Ասում է նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանը
Նախկին փախստական Անդրանիկ Իսրայելյանի դատական քննություններն ավարտվեցին: Անդրանիկի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը մերժվեց Հայաստանի վարչական դատարանում: Դրանից հետո նա մերժված ակտը բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարանում, սակայն այդտեղ էլ չհաջողվեց ապացուցել փախստական լինելու հանգամանքը, առ այն, որ նա 1989 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն, հաշվառվել է որպես փախստական եւ 16 տարին լրանալուն պես՝ ստացել է փախստականի վկայական: Հոգնելով մեկ տարի տեւած անհիմն քաշքշուկներից եւ նրանից, որ հանկարծ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից ճանաչվել է որպես ոչ փախստական, դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այդտեղ նա փորձել է վերականգնել իրավունքները՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալով: Դա իրեն հաջողվել է. «Չնայած նրան, որ օրենքով սահմանված էր քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալ 30 -օրյա ժամկետում, սակայն իմ դեպքում այն տեւեց ավելին, քան 30 օր: Այս անգամ էլ խնդիրներ առաջացան իմ բնակության վայրի մասին տեղեկանք վերցնելու մասով: Տեղեկանքը մի կերպ վերցրեցի եւ ներկայացնելով անձնագրային եւ վիզաների վարչություն, անցնելով եւս 2 շաբաթ, ինձ հատկացրեցին քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմեց Անդրանիկը: Նա այնքան էր ջանացել, որպեսզի կարողանար վերականգնել փախստականի կարգավիճակը, քանի որ նա ընտանիքում միակ անձն էր, որ դեռ շարունակում էր մնալ փախստականի կարգավիճակում եւ այդ կարգավիճակի միջոցով նա դեռ գործեր ուներ անելու, որոնք այդպես էլ անավարտ մնացին: Ապրելով 6 շնչից բաղկացած ընտանիքում՝ առանց աշխատանքի եւ բազմապիսի խնդիրներով, որոնցից մեկն էլ հենց բնակարանային խնդիրն է եւ չկարողանալով պաշտպանել իրավունքները սեփական հայրենիքում, Անդրանիկը, վերցնելով քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, այժմ պատրաստվում է հաջողությունն ու օրվա ապրուստը գտնել հայրենիքից դուրս: Այն տնակը, որտեղ նա ապրում է մեծ ընտանիքով՝ բաղկացած է 2 սենյակից, իսկ անձրեւաջուրն ամեն անգամ հիշեցնում է տան խարխուլ հիմքերի մասին, երբ սկսում է առատ թրջել տանիքը. «Բացարձակ ցանկություն չունեմ կրկին անգամ հեռանալու Հայաստանից, սակայն այսպես ապրել էլ չեմ կարող: Մի կողմից հանկարծակիի են բերում ու ինձ փորձում ապացուցել, որ այլեւս փախստական չեմ ու դեռ մի բան էլ չեն ուզում հետաքրքրվեն՝ արդյոք այսքան ժամանակ ես ո՞ղջ եմ եղել: Չէ՞ որ կա միգրացիա, որը պարտավոր է զբաղվել փախստականների հարցերով, իսկ իրենք ի՞նչ են անում: 20 տարուց ավելի փախստականի կարգավիճակում մի կերպ գոյատեւել եմ ու այդքանից հետո ինձ փորձում են ապացուցեն, որ ես փախստական չեմ: Արդեն վերցրել եմ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականս եւ դրանով իմ ուղին կփնտրեմ այն երկրում, որտեղ հարգում են մարդու իրավունքները, իսկ մարդիկ աշխատում են ըստ պատշաճի»:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը փաստաթուղթ է, որը տվյալ անձի ազատ տեղաշարժի, բժշկական եւ այլ իրավունքների արտոնություն է ստեղծում, որն էլ համարվում է Անդրանիկի անձը հաստատող միակ եւ օրինական փաստաթուղթը:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Անդրանիկի քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականն է՝ շապիկից նկարված:


















































