստեց՝ պատմությանը հայտնի «Վրացական գործ» անունով: Հարյուրավոր մտավորականներ, քաղաքական գործիչներ, գրողներ՝ ընտանիքներով խոշտանգվեցին, աքսորվեցին, ազգ ու ցեղով կորան ՊԱԿ-ի զնդաններում ու սիբիրներում:
 Բայց հասան իրենց նպատակին: Մենք էլ կողքից շահեցինք:
Վրացի ազգը հիմա էլ է պայքարում Կրեմլի վտանգի դեմ: Ծանր ու խուլ: Կորցնելով տարածքներ: Հասկանալով, որ աշխարհագրական տարածքը դեռ Հայրենիք չէ: Որ տարածքը հայրենիք է դառնում, երբ այդ արոտավայրի վրա ապրող ազգը խոսում է իր պետության լեզվով: Ու ներեց ռուսական վտանգի հանդեպ մշտարթուն զինվորի պես կանգնած իր նախագահին՝ կորցրած արոտավայրերի համար: Ու էդքան ատելության ու զզվանքի սուր հանգամանքներից հետո էլ, տեսեք, թե նույն ռուսը ո՜նց ա հարգում վրացու արժանապատվությունը, ո՜նց ա դողում վրացու վրա: Հերիք ա վրացուց մի քաղցր խոսք: Ու ռուսը մեր քնած, մեր ծույլ, մեր թշվառ, «ծառերի շուքերու տակ քնելու տեղ ման եկող» ազգը մատաղ կանի վրացուն: Վստահ եղեք:
Ոնց որ թուրքին ա մատաղ արել:
Օրինակներ պե՞տք են:
Թուրքը՝ թուրք: Գիտես, թշնամի ունես, արթուն ես, ձգված: Բայց էդ նույն Թուրքահայաստանում, նույն 1915 եղերական թվականին քանի՞ հայկական դպրոց ու վարժարան կար, հաշվե՞լ եք: Նույն Պոլսում չստեղծվե՞ց մեր գրական՝ ոսկեղենիկ արեւմտահայերենը, որն ի՜նչ նրբին գրողներ ու փայլուն արվեստագետներ, գիտնականներ է պարգեւել մեր պատմությանն ու ազգին: Նրանց ներգաղթը միայն ապահովեց Խորհրդային Հայաստանի ծաղկուն մշակույթը:
Ինչպե՞ս, պատմական ի՞նչ հանգամանքների բերումով, ո՞ւմ դրդմամբ թշնամացանք մեր հարեւանների հետ, ո՞ւմ խոստումներով ու խաբեությամբ կորցրինք Պոլսո հայ մշակույթի կենտրոնն ու մեր պատմական Հայրենիքը, մեր անթիվ տարածքները: Ինչո՞ւ ենք վախենում խոստովանել: Կրե՞մլը չէր կանաչ լույս խոստացել Արցախի միամիտ պատվիրակությանը, որը վերջացավ հարեւանների հետ արյունալի պատերազմով: Երբ իրական հնարավորություն կար խաղաղ կարգավորել հարցը:
Անգամ հիմա, մեր թշնամի Թուրքիայում հայկական դպրոցներ կան: Չնչին քանակությամբ հայերի բնակության պարագայում: Իսկ Ռուսաստանո՞ւմ: Ուր, ասում են, երկու միլիոն հայ է բնակվում: Քանի՞ հայկական դպրոց կա այսօր: Այդ երկու միլիոն հայերի քանի՞ տոկոսն է գոնե խոսում իր մայրենի լեզվով: Ռուսահայաստանի մշակութային կենտրոնը ժամանակին Թիֆլիսն էր, արդյունաբերականինը՝ Բաքուն: Բա Էրիվա՞նն ինչ էր: Ես գիտնական ու ուսումնասիրող չեմ, որ իմանամ: Ես պարզ լրագրող եմ, միայն հասկանում եմ, որ քաղաքական ու սոցիալական առողջ պայմաններ են պետք, որ ազգի կամ համայնքի կյանքն ու մշակույթը տեղում զարգանա:
Ուրեմն Ռուսահայաստանում չի եղել էդ առողջությունը: Բոլորը թռել են Թիֆլիս կամ Բաքու: Ոնց որ էսօր Ամերիկա են թռնում: Դաշնակցական կառավարությունն էլ երկար ժամանակ Թիֆլիսից չէր գալիս: Ձեզ էս ամենը բան չի՞ ասում:
Մինչդեռ ռուսասիրության աղետալի որոմը նոր ու պարարտ արմատներ է ձգել Հայաստանում: Որոնց նախնիները դեռ Իսրայել Օրու ժամանակներից սկսած, մինչեւ էսօր երազում են ռուսի գոսնահոտ սապոգը հովանի անել մեր գլխին: Շարժման տարիներին էլ էին խնդրում: Բան դուրս չեկավ: Ռուսը չուզեց: Իսրայել Օրու արժանավոր հետնորդները, սակայն, սեւեռված մնացին իրենց հանգին, աշխատեցին, ու մեկ է, հասան բաղձալի երազանքին. բերին ռուսի սապոգը Հայաստան ու էս տասը տարում հասցրին ողջ Երկիրը մատաղ անել ռուսին: Մի պետական հարստություն չի մնացել էս մեր անտեր, էս մեր անտղամարդ, իգական երկրում: Ողջ օդը, հողն ու ընդերքը ժողովրդից խլել, ժողովրդի հետ մեկտեղ մատաղ են արել էդ սապոգին, որի նեխած հոտից ինչքան հնարավոր է՝ հեռու է փախչում նորմալ մարդկությունն ու աշխարհն ընդհանրապես:
Մի բան գիտեն, չէ՞:
Հիմա էլ միակ ու վերջին մատաղացու ունեցվածքն է մնացել:
Մեր հազարամյա լեզուն են դրել զոհասեղանին: Երկրագնդի վրա մեր գոյության իրավունքի անձնագիրը: Մեր 1500-ամյա հպարտությունը: Տեսեք, թե ի՜նչ աննամուս ու անբարոյական, ինչ չեզոք սեռի ազգ ենք: Ուրեմն, ժամանակն է, որ հեռանանք պատմությունից՝ որպես բորոտներ, որպես ապերախտ, եղկ մի ոհմակ, որպես ավելորդ կոշտ՝ ընկած դարերի ու մարդկության առաջընթացի ճանապարհին: Գրելով ու խոսելով կանգնել էդ աղետի դեմ՝ անիմաստ է: Էդ ապերախտների հոգին օտար դպրոցն արդեն պղտորել է, չես զուլալի: Նրանց ոստնակեղեւ տրամաբանության անատոմիական հանգույցը, սրտի բաբախյունը լսելու նրբությունը չունի, բթացել է: Լեզվի ու հայրենիքի նույնական հանգամանքը պատերազմի կրակների միջով անցնելով որ չեն հասկացել, էշի մոր տարիք ունեն, նո՞ր պիտի հասկանան:
Որ մենք արոտավայրի համար չենք զոհվել, այլ հայրենիքի:
Էդպեսների հետ կվալտը ձեռիդ պիտի խոսես: Դուրս պիտի գաս, փողոց ու հրապարակ բռնես ու կանգնես: Ու թույլ չտաս, որ այդ աղետը գա մեր գլխին: Դա մեր վերջն է: Ազգային պետական լեզվի հարցն ավելի կարեւոր է այսօր, քան Ղարաբաղի հարցը, հայեր: Չկա հայոց լեզու, չկա Ղարաբաղ ու Հայաստան:
Բայց գոնե հարցրե՞լ ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ այսպես եղավ:
Ինչո՞ւ ազատ ու անկախ Հայաստանում, մի օր հայերենն այլեւս ավելորդ նկատվեց հայի կյանքում: Ո՞րն է մեր մեղքի բաժինը՝ այս ապականության անդ ու անդաստանի մեջ:
Որովհետեւ մենք՝ այդ նյութով գրող ու վճարվող լրագրողներս, հայերենի սրբատաշ ոգու օվկիանի մեջ սուզվելու փոխարեն, մեր ոտքերի թաթերն էլ չհաջողեցինք թրջել: Մեր շռայլ, մեր շողշողուն գանձարանից, մեր լեզվի բազմաբյուր ու անթիվ գանձերից՝ ժանգոտ մետաղն ընտրեցինք: Ու մեր լեզուն դրել մտքի թմրության զոհասեղանին, էդ ժանգոտ մետաղով խոցոտում ենք ու սպանում: Եվ անօրեն վատնիչների նման, էդ բզկտված, արնաքամ դիակի առաջ կանգնած, դեռ հարց ենք տալիս՝ ինչո՞ւ այդպես եղավ: Որովհետեւ, վերջին 20 տարում մի գրական բարձրարժեք ստեղծագործություն չգրվեց այդ լեզվով: Որովհետեւ, վերջին 20 տարում, մեր հաղթանակը փառավորող որեւէ մեծակտավ ֆիլմ չստեղծվեց այդ լեզվով:
