Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Մարտ 03,2011 00:00

\"\"«Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարված ծրագրերի արդյունավետությունը՝ ըստ ծրագրի նախկին համակարգող Արտաշես Թումանյանի:

– «Լինսի» հիմնադրամը կրկին արդիական թեմա դարձավ, երբ դադարեցվեց հիմնադրամի գործունեությունը: Ձեր կարծիքով՝ իրականում ինչո՞ւ հիմնադրամը դադարեցրեց իր գործունեությունը:
– Տարիներ շարունակ սպասվում էր, որ մի օր Քըրք Քըրքորյանը, որն այսօր 94 տարեկան է, բարեգործական հիմնադրամի գործունեությունը պետք է դադարեցնի: Հիմնադրամը գործել է 22 տարի, իրականացված ծրագրերի վրա ծախսվել է մեկ միլիարդ 100 միլիոն դոլար, որից 500 միլիոնը՝ համահայկական ծրագրերի վրա (Հայաստան եւ Սփյուռք): Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում: Վերջին 10-11 տարիների ընթացքը ինչ-որ չափով ինձ հայտնի է, այն մասով, որը Հայաստանին է առնչվել: Հայաստանի եւ հայության պատմության մեջ արված ամենախոշոր մարդասիրական ծրագիրը «Լինսի» բարեգործական ծրագիրն է: Դրանցից ամենամեծը 150 միլիոն դոլարի ծրագիրն է, որի համակարգման պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Ծրագիրը ուներ չորս բաղադրիչ՝ 73 միլիոն դոլար՝ ճանապարհաշինություն, 45 միլիոն դոլար՝ աղետի գոտու բնակարանաշինություն, 14 միլիոն դոլար՝ Երեւան քաղաքի փողոցներ, եւ 18 միլիոն՝ մշակութային օբյեկտներ: Ծրագրի գործունեությունը տեւեց 3 տարի: Ծրագիրը տվեց չափազանց խոշոր տնտեսական եւ սոցիալ-մշակութային արդյունք: Հարյուրավոր շինարարական-մոնտաժային ընկերություններ էին ընդգրկված, տասնյակ նախագծային կազմակերպություններ: Ծրագրի ընթացքում ընդգրկված աշխատողների թիվը հասավ մինչեւ 22000 մարդու:
– Այդուհանդերձ, հիմնադրամը փակվեց, եւ հիմնադրամի գումարների ողջ մնացորդը մնաց Լոսում:
– Այո, «Լինսի» հիմնադրամը փակվել է, եւ 200 միլիոն դոլարը տրվել է UCLA Լոս Անջելեսի հայտնի համալսարանական կառույցին: Բայց հիմնադրամի մնացորդային գումարները 200 միլիոն դոլար չեն եղել, եղել են 212,8 միլիոն, որից 10,5 միլիոնը տրվել է դարձյալ հայաստանյան ծրագրերին՝ 6.0 մլն-ն՝ Հայաստանում իրականացվող դպրոցաշինությանը, իսկ 4.5 մլն-ն՝ միացյալ հայկական հիմնադրամին՝ հայաստանյան մարդասիրական ծրագրերը շարունակելու համար: Այնպես որ, լուրերը, թե «Լինսի» ողջ մնացորդը մնացել է Ամերիկայում, ճիշտ չեն:
– Այնուամենայնիվ, ծրագրի ընթացքում տեղեկություններ էին տարածվում, որ Քըրքին խաբում են, որ միջոցները կողոպտվում են եւ այլն:
– Կողոպտում, ձախողում եւ այլն, բացարձակ ստեր են: Երբեմն ասում են, թե՝ ինչո՞ւ չեք պատասխանում: Ես հիմա հայտարարում եմ՝ «Լինսի» ծրագիրը Հայաստանում իրականացված այդ մասշտաբի ամենաչկոռումպացված ծրագիրն էր: Ինչ վերաբերում է գումարների փոշիացմանն ու չարաշահումներին, ես պատրաստ եմ հանգամանալի բացատրություններ եւ վերլուծություն ներկայացնել: Եկեք հետեւենք իրադարձությունների տրամաբանական եւ ժամանակագրական ընթացքին: ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ ստորագրվում է հուշագիր «Լինսի» հիմնադրամի եւ Հայաստանի կառավարության միջեւ: «Լինսի» պահանջով հուշագրին տրվում է միջազգային պայմանագրի կարգավիճակ, եւ այն վավերացվում Ազգային ժողովի կողմից: Հաստատված ծրագիրը հայաստանյան կողմից կոորդինացնում է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հատուկ կառավարման խորհուրդը: Հաստատված 150 մլն դոլարի ծրագիրը փաստորեն իրականացվում է 2001-2003 թվականներին: Ծրագրի առանձին բաղադրիչների վերաբերյալ ես որոշ ցուցանիշներ եւ թվական տվյալներ կներկայացնեմ քիչ հետո: Ինչեւէ, այս ծրագրի կատարումով շահագործման են հանձնվում հարյուր հազարավոր քառակուսի մետր բնակելի տներ, հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ, Երեւան քաղաքի տասնյակ փողոցներ եւ բազմաթիվ մշակութային օջախներ:
Ծրագրի ավարտից հետո ՀՀ-ին հատկացված վարկերի եւ դրամաշնորհների ներդրման արդյունավետությունը ստուգող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստուգում է «Լինսի» հիմնադրամի գործունեությունը՝ կապված 150 մլն դոլարի արժողությամբ ծրագրի արդյունքների հետ: Հանձնաժողովի եզրակացությունը խիստ դրական էր, իսկ ստուգումը իրականացնող խմբի ղեկավարի կողմից ԱԺ ամբիոնից այն անվանվեց «Էտալոնային ծրագիր»:
Այնուամենայնիվ, ծրագրի ավարտից հետո հայտնվում էին մարդիկ, ովքեր ոչ թե քննադատում էին (մի բան, որ հաճախ օգտակար էր հենց գործի համար), այլ փորձում էին վարկաբեկել այն: Որոշ մարդիկ այն օրերին (հիմա էլ) կուրծք էին ծեծում Քըրք Քըրքորյանից կողոպտված գումարների փրկության համար: Եվ զարմանալիորեն Քըրք Քըրքորյանը փոխանակ դադարեցնի ծրագրերը եւ փրկի իր գումարները, 2001-2003թթ. հաջողությամբ 150 մլն դոլար արժողությամբ ծրագրի ավարտից հետո կրկին գումար է հատկացնում՝ 60 մլն դոլարի չափով, որը հաստատվում է 2005 թվականին, իսկ փաստացի աշխատանքները կատարվում են 2006-2008 թվականներին: Դուք հավատո՞ւմ եք, որ ծրագրից դժգոհ, կողոպտված մարդը շարունակի միլիոնավոր դոլարների հատկացումը: 60 մլն դոլարի ծրագրի հաջող ավարտին հաջորդում է 12 մլն արժողությամբ դպրոցաշինության ծրագիրը, որն այսօր բարեհաջող ընթացքի մեջ է: Վերջին ծրագրի գործողության ժամկետը 2010-2011թթ. են: Արդեն նշեցի, որ «Լինսի» հիմնադրամը գործել է 22 տարի՝ իրականացրել է 1 միլիարդ 100 միլիոնի բարեգործական ծրագրեր, որից 55%-ը կապված չէ Հայաստանի եւ հայության հետ, եւ միայն 45%-ը հայաստանյան (Հայաստանի Հանրապետության) եւ համահայկական (Սփյուռք) ծրագրերն են: Դատողությունները, թե մեծ բարերարը ինչպես է բաշխել իր միջոցները, պատշաճ չեն: Միակ արձագանքը «Լինսի» հիմնադրամի գործունեության առնչությամբ պետք է լինի խորը երախտագիտությունը: Այժմ գանք ծրագրի փաստացի արդյունքներին: Քանի որ ես առնչվել եմ 150 մլն դոլար արժողությամբ ծրագրին, կխոսեմ այդ մասին: Ծրագրի ամենամարդասիրական հատվածը աղետի գոտու բնակարանաշինությունն է: Ծախսվել է 45 մլն դոլար եւ կառուցվել 3674 բնակարան: Արդյունքում 3674 աղետյալ ընտանիքի հատկացվել են հոյակապ կառուցված, կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններով հագեցված բնակարաններ: Սա առաջին բնակարանային ծրագիրն էր, որը խիստ ուշադրության էր արժանացնում շինության որակային բոլոր ցուցանիշները՝ սկսած շենքի արտաքին տեսքից, վերջացրած ներքին հարդարման բոլոր պահանջներով: Այս ծրագրով եւ մյուս ծրագրերով իրականացվող աշխատանքների համար անցկացվել են նախագծային, շինարարական եւ հսկիչ կազմակերպությունների ընտրության մրցույթներ: Ես հայտարարում եմ, որ Հայաստանում չկա որեւէ շինարարական կամ նախագծային կազմակերպություն, որ մրցույթը հաղթած լինի նախապես «սարքված» սցենարով: Ամեն ինչ կատարվել է ազնիվ եւ թափանցիկ:
Մրցույթները եղել են բաց, գաղտնի, որոնց ընթացքին հետեւել են բազմաթիվ լրագրողներ: Ի վերջո, խոշոր չարաշահումների եւ «փող աշխատելու» մեխանիկան հայտնի է շատերին: «Պատվիրվում են» թանկ նախագծեր (արհեստականորեն ուռճացված գներով), «սարքվում են» մրցույթի հաղթելու պայմանները եւ «հաղթող» ճանաչում «պայմանավորված» կազմակերպություններին, որը իր «շնորհակալությունը» նախապես հայտնել է համապատասխան տեղում: Մեր դեպքում նախագծերը եղել են իրական (նվազագույն գներով), իսկ մրցույթը՝ դաժան մրցապայքարի պայմաններում անցկացված նվազագույն գնային առաջարկի ընտրություն: Ապացույց՝ կառուցվել է 3674 բնակարան ընդամենը 45 մլն դոլարով:
Մեկ բնակարանի վրա ծախսվել է մոտ 12 հազար դոլար: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք կառուցել որակյալ բնակարան (ընդ որում, բնակարանների 70%-ը եղել է 2, 3 եւ 4 սենյականոց)՝ ծախսելով 12000 դոլար, շինարարին ապահովել պատշաճ շահույթ եւ դեռ կողոպտելու համար էլ գումար «ստեղծել»: Հաշվի առեք, բոլոր շենքերն էլ ապահովված են 9 եւ ավելի բալ սեյսմակայունությամբ: Հուսով եմ, որ այս նյութը կընթերցեն նաեւ շինարարության գործին մոտ կանգնած մասնագետները, թեեւ ներկայացված թվերը շատ խոսուն են:
Շարունակենք վերլուծությունը: Կառուցված բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը եղել է 150-180 դոլարի սահմաններում: Հարցրեք մասնագետներին, այս որակի բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը ինչպիսի՞ն է եղել տարբեր բնակարանային ծրագրերում: Ես բերեմ մի օրինակ: Գյումրիում «Լինսի» ծրագրին զուգահեռ նույն ժամանակահատվածում նույն կարգի բարձր որակի բնակարաններ էր կառուցում մեկ այլ բարերարի՝ «Հանթսմանի» հիմնադրամը: Բնակարանաշինության գրասենյակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք մեկ քառակուսի մետրի վրա ծախսել են 240 դոլար: Մեկնաբանություն չեմ ուզում անել: Այս պահին էլ կարող եմ տալ բնակարանաշինության ծրագրով աշխատած բազմաթիվ բարձրակարգ շինարարական կազմակերպությունների անուններ, որոնք նվազագույն շահույթներով կատարեցին հսկայական աշխատանք, դրանցից են՝ «Մեծն Էրիկ» (Լեւոն Շահումյան), «Ախուրյան կոպշին» (Սամվել Տոնոյան), «Բաղրամյանշին» (Գագիկ Վարդանյան), «Մ. Լամբորյան» (Մկրտիչ Լամբերյան), «Սպիտակ -1» (Ռոբերտ Օխանյան), «Դանիել» (Աշոտ Դանիելյան), «Անդրեաս եւ ընկերներ» (Սաս. Անդրեասյան), «Շինարար» (Արթուր Չոբանյան) եւ շատ ուրիշներ: Անդրադառնանք ճանապարհաշինության (73 մլն դոլար) եւ Երեւանի փողոցների ծրագրերին (14 մլն դոլար): Կառուցվել եւ հիմնանորոգվել են 435կմ երկարությամբ ճանապարհներ (եթե վերածենք միակողմանի երթեւեկությամբ համարժեքի՝ կլինի 535 կմ), այդ թվում՝ Սելիմի լեռնանցքն ամբողջությամբ (57կմ), 2 խոշոր թունել, 22 կամուրջ եւ կամրջային անցումներ, այդ թվում՝ Աշտարակի կամրջի 2-րդ հերթը, տասնյակ փողոցներ, բազմաթիվ կոմունիկացիաներ: Ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումներ որոնողներին ասենք, որ այս աշխատանքի արդյունքում տեղադրվել է 10.8 միլիոն քառակուսի մետր ասֆալտ՝ մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով ծախսելով ընդամենը 3300 դրամ: Խնդրեմ, խորհրդակցեք մասնագետների հետ այս թվերի արժանահավատության եւ չարաշահումների հնարավորության մասին: Այս ծրագրում եւս ընդգրկված են եղել հանրապետության լավագույն շինարարական կազմակերպությունները: Օրինակ՝ «Կոտայք-ճանշին»՝ Գեւորգ Հովհաննիսյան, «Կապավոր»՝ Մարատ Հովհաննիսյան, «Քարավան»՝ Հակոբ Հակոբյան, «Արարատ-ճանշին»՝ Ստեփան Վարդանյան, «Կամուրջ-շին» ՝ Վլադ Ասատրյան, «Դորոժնիկ»՝ Արարատ Հովհաննիսյան, «Արփա-Սեւան-շին»՝ Հակոբ Հակոբյան, «Իջեւան-ճանշին» Արծրուն Ղալումյան, «Ախուրյան-ճանշին» Կոլյա Հարությունյան, «Մերձմոսկովյան»՝ Արամ Ադամյան եւ ուրիշներ:
Հաջորդը մշակութային ծրագիրն է: Այս ծրագրով հիմնովին վերակառուցվել են 13 թատրոններ եւ համերգային դահլիճներ, 7 թանգարաններ, 16 տուն-թանգարաններ, ընդհանուր առմամբ՝ 34 մշակութային հաստատություններ: Այդ թվում՝ Օպերա, Սունդուկյանի եւ Դրամատիկ թատրոններ, Մատենադարան եւ այլն: Այս ոլորտում աչքի ընկած կազմակերպություններից կառանձնացնեի «Երեւանշին» (Վազգեն Պողոսյան), «Վանի» (Ղազար Գրիգորյան), «Մետրոշին» (Հրաչիկ Մինասյան), «Հորիզոն 95» (Գագիկ Գալստյան), «Արագածոտն» (Լեւիկ Ղուկասյան):
Այսօր հաճախ խոսում են մշակութային տարբեր ծրագրերի մասին, մշակութային կյանքի ակտիվացման մասին եւ ոչ միշտ են հիշում, որ 10 տարի առաջ մեծ աշխատանք է արվել այսօր գործող մշակութային օջախների, ինչպես ընդունված էր ժամանակին ասել, նյութատեխնիկական բազայի վերականգնման համար:
– Ձեզ լսելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ծրագրերը եղել են անթերի, բայց բնական է, չէ՞, որ Դուք այլ բան չէիք կարող ասել:
– Ես սպասում էի այդպիսի հարցի: Մինչ այս ես ներկայացնում էի աշխատանքի ընդհանուր արդյունքը, դրանք, իմ կարծիքով, գոհացուցիչ են: Իհարկե, եղել են սխալներ եւ թերացումներ: Եղել են ցածրորակ աշխատանքի դեպքեր: Որպես կանոն, այդպիսի շինարարները պատժվել են ֆինանսապես կամ իրենց սեփական միջոցներով վերացրել են թերությունները, կամ, եթե արդեն կատարված փաստացի աշխատանքի արդյունքներով ողջամիտ չի եղել վերացնել այս կամ այն թերությունը, համարժեք չափով ֆինանսավորում չի կատարվել: Եղել են ֆինանսական տուգանքների բազմաթիվ դեպքեր: Մի շարք դեպքերում շինարարները հեռացվել են ծրագրից («Կասմա», «Շինֆորում», «Լենար», «Վառմաշ»): Երեւի հիշում եք Երեւանի փողոցներում անորակ սալիկների տեղադրման դեպքերը: Բավական լավ աշխատանք կատարած մեր շինկազմակերպություններից մեկը՝ «Բերմա» ՍՊԸ-ն, ստիպված եղավ մոտ 3500 քառակուսի մետր սալիկներ իր հաշվին տեղահան անել եւ նոր սալիկներ տեղադրել:
Շարունակությունը՝ վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել