Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել եւ միասնական ցուցակով գնալ ընտրությունների։ Այս փաստի արձանագրումը՝ որպես կանոն կախվում է այս ընտրություններում Երեւանի իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքից վերցնելու հնարավորության հետ։ Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեին, ապա ՀՀԿ-ին հաղթելու հավանականությունը կմեծանար, եթե չմիավորվեցին՝ դժվար է լինելու, կամ ավելի ճիշտ՝ անհնար։
Ցանկացած ընտրությունից առաջ հասարակության, ընտրազանգվածի մեջ նման տրամադրություն ստեղծելը իշխող քաղաքական ուժի համար ռազմավարական նշանակության հարց է: Միայն այս հարցը լուծելուց հետո է, որ կարող են արդյունավետ դառնալ մարտավարական քայլերը։ Ընտրողներին նախ որեւէ փոփոխության անհնարինության, հետեւաբար նաեւ՝ անկարողության սինդրոմ է ներարկվում, որից հետո գործի են դրվում ավանդական մեթոդները՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, երթուղայիններով փոխադրումներ եւ այլն։ Եվ ահա առաջիկա ընտրություններն այս իմաստով ոչնչով չեն տարբերվում նախորդներից։ Իշխանությունների ռազմավարական խնդիրը լուծված է, ընդդիմադիր ուժերը ոչ միայն միասնական ցուցակով չեն մասնակցում ընտրություններին, այլեւ քարոզարշավի այս փուլում պայքարում են միմյանց դեմ, իսկ քվեարկության փուլում փորձելու են միմյանցից, իսկ ավելի կոնկրետ՝ այս պահին ամենամեծ ժողովրդականությունը վայելող ուժից, ձայն փախցնել։ Այս ամենը լայնորեն կլուսաբանվի հեռուստատեսությամբ եւ ընդդիմության նկատմամբ ընտրողի «ցասումի» կիզակետում վրա կհասնի ՀՀԿ-ի (նաեւ՝ ԲՀԿ-ի) ներկայացուցիչը՝ առաջարկելով X գումար, իր ուժին ընտրելու դիմաց։ Երկար տարիներ այս ռազմավարությունը ՀՀ բոլոր ընտրություններում արդարացրել է իրեն։ Ու զարմանալի չէ իհարկե, որ ցանկացած ընտրությունից առաջ ընդդիմադիր ուժերի մեջ միշտ գտնվել են մեկը կամ երկուսը, որ խափանել են նախագահականի դեպքում՝ միասնական թեկնածուի շուրջ համախմբումը, խորհրդարանականի եւ ավագանու ընտրությունների դեպքում՝ միասնական ցուցակի շուրջ համախմբումը։ Եվ այս օրինաչափության ֆոնին առնվազն ծիծաղելի են մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի ձգտումները՝ հետընտրական դաշինք կամ միավորում ձևավորելու եւ այդպիսով քաղաքային իշխանությունը փոխելու ուղղությամբ։
«Հայկական ժամանակ»