Որովհետեւ լրագրողն այսօր գրում ու խոսում է խորհրդարանի կրիմինալ ժարգոնով: Կամ ապրում ու ծերանում ասուլիսների ճահճոտ մթնոլորտում, սեփական հայացքով ու փորձով չտնտղելով սղագրության հար ու նույնիմաստ շարադրանքը:
Լրագրող լինելն այսօր վերածվել է բթամիտ հայ ոստիկանին հակառակվելու ուժի ցուցադրության, ինչը լրագրողը պիտի աներ իր միակ ու անպարտելի զենքով՝ խոսքի սուր, հուրհրան, այրող շեղբով: Որ չորրորդ իշխանությունը չհայտնվեր բթամիտ հայ ոստիկանի ոտքերի տակ: Ոտի տակ, ոտի հետ՝ իշխանություն չի լինում:
Ռադիոն, մամուլն ու հեռուստատեսությունն իրար գումարած, յոթանասուն բառից ավելի չեն գործածում՝ զենքը հանձնած դասալիքի պես: «Հայլուրը» էդ յոթանասուն բառով օրը յոթանասուն անգամ կավե կուռքերին է երկրպագություն տալիս, «Արմենիան» հակահայերեն, հակահայկական ու հակապետական ալիք է: ՄԱԿ-ի կոնվենցիայի բոլոր կետերով արգելված, վտանգավոր՝ հատկապես Սփյուռքի հայության համար: Ամեն օր ու ժամ այդ եթերից հնչող գողական լեզուն, որը, ինչպես հասկանում եք, հենց ռուսերենից է վերցված, դարձել է պետական լեզու մեր երկրում ու բռնել խորհրդարան, նախագահի նստավայր, ներս ու դուրս, ամենուր: Հայոց լեզուն այսպես պախարակելու, հային բարոյալքելու ու հայրենիքից օտարելու հստակ քաղաքականություն է որդեգրված այդ ընկերությունում: Լսելիս՝ ուզում ես փոխել ազգությունդ, մոռանալ, որ հայ ես: Կամ հեռու մնալ էդ չարքից:
Ես չգիտեմ, այսօրվա կրթության նախարարը ինչ դպրոց է հաճախել, բայց դատելով նրա հայերենից, նրա շարժ ու ձեւից, կարծում եմ՝ այլալեզու կրթություն ունի: Այսօրվա նախարարը հայոց դպրության ու մշակույթի Անկեղծ զինվորը չէ, քանի որ նա իր մտքի ու խղճի տերը չի: Նրան Ցուցակն է ուղարկել: Ու իր փոխարեն էլ ամեն ինչ Ցուցակն է որոշում: Մեղք է տղան, մի քարկոծեք: Տարիներ անց կխոստովանի՝ ես ներքուստ համաձայն չեմ եղել, Ցուցակն էր որոշել: Ոնց որ Տրոյկաների դատարանը չեկիստների ժամանակ:
Վերջերս էդ Ցուցակից Արտակ Դավթյանն էր խոսում «Երկիր Մեդիայով»: Ու ոչ թե էկրանին, այլ ձեռքի գրիչին նայելով, փորձում էր համոզել, որ միջազգային կրթական ծրագրերը խիստ կարեւոր են տաղանդաշատ հայ երեխաներին կրթելու, վաղվա մասնագետներ պատրաստելու համար: Ահա թե ինչու է պետք օտարալեզու դպրոցը մեր երկրին: Հպանցիկ նշեց նաեւ IB /International Baccalaureate/ ծրագրի մասին:
Չեխիայում չկան օտարալեզու պետական դպրոցներ, կան օտար լեզուների խորացված ուսուցմամբ չեխական հանրակրթական դպրոցներ կամ քոլեջներ: Ուր օտար լեզվի դասավանդումը կատարվում է չեխական ծրագրերով ու չեխ մանկավարժներով: Այդպիսի դպրոցներ, կարծեմ, Հայաստանում էլ կան:
Երեւի միջազգային կրթական ծրագրեր ասելով՝ Արտակ Դավթյանը նկատի ուներ միջազգային դպրոցները, որոնք գործում են աշխարհի այն երկրներում, ուր ապրում են մեծ թվով օտար ներդրողներ, բանկիրներ, զանազան օտարազգի մասնագետներ, դեսպաններ, ովքեր ընտանիքներով մեկ- երկու տարով գտնվում են տվյալ երկրում: Բնական է՝ այդ երեխաները տեղական լեզվով գործող դպրոց չեն գնա: Չեխիայում այդպիսի վեց դպրոց կա, երեք՝ անգլիական, եւ մեկական՝ գերմանական, ֆրանսիական ու ամերիկյան: Որտեղ չնչին քանակությամբ սովորող չեխերի համար (խառը ամուսնություններից, տարբեր երկրներում աշխատած մասնագետների ընտանիքներից) առաջին ու պարտադիր լեզուն չեխերենն է: Տեղացի չեխերը այդ դպրոց երեխա չեն ուղարկում, քանի որ վարձը շատ թանկ է, ու չեխական պարզ դպրոցական ծրագրերն ավելի խորն են, բազմաշերտ եւ ուժեղ: Իմ աղջիկը այս տարի ավարտեց անգլիական միջազգային դպրոցը՝ նույն՝ IB ծրագրով, այդ պատճառով ես գիտեմ այս մանրամասները:
Հենց սկզբից ասեմ, որ այդ դպրոցները բացում են տարբեր շահագրգիռ երկրների մասնավոր կրթական ընկերությունները, այլ ոչ թե տեղի գործարարները: Օրինակ, Անգլիան, Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան իրենց ինտերնացիոնալ դպրոցներն ունեն այն երկրներում, որտեղ հնարավորություն կա օտար աշակերտներ հավաքել, ուր շատ են դրսից աշխատող ընտանիքները: Ուղարկում են իրենց մանկավարժներին, իրենց երկրի կրթական ծրագրով ու դասագրքերով, անգամ գրենական պիտույքներով, որը ոչ մի կապ չունի Հայաստանի կրթական ծրագրի հետ: Տեղերից աշխատանքի են վերցնում միայն տեխնիկական, սպասարկող անձնակազմը: Եթե մի գործարար կամ Վահագն Հովնանյանը կասի, թե ես բացում եմ այդ դպրոցը ու դասատուներ հավաքի Հայաստանից, չհավատաք: Խաբեություն է:
Այդ ինտերնացիոնալ դպրոցների ավարտականը ճանաչում են աշխարհի բոլոր կրթական համակարգերը, համալսարանները: Այդ դպրոցներում, ի շարս այլ կրթական ծրագրերի, իրականացվում է նաեւ IB-ն, որը նոր ծրագիր է ու իսկապես նախատեսված է հատուկ ընդունակություններով օժտված երեխաների համար: Քանի որ հիմնված է մեծ մասամբ կուտակված տասնմեկամյա փորձի ու մնացած երկու տարին՝ երեխայի ինքնուրույն, տրամաբանական մտածողության ու գործելակերպի վրա: Հետեւապես, այդ ծրագրերը հարկ է սկսել առաջին դասարանից, այլ ոչ թե ավագ դպրոցից, ինչպես հավատացնում է մեզ Ցուցակը: Դա մի ամբողջ համակարգ է: Երեխան ավագ դպրոցում պարզապես չի հասցնի միաժամանակ սովորել լեզուն ու մարսել այդ բարդ ծրագիրը, որը բոլորովին օտար է իրեն, իր վարքին, իր մտածողությանն ու միջավայրին:
Հիմա մոտեցանք ամենացավոտ հարցին:
Այդ դպրոցների տարեկան վարձը մեկ աշակերտի համար կազմում է 27 000 եվրո, որի մեջ մտնում է նաեւ հրավիրված մանկավարժների ապրելու ու կեցության, բժշկական ապահովագրության ծախսերը: Ասացեք, խնդրեմ, Հայաստանում քանի՞ օժտված երեխայի ծնող կարող է 13 տարի վճարել էդ գումարը: Դեռ ավարտելուց հետո էլ, հինգ տարի նրան պահել դրսի համալսարաններում, որտեղ կրթությունը մի փեշ փող արժի՝ հայկական անձնագիր ունեցող ու էդ համալսարանների հետ ոչ մի պետական, կրթական պայմանագիր չունեցող երկրի քաղաքացու համար: Ինչպիսին, օրինակ, իմ աղջիկն է: Հետեւապես, ովքե՞ր են ի վիճակի մուծել այդ գումարը՝: Մեղմ ասած, ոչ բոլոր օժտված երեխաների ծնողները: 1%-ը ահռելի քանակություն է այս պարագայում:
Արդ՝ ո՞ւմ ավետիսն են ղողանջում զանգերը: Պարզից էլ պարզ է:
Էս ողջ կռիվը ռուսական դպրոցներ բացելու համար է: Չեն դիմանում, արյան հիշողությունը հանգիստ չի տալիս: Մի արեք այդ քայլը: Կաղամբ չի մեր ունեցածը, որ ցողունի վրա շաղգամ պատվաստեք: Ինչ ենք ստանալու այդ սերումից, մեր բժիշկ նախարարը ավելի լավ կպատկերացնի:
Ես մայր եմ երկու զավակների, ովքեր մեր ընտանիքի հոր աշխատանքի բերումով Չեխիայում այլալեզու դպրոցներ են հաճախել: Ես ամեն օր զգում եմ օտար կրթության ավերմունքը, դառնությունն ու ցավը: Մեր կյանքն ամենօրյա դաժան պայքար է՝ ուծացման ահավոր վտանգի դեմ: Նշանակություն չունի, Հայրենիքում, թե այլուր: Օտար կրթությունը փոխում է երեխայի միտքն ու հոգին: Անատոմիան: Շատ դեպքերում՝ ազգությունը: Մայր լինել, նշանակում է արգանդից բաժանվել զավակից, բայց եւ արյունով շարունակել ապրել զավակների մեջ: Իսկ երբ զավակներն ապրում են մի կողմից ծնողների արյան հիշողության, հայրենական ձայների, ու մյուս կողմից էլ օտար կյանքի ու մշակույթի անհաշտության մեջ, սարսափելի է:
Ես մտքով անգլիացի եմ, սրտով հայ, ես հին անգլերենով չեմ կարող կարդալ Շեքսպիր, հին հայերենով էլ՝ Նարեկացի: Ո՞վ եմ ես,- դառնացած մի օր հարցրեց աղջիկս, ով տասը տարուց ավելի հաճախել է նաեւ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոց ու ավարտական թեզն էլ անգլիական դպրոցում հայոց պատմության թեմաներով է պաշտպանել:
Ինչքա՞ն այդպիսի շնորհալի երեխաներ են կորչում օտար դպրոցներում ու ծնողին տալիս այդ անպատասխան հարցը:
Մենք՝ մայրերս, մեկընդմիշտ պիտի կանխենք այդ հարցը մեր երեխաների, գալիք ու բոլոր սերունդների համար: Մայրենի լեզուն է մեր երկրի այն հզոր ու անխախտ պատվարը, որի վրա հիմնվում են աշխարհով մեկ սփռված հայության տարբեր հատվածները, միավորում ուծացած ու կարոտ հայ սրտերը: Միայն մեր հազարամյա լեզվի անմահական բույրը, մեր արքայական խոսքի մշտավառ ջահը, մեր հույսի ու վերածնունդի ոսկեձայն զանգը, ուղեւորի զգեստ հագած, կարող է լուսավորել հայ ցեղի, հայ տեսակի այսօրվա վեհերոտ ընթացքը՝ Երկիր մոլորակի այս խայտաբղետ ու հանճարեղ, այս մարդակեր ու արնահոլով երթի մեջ:
Մի կտրեք այդ Զանգի լեզվակը: Անլեզվակ զանգը չի ղողանջում, համր է:
Մի սպանեք Զանգահարին: Անզանգահար Զանգը չի ճաճանչում ծիածանի յոթ գույնով: Ժանգն է չոքում լեզվակին: Ինչպես որ մեր մտքի ու հիշողության վրա է չոքել այսօր: Մեր լեզուն մեր Հայրենիքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել