Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ իշխանությունները անհանգստացա՞ծ են Հայաստանի «եվրաատլանտյան կողմնորոշմամբ»

Դեկտեմբեր 12,2012 13:51 Share

Մոսկվան ակտուալ է համարում «նարնջագույն հեղափոխությունների» խնդիրը ԱՊՀ տարածքում

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ անդրադառնալով Մաքսային միությանը եւ արեւմտյան փորձագետների մեղադրանքներին, թե Ռուսաստանը ձգտում է դեպի ԽՍՀՄ վերադարձի:

Պուտինը «անհեթեթություն» է անվանել օտարերկրացի քաղաքագետների, պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն Մաքսային միության գաղափարով փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը. «Ինձ համար տարօրինակ է լսել, որ իբր Մաքսային միությունը (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը) ԽՍՀՄ ամբիցիաների վերականգնումն է: Ինչպիսի անհեթեթություն»,- ասել է ՌԴ նախագահը եւ նկատել, որ «ամբողջ աշխարհը գնում է դեպի ինտեգրացիա», եւ որպես օրինակ մատնանշել է ԱՄՆ-ը, Եվրոպան. «Որպես պարտադիր կատարման որոշումներ, որոնք ընդունվել են Եվրախորհրդարանի կողմից, դրանք ավելին են, քան ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշումները. ահա ինտեգրացիայի այսպիսի աստիճան: Մաքսային միությունը բնական գաղափար է: Մենք ունենք ընդհանուր լեզու, մենթալիտետ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, տնտեսության տարբեր ճյուղերի փոխկապակցվածություն»,- պարզաբանել է Պուտինը:

Սակայն ՌԴ նախագահի վերոնշյալ հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի կողմից հնչած մի գնահատական իր բովանդակությամբ խիստ տարբերվում էր Պուտինի վերոնշյալ մեկնաբանությունից. այն անհամեմատ ավելի անկեղծ էր։ Պատրուշեւը բավական հստակ նշեց, որ ՌԴ-ի համար, ինչպես նախկինում, ակտուալ է «նարնջագույն հեղափոխությունների» խնդիրը «մերձավոր եւ հեռավոր արտասահմանում»: Պատրուշեւը բառացիորեն ասել էր հետեւյալը. «Մենք չենք կարող ասել, որ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է: Մենք պետք է հետեւենք այդ գործընթացներին: «Նարնջագույն հեղափոխությունների» իրագործման փորձերը ԱՊՀ շատ երկրներում են նկատվում, մասնավորապես՝ Ղրղըզստանում, Ուկրաինայում»: Թերեւս կարիք չկա պարզաբանելու, որ «մերձավոր եւ հեռավոր արտասահման» ձեւակերպմամբ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը կարող էր նաեւ Հայաստանը նկատի ունենալ:

Հայաստանի «կողմնորոշման» հարցը, ի դեպ, վերջին շրջանում ռուսաստանցի պաշտոնյաների քննարկման նյութ է դարձել, ավելին՝ Հայաստանը նրանց կողմից հիշատակվում է անգամ Ուկրաինայի հետ զուգահեռ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, մի բան, որը երբեւէ չի նկատվել: ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը դեռեւս նոյեմբերի կեսերին մի ուշագրավ հայտարարություն էր արել, որը հայաստանյան մամուլի ուշադրությունից վրիպեց: «Գոլոս Ռոսիի»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրական Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը անդամ պետությունների հետ սահման չունի, Դենիսովը նկատել էր, որ Հայաստանը երկիր է, որը քաղաքականապես եւ տնտեսապես բավական մոտ է Մաքսային միությանը անդամակցող երկրներին: Սակայն Դենիսովի ամենահետաքրքրական ամրագրումը այն էր, երբ անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի, նա նկատել էր. «Դա իսկապես, թվում է, աշխարհագրական գործոն է, բայց կա նաեւ տնտեսական գործոնը: Որքանով որ ես եմ տեղյակ՝ Հայաստանը, ինչպես եւ Ուկրաինան, որպես պետության զարգացման ռազմավարական առաջնահերթություն, նախապատվություն են տալիս եվրաատլանտյան համագործակցությանը, այսպես ասենք՝ եվրաատլանտյան կողմնորոշմանը։ Համենայնդեպս, այդպիսի կարգախոսների եւ նման մտադրությունների մասին հայտարարվում է։ Բայց ինչպես ասում են, մենք դրանում ոչ լավ, ոչ վատ բան չենք տեսնում, դա Հայաստանի ընտրությունն է, սակայն դա ոչ մի կերպ չի բացառում տնտեսական սերտ համագործակցությունը»։

Համաձայնենք, որ ամեն օր չէ, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, ավելին՝ դիվանագետը, Հայաստանը «եվրաատլանտյան կողմնորոշմամբ» երկիր է անվանում։ Թե ինչ նպատակով այս արտահայտությունը Մոսկվան հրապարակ նետեց, իհարկե՝ այլ թեմա է, դրա պատճառները կարող են տարբեր լինել, սակայն ինքնին փաստը արդեն իսկ մտորելու տեղիք է տալիս, այն էլ՝ առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ինչեւէ, ՌԴ իշխանությունների վերջին օրերի պարզաբանումները, իհարկե, պետք է դիտարկել դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի բավական կոշտ հայտարարության կոնտեքստում: Քլինթոնը փաստացի նախկին Խորհրդային Միության տարածքում Եվրասիական միություն ստեղծելու՝ ՌԴ նախագահի գաղափարը նախկին Խորհրդային Միությունը վերականգնելուն միտված նախաձեռնություն անվանեց։ Ավելին՝ Քլինթոնը շեշտեց, որ խոստանում է անել հնարավորը՝ ՌԴ նախագահի գովազդած այդ գաղափարը ձախողելու համար։ «Այժմ միտում կա տարածաշրջանը կրկին խորհրդայնացնելու։ Այն կարող է կոչվել Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ դրա նման մի բան, սակայն եկեք ինքներս մեզ չխաբենք՝ մենք հստակ գիտենք, թե ինչ նպատակ է դա հետապնդում, եւ արդյունավետ միջոցներ ենք որոնում այդ շարժումը դանդաղեցնելու կամ կասեցնելու համար»,- նշեց Հ. Քլինթոնը: «Անհանգստացնող է, որ Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց առաջընթացի ուղղությամբ այդչափ հույսեր չեն արդարացել, մենք փորձում ենք կռիվ տալ դրա դեմ, սակայն այդ կռիվը շատ դժվար է»,- խոստովանեց պետքարտուղարը՝ հավելելով նաեւ, որ Վաշինգտոնի փորձերը Բեռալուսում հաջողությամբ չեն պսակվել, Ուկրաինան դարձել է ամենամեծ հիասթափություններից մեկը։ «Չի կարելի սխալվել: Մենք գիտենք՝ նպատակը որն է, եւ փորձում ենք գործընթացը դանդաղեցնելու կամ կանխարգելելու արդյունավետ միջոց գտնել»,- ասաց ԱՄՆ պետքարտուղարը՝ քննադատելով ՌԴ-ում, Բելառուսում, Թուրքմենստանում եւ մի շարք այլ երկրներում բռնության նոր ալիքը:

Թեեւ Արեւմուտքի արձագանքը մեղմելու նպատակով ՌԴ իշխանությունները ինտենսիվորեն հայտարարություններ են անում, պարզաբանումներ են տալիս, թե Պուտինի գաղափարը պետք է ընկալել որպես «ինտեգրացիայի նոր ձեւ», որը հիմնված է միայն տնտեսական բաղադրիչի վրա, այնուամենայնիվ՝ արեւմտյան պաշտոնյաների անհանգստությունը Հայաստանի «կողմնորոշման» նկատմամբ նույնպես ակնհայտ է։ Հարկ է նշել նախեւառաջ այն փաստը, որ Երեւանում վերջերս տեղի ունեցած ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին, բացի ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսից, ժամանել էր անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ինչը նման պաշտոնյայի մակարդակով պարտադիր չէր:

Առաջիկա օրերին եւս Հայաստան են ժամանելու եվրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկվանից մեկնարկել է Լեհաստանի, Բուլղարիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների այցը Հարավային Կովկասի երկրներ: Բաքվից հետո ԱԳ նախարարները կլինեն Վրաստանում, ապա՝ Հայաստանում: Իսկ դեկտեմբերի 13-15-ը մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում Հայաստան է ժամանելու Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի իշխանությունների, քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31