Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի գյուղերը սերմնացուի պարտքերը չեն կարողանում լիովին մարել

Փետրվար 11,2013 12:44

2012թ.-ը Սյունիքի մարզի շատ գյուղերի համար բարեհաջող տարի չէր: Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղի համար նույնպես տարին հաջող չէր. Եղանակային անբարենպաստ պայմանները, գարնանային կարկտահարությունը գյուղացիներին տհաճ անակնկալ մատուցեցին: Մշակված տնամերձ այգիների բանջարանոցային կուլտուրաները, ծառերի բերքն ու դաշտերի գարու ու ցորենի ցանքսերը կարկուտը հողին է հավասարեցրել, գյուղացիների ամբողջ չարչարանքը մի քանի ժամում ամբողջովին ջուրը լցրել:

Տարվա վերջին գյուղ կատարած այցելության ժամանակ գյուղում մեզ հանդիպած բնակիչները մտահոգված պատմում էին անբարեհաջող տարվա մասին, եւ կարկուտից տուժած գյուղի համար ամենամեծ խնդիրը գյուղացիական տնտեսությունների հասցրած վնասների փոխհատուցման կամ աջակցության հարցը համարում: «Գյուղում մարդիկ կան, որ պայմանագիր են կնքել 150 դրամով ցորենի սերմնանյութ ձեռքբերել և պարտավորվել են վերադարձնել դրա կրկնակին:
Բայց այս տարի կարկուտի հասցրած վնասի պատճառով բերք չեն ստացել, ստիպված են գումարային փոխհատուցում տալ` 300 դրամով հաշվարկ անել և պետությանը վճարել: Թոշակառու մարդիկ ո ՞նց պետք է վճարեն էդ պարտքը: Գյուղացիներն ուրախ կլինեին, որ գոնե այդ հարցով պետությունը օգներ մի քիչ», – ասաց գյուղի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Կարկուտից տուժած Սյունիքի մարզի գյուղերի բնակիչները ոչ միայն պետությունից աջակցություն չեն ստացել, այլեւ ստիիպված են եղել սերմնանյութի պարտքը վերադարձնելու տարբերակներ փնտրել: Սակայն ոչ բոլորին է հաջողվել պարտքը մարել մինչեւ օրս:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի (լուսանկարում) խոսքով` դժվարություններ կան պարտքերի հավաքագրման գործընթացում, ոչ բոլոր համայնքներն են կարողացել լիովին մարել պարտքերը:

«Առաջին վերարտադրության սերմնանյութը, որը կգ 160 դրամով բաժանել ենք բնակիչներին, դեռ դժվարություններ ունենք այդ պարտքերն ամբողջովին հավաքագրելու հարցում: Կան համայնքներ, որ համարյա ամբողջովին գումարները տվել են, մնացած համայնքները ընթացքի մեջ են: Ճիշտ է դժվարություններ կան, բայց մոտ 30-40 տոկոսի չափով տվել են, հույս կա, որ էդ գումարները ամբողջովին կփակեն: Բնակիչների կողմից պատճառաբանությունները միայն անբարենպաստ եղանակային պայմաններին չեն վերագրվում: Նրանք ժամանակին ստացել են ցորենը, վաճառել են այն, որից հետո դաշտերը նորից սերմել են ու այդ ժամանակ նյութապես մի քիչ կախվածության մեջ են ընկել», – նշեց պարոն Թանգյանը եւ հույս հայտնեց, որ ընթացքի մեջ գտնվող պարտքերի հավաքագրումը կհաջողվի լիովին իրականացնել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728