Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԵ՛Ր ՁԵՌՔՈՒՄ Է

Հունիս 24,2011 00:00

Գնալով մեզ համար ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների կամ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չստորագրվի, սակայն արդեն յուրաքանչյուր նոր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, ավելի վտանգավոր է դառնում մեզ համար։

\"\"

Եթե բոլոր այդ միջնորդներն իրոք ցանկանում են վերջ տալ իրենց ագրեսիվ պահվածքին, իրենց չպատկանող ամեն ինչ խլելու գիշատչային հոգեբանությանը եւ լրջորեն մասնակցեն բանակցային գործընթացին, ապա նրանք Ալիեւի առջեւ պետք է նախապայման դնեն, որ եթե Կազանի հանդիպումը ոչ մի արդյունք չտա, ապա միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը։
Մեր կողմից արվելիք փոխզիջումների վերջին սահմանը պիտի լինի Արցախի անկախ հանրապետություն՝ արեւմուտքից Հայաստանի հետ ամբողջական սահմանով, հյուսիսից հարավ, Իրանի հետ պարտադիր սահման եւ արեւելքից սահման՝ Ադրբեջանի հետ։ Ոչ մի մետր հող չպիտի զիջվի թշնամուն, իսկ եթե ինչ-որ բան տանք, ապա միայն այն պայմանով, որ փոխարենը անմիջապես լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը։ Արդեն 20 տարի է ես, իմ զավակները, թոռները, մի ողջ նոր սերունդ ապրում ենք անկախ մեր հայրենիքում։ Ինչպե՞ս կարող ենք համաձայնել, որ մեր այս 20-ամյա ազատությունը կամավոր զիջենք ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց եւ սպասենք, թե մի անորոշ ժամանակ հետո մեր վերջնական կարգավիճակը նոր-նոր պիտի որոշեն։ Դա լինելու բան չէ։ Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Մյուս կողմից, մենք ինքներս դեռ շատ անելիքներ ունենք։ Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո անցած 17 տարում Արցախում դեմոգրաֆիկ վիճակը շարունակում է մնալ խայտառակ, այն դեպքում, երբ բոլորս էլ գիտենք, որ ղարաբաղյան խնդրի լուծման կարեւորագույն ազդակներից մեկը բնակչության թիվն է, ժողովրդի բարեկեցությունն ու երկրի շենացումը։ Այսօր Արցախում ապրում է 140-143 հազար մարդ։ Մինչդեռ 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել եւ պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։
Արդյո՞ք այսպես ենք շենացնում մեր երկիրը։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ եւ մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։ Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ Արցախը վերաբնակեցնելու կոչեր է անում, փորձում նախաձեռնել այդ գործը, բայց արդյունք չկա։
Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, նրանցից շատերը Երեւանում մեծ կարողություն ունեն։ Եթե այդ մարդիկ իրենց հարստության 15-20 տոկոսը ներդնեն, իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն եւ զարգացնեն, ապա հնարավոր կլինի մեր երկիրը փրկել վերջնական կործանումից։ Օրինակ, ես հնարավորություն ունեմ մոտ 1000 դոլար ներդնել այդ գործում։ Մյուսները՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ղարաբաղում եւ այլուր ապրող մեր շատ հայրենակիցներ կամ պարզապես հայ գործարարներ կարող են շատ ավելի մեծ գումարներ ներդնել հանուն Արցախի զարգացման ու շենացման։ Ի դեպ, այս մասին տպագրված իմ հարցազրույցից հետո երեսունից ավելի ղարաբաղցիներ մոտեցել են ինձ եւ հայտնել, որ եթե հայազգի մեծահարուստները համաձայնեն մասնակցել հայրենանվեր այս նախաձեռնությանը, ապա իրենք պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում ֆինանսական օժանդակություն ցուցաբերել։
Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները կարեւոր են, բայց դրանք խնդրի լուծում չեն։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումն է, երկրի հզորացումն է։ Լեւոն Հայրապետյանը Վանքում իրոք մեծ գործեր է կատարում։ Ցանկալի է, որ մեր մյուս հայրենակիցները, ուրիշներն էլ հետեւեն նրա օրինակին. նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Թող ունեցածի 10-20 տոկոսը ժամանակավոր ներդնեն, ոտքի կանգնեցնեն մեր երկիրը։
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։ Ես եւ ինձ նման շատերը ոչ մի հարստություն չենք փոխի զոհված ազատամարտիկների արյան մի կաթիլի հետ։ Ո՞ւմ է պետք այդ հարստությունը, որ կուտակել են Ղարաբաղում, Հայաստանում եւ արտասահմանում, եթե դու չես կարողանում ապահովել քո հայրենիքի՝ Արցախի, Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը։ Ցավոք, այսօր մեզանում քիչ չեն նրանք, ովքեր փողն ավելի են սիրում, քան իրենց հայրենիքը։
Ադրբեջանն այսօր հոխորտում է, պատերազմով սպառնում մեզ, որովհետեւ վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում, միայն շինարարությամբ ենք զբաղվել (այն էլ հիմնականում՝ ոչ բնակելի)։ Հակառակորդը տարեցտարի մեծացրել է իր ռազմական բյուջեն, ժամանակակից զենք է գնել եւ հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով, քան նրանք։
Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ոչ թե հավասար, այլ ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր եղած այդ հավասարակշռությունը խախտվում է, բայց՝ ոչ հօգուտ մեզ։ Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք։ Մեծագույն մի ողբերգություն, որի արդյունքում ոչ միայն 1,5 մլն ազգակիցներ ենք կորցրել, այլեւ պատմական մեր բնօրրանի, մեր Հայրենիքի մեծ մասը։ Վաղն էլ կարող է նույնը կրկնվել, եթե չսթափվենք եւ գործնական միջոցներ չձեռնարկենք այս խղճուկ վիճակից դուրս գալու համար։
Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն եւ աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաեւ հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք եւ զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Մենք պիտի մեր ռազմական պոտենցիալը շարունակ համալրենք նորագույն զինատեսակներով՝ հակահրթիռային (ՍԿԱԴ, «Պետրիոտ») համակարգով, միջին եւ երկար հեռահարության հրթիռներով, ռազմական ուղղաթիռներով եւ այլն, որպեսզի ոչ ոք այլեւս չմտածի մեզ պայմաններ թելադրելու մասին։ Միայն այդ դեպքում Ադրբեջանը, նրա հոգեհայր Թուրքիան եւ նրանց գրգռող, երկակի խաղ խաղացող գերտերությունները ձեռ կքաշեն Արցախից։
Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծած նոր պատերազմը շատ ավելի դաժան ու ծանր է լինելու, երկուստեք մեծ կորուստներ ենք ունենալու։ Եթե բազմամիլիոն Ադրբեջանի համար կորուստների թիվը էական նշանակություն չի ունենալու, ապա 140 հազար բնակչություն ունեցող Արցախի համար բնակչության շուրջ 30 տոկոսի կորուստը ճակատագրական է լինելու։ Համոզված եմ, որ հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով…
Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է՝ մի 5 տարով։ Ավելի կոնկրետ՝ փոքր կամ միջին բիզնես ունեցողներին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձեւով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունենա։
Արցախի կորուստը, ի վերջո, կբերի ողջ Հայաստանի կորստին, որովհետեւ թուրքը երբեք ձեռք բերածով չի կշտանում։ Նրանք վաղուց խոսում են նաեւ Զանգեզուրի, Մեղրիի, անգամ Սեւանի՝ ադրբեջանական տարածք լինելու մասին։ Ասում ենք՝ մենք դեռ հողեր ունենք ազատագրելու, Արեւմտյան Հայաստանից ենք խոսում… Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները, որ իրոք մեր պատմական հողերն են, պահենք, բնակեցնենք, մշակենք, շենացնենք, հետո միայն մնացածի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Արցախյան խնդրի վերջնական լուծումը միայն մեզնից է կախված։ Այն մե՛ր ձեռքում է։

ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արցախյան ազատագրական պայքարի ղեկավարներից,
1988-90 թթ. ընդհանուր ջոկատների շտաբի պետ,
ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր՝ Արցախից,
«Կռունկի», Ազգային խորհրդի նախագահության անդամ,
պահեստի գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել