Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐԾՐՈՒՆԻՆ, ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼԸ»

Սեպտեմբեր 28,2011 00:00

NEW

Երեվանի Էրեբունի եվ Նուբարաշեն  համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա օգոստոսի 12-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին:

Դատարանը քննելով  դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու միջնորդությունը՝ բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու մասին  նշված որոշմամբ միջնորդությունը  մերժել է: Ըստ փաստաբան Նարինե Ռշտունու, դատարանի որոշումն անհիմն է, կայացվել է օրենքի խախտմամբ եվ ենթակա է բեկանման:
Ամեն ինչ սկսվել է 2006թ. օգոստոսի 8-ին, երբ Էրեբունի եվ Նուբարաշեն համայնքի դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությունը՝ դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քրօրի 72 հոդվածով, 17-100 հոդվածով  եվ 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճիռը վերանայելու  եվ այն 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին, որոշել է միջնորդությունը բավարարել:
Ըստ դատարանի որոշման, 1961 թ. Քրեական  օրենսգրքի  72 հոդվածը, 17-100 հոդվածը  եվ 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում են 2003թ.  ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եվ 15-րդ կետերին: «Փաստորեն, դատարանը գտել է, որ 17- 99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում է 104 հ. 2-րդ մասի 1-ին եվ 15-րդ կետերին, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 10.12.1996թ. թիվ 10 դատավճռով մեղավոր չի ճանաչվել 2 կամ ավելի անձանց սպանության համար, քանի որ տվյալ դեպքում ինքը կդատապարտվեր 1961թ. Քրեական  օրենսգրքի  99 հոդվածի 4-րդ կետով: Բացի այդ, պետք է լիներ նաեվ 38-104-ի 2-րդ մաս, այլ ոչ թե 104 հոդվածի 2-րդ մաս», իր բողոքում նշել է փաստաբան Ն.Ռշտունին:
Նա  չի բացառում, որ, ըստ երեվույթին, Էրեբունի եվ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի  2006թ. օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել «տեխնիկական սխալ, որի վրա ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ համապատասխան իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա. Արծրունին»:
Վերաքննիչ բողոքում փաստաբանը տեղեկացնում է նաեւ, որ որոշման նկարագրական  մասում, Արսեն Արծրունու անունից բացի, նշված է ոմն Ռոբերտ Սահակյանի անունը: Ո՞վ է եղել նա:
Պարզվում է, որ ըստ գործի նյութերի, Ռոբերտ Մարտինի Սահակյանի նկատմամբ նույնպես ստացվել էր դատավճիռը վերանայելու եվ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին միջնորդություն, եվ միջնորդությունների քննարկումը նշանակված  է եղել նույն օրը` 08.08.2006թ., նույն ժամին` ժ. 10-ին, այսինքն՝ մի քանի գործ քննվել է մեկ դատական նիստով:
Երբ այս տարի Նարինե Ռշտունին Ա.Արծրունուն իրավաբանական օգնություն է ցույց տվել, պահանջել ու ծանոթացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  գտնվող Ա.Արծրունու անձնական գործի հետ, դիմել է նաեւ ՀՀ Դատական դեպարտամենտ, ստացել փաստաթղթերի պատճեններ: Նկատենք, որ այդ ժամանակ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած էր արդեն ճանաչվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ  հոդվածի համաձայն  էլ՝ արարքի հանցավորությունը վերացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչեվ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը:  Փաստորեն, ըստ Ն.Ռշտունու, 23.05.2011թ.104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացվելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է վերավորակվեն ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:
ՀՀ Սահմանադրության 22-րդ  հոդվածի համաձայն. արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։
Այս տարվա հուլիսի 1-ին Արսեն Արծրունին դիմել է դատարան՝  բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել էր. «Ակնհայտ է, որ այն դեպքում, երբ դատարանը կատարել է սխալ՝ դատավորի անփութության հետեվանքով, այդ սխալը չի հայտնաբերվել գործին մասնակցած դատախազի կողմից, այն չէր կարող հայտնաբերվել մահապատժի, ապա ցմահ ազատության դատապարտված, իրավաբանական կրթություն չունեցող անձի կողմից: Դատարանը պետք է հաշվի առներ անձի հոգեբանական վիճակը եվ  այդ ընթացքում փաստաբան չունենալու հանգամանքը: Արծրունու մտքով անգամ չի անցել, որ դատարանը կարող էր մեկ հոդվածը մյուսի հետ համապատասխանեցնելիս կատարել ճակատագրական սխալ», ասում է փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել