Լրահոս
Օրվա լրահոսը

Վարք ջայլամաց. Եպիսկոպոսաց ժողովը զբաղված էր սքոլաստիկ խնդիրներով

Սեպտեմբեր 30,2013 11:40

Երբ որեւէ քննադատական բառ է արտասանվում կամ գրվում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների, եկեղեցում տիրող բարքերի մասին, գլխավոր փաստարկը, որը բերվում է դրա դեմ, շատ պարզունակ է՝ «դուք անհավատ  եք»: Դա, իմ կարծիքով, փաստարկ չի, որովհետեւ հնարավոր է ագնոստիկ լինել, բայց հավատարիմ մնալ հոգեւոր բարձր արժեքներին: Հենց ագնոստիկ, ոչ թե աթեիստ, որովհետեւ աթեիզմը նույն մոլեռանդ հավատն է՝ միայն թե «մինուսի» նշանով:

Աթեիզմը ստիպել էր պատմության ընթացքում տարբեր տեսակի «բոլշեւիկներին» (ոչ միայն 1917 թվականի ռուսական, այլեւ, օրինակ, 1789  թվականի ֆրանսիական հեղափոխության ժամանակ) քանդել  տաճարներն ու հալածել հոգեւորականներին:

20-րդ դարի Ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը շատ դիպուկ նկատել է, որ «աթեիստը մանյակ է, որն այնքան է հրապուրված Աստծով, որ ամենուր տեսնում է նրա բացակայությունը եւ չի կարող բերանը բացել՝ առանց նրա անունը տալու»:

Թողնենք, ուրեմն, բոլոր մոլագարներին («պլյուս» կամ «մինուս» նշանով) եւ փաստենք, որ, անկախ իր հավատի խորությունից, ցանկացած հայ, առավել եւս՝ ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքը հայտնել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորների եւ բարքերի մասին: Մանավանդ, երբ խոսքը, օրինակ, Մեռելոցի մասին է: Ի՞նչ է՝ այն վերաբերվում է միայն հավատացյալների՞ն: Ոչ, կառավարությունը պարտադրում է ոչ միայն մեզ՝ հայ քրիստոնյաներիս, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ այդ թվում այլ դավանանքների հետեւորդներին եւ ոչ մի դավանանք չունեցողներին, տարին  5 անգամ չաշխատել երկուշաբթի օրը եւ աշխատել շաբաթ օրը: Դա անհարմար է բիզնեսի առումով, որովհետեւ մասնավոր ձեռնարկություններից շատերը (օրինակ,  ԶԼՄ-ները) շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, ինչպես նաեւ հակասության մեջ է մտնում աշխարհիկ պետության սկզբունքների հետ:

Անցած շաբաթ մեր բարձրաստիճան եկեղեցականները, կարծես թե, բացառիկ հնարավորություն ունեին քննարկելու այդ բոլոր խնդիրները: Բայց, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները բացարձակապես մտահոգված չեն իրենց՝ եպիսկոպոսների հեղինակության անկմամբ եւ զբաղվել են այնպիսի հարցերով, որոնք Հայաստանում, համենայնդեպս, շատ քչերին են հուզում:

Մկրտության ծեսի միասնականացման եւ սրբերի շարքին դասելու խնդիրը, եթե դրանք այսքան կարեւորվում են, կարելի է  լուծել «աշխատանքային կարգով», նույնիսկ՝ իրար էլեկտրոնային նամակներ ուղարկելով: «Բենթլի», օֆշոր, Նորվան սրբազան, Երուսաղեմի պատրիարք՝ ահա թե ինչն է հուզում Հայաստանի հասարակությանը: Շրջանցել այդ հարցերը, ձեւ անել, թե դրանք գոյություն չունեն, առնվազն ջայլամություն է նշանակում: Ժողովականները նման էին միջնադարյան սխոլաստ աստվածաբաններին, որոնք հավաքվում եւ տաք-տաք վիճում էին, թե քանի հրեշտակ կտեղավորվի ասեղի սուր ծայրին:

Մինչդեռ հարցը սկզբունքային է. արդյոք հոգեւորականը իր համեստությամբ, իր զուսպ, ժուժկալ վարքով պե՞տք է մեզ՝ հավատացյալներիս օրինակ ծառայի եւ ճանապարհ ցույց տա: Թե՞ հիմա դա պարտադիր չէ, եւ բարձրաստիճան հոգեւորականն այսօր ոչնչով չպիտի տարբերվի աշխարհիկ իշխանության իր «ախպերությունից», ապրի նույն արժեքներով եւ խցկվի նույն բիզնեսների մեջ:

Նոր կտակարանում մի դրվագ կա, երբ մի հարուստ երիտասարդ մոտենում է Տիրոջը եւ հարցնում, թե ի՞նչ պետք է անի՝ հավիտենական կյանք մտնելու համար: Հիսուսն ասում է, որ պետք է պահել պատվիրանները: Երիտասարդը, պարզվում է, դա անում է մանկուց: «Ինձ դեռ ի՞նչն է պակասում», – հարցնում է նա: «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր, ինչ ունես, եւ տուր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս,  եւ ապա արի՛ իմ հետեւից» (Մատթեոս, 19): Երիտասարդը դրան պատրաստ չէր: Դրան պատրաստ չեն նաեւ մեր եպիսկոպոսները, որոնք ոչ միայն չեն կատարում Աստծո պատվիրանները, այլեւ շալակել են իրենց նյութական հարստությունները եւ այդպիսով ուզում են գնալ Տիրոջ հետեւից: Մեզ էլ հետները տանեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Քրիստոս առաջին դարի եպիսկոպոսներին -օրենքի ուսուցիչներին-հետևյալն է ասում Մատթեոս 23-ում, “Վայ ձեզ… որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք ինքներդ չեք մտնում և մտնող ուզողներին էլ թույլ չեք տալիս… Վայ ձեզ, կույր առաջնորդներ…Վայ ձեզ….Վայ ձեզ…” Հիսուս չի խնայում այդ հավատացյալներին, և շարունակում է, “.. օձեր, իժերի ծնունդներ… ”

    Հենց այս հավատացյալներն էլ դավադրությամբ սպանում են Հիսուսին`իրենց դիրքը կորցնելու վախից և այլ պատճառներով:

    Ես համոզված եմ, որ եթե Աստծո Որդին մեկ անգամ ևս որոշեր մարդեղանար….այս անգամ ասենք Հայաստանում… նուն իր ծառաները, նույն պատճառներով, դարձյալ Քրստոսին կսպանեին…

  2. Համլետ says:

    Լուսահոգի Վազգեն Առաջինից հետո մենք հովվապետ չենք ունեցել,իսկ Հայ Առաքելական Եկեղեցին վեր է ածվել ,,ՀՀ նախագահացուի վկաներ,, աղանդի:Զզվանքով դիտեցի վերջերս համացանցում տարածված տեսահոլովակը,որտեղ Գարեգին Չգիտեմորերորդը կիսագողական բազար էր վարում վրացական Կաթողիկոսի հետ…
    https://www.youtube.com/watch?v=5VSl–b8wkU

  3. Եկեք մեռած արժեքները հանգիստ թողնենք says:

    Արամ Աբրահամյան ջան, թե վարձկան ու դեղնակտուց եպիսկոպոսիկնեն իրենց նյութական հարստությունները շալակած ում հետևից են գնում, չգիտեմ, բայց հաստատ մեզ հետները չեն տանում. Հետո բավական է էլի, եկեք մեռնող արժեքներից խոսենք, իսկ մեռած արժեքները հանգիստ թողնենք. Միթե ամեն ինչ հասկանալի չէ.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իմ համար քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին մեռնող արժեք չէ՝ անկախ ներկայիս եպիսկոպոսների դատապարտելի վարքից:

  4. Թեղուտ says:

    Պրն. Ա. Աբրահամյան, Դուք լավ մասնագետ եք Ձեր գործի, հրաշալի հոդվածներ եք գրում և դրանցով որոշակի շրջանակներում կարծիք ձևավորում: Թույլ տվեք փոքրիկ քննադատություն ուղղել Ձեր հոդվածի բովանդակությանը: Այն, ինչ Դուք գրել եք հայտնի է շատ-շատերին, իսկ չիմացողներն էլ հեշտությամբ կարող են նման տեղեկատվություն գտնել: Առավել լրագրողական (այսինքն՝ ճիշտ) կլիներ, եթե Դուք վերացական խոսքերի փոխարեն հստակ տեղեկություններ հրապարակեիք, որովհետև Ձեր գրածը, կրկնում եմ, գիտենք վաղուց: Օրինակ, ինչն է խամգարում, որ մի քանի օր ծածուկ հետևեիք Կճոյանին և տեսա ու լուսանկարահանեիք նրա մութ կողմերը:

  5. Վանեցի says:

    Մոլոք մոլագրություններով
    Մոլար մոլուցքներով
    Մոլորամիտ մոլեգնած
    Մոլեռանդ մոլի
    Մոլեկրոն մոլորվածներով
    Մոլորյալներիս՝ մեր
    Միակ մոլորակ…

  6. Արմեն says:

    Համաձայնվել այսպիսի վերնագրով նյութի հետ անհանար է, ինչ է թե չի քննարկվել այն թեման, որը ըստ հեղինակի ավելի կարևոր էր:
    Կարդալով այս նյութին արձագանքողների մտքերը, հասկանում եմ, որ վերնագիրը հաստատ դրդել է մարդկանց այդպես արձագանքել, որը իմ համոզմամբ ոչ մի լավ բանի չի կարող բերել:
    Նաև ենթադրում եմ, որ դեռ հարց է թե ինչպիսի հարցեր են քննարկվել, որոնք հրապարակման ենթակ չեն մեր եկեղեցու համար և դա ես կարող եմ ըմբռնել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30