Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Իսկ ի՞նչ է, սպասում էիք, որ ղազախական կողմը պետք է Հայաստանի շահե՞րն առաջ տաներ». «Հայոց աշխարհ»

Հունիս 05,2014 10:43

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
-Ղազախստանը անդամակցում է նաեւ ՀԱՊԿ-ին, որի հետ մենք կապում ենք մեր անվտանգության համակարգը։ Վստա՞հ եք, որ «ընկերոջը չգրգռելու» նկատառումով նույն Նազարբաեւը չի կիրառի վետոյի իր իրավունքը, եթե խնդիր առաջանա՝ հավաքական ուժերով պաշտպանելու Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից։

-Հիշեցնեմ, որ տասնամյակներ առաջ՝ դեռ Բրեժնեւի ժամանակներից, հայր Ալիեւը փորձում էր «մահմեդական արքունիք» ստեղծել, բայց Սովետական Միությունը փլուզվեց, եւ այդ գաղափարը չհաջողվեց կյանքի կոչել։

Խնդիրը, թե ով է դառնալու մահմեդական աշխարհի «տիրակալը», այսօր էլ մնում է օրակարգում. կան մարդիկ, որոնք ուզում են «պապայի» դերում հանդես գալով՝ դիվիդենտներ շահել, կախվածության մեջ դնել ե՛ւ կրտսեր Ալիեւին, ե՛ւ թյուրքալեզու մյուս պետությունների ղեկավարներին։ Նազարբաեւի հայտարարությունները, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ են։ Նույնը ՀԱՊԿ-ի դեպքում է։

Պարզ է, որ մենք միշտ ունենալու ենք ընդդիմախոսներ, ընդդիմադիրներ, ինչո՞ւ չէ՝ հակառակորդներ մահմեդական աշխարհում, եւ պետք է կարողանանք հանգիստ, համբերատար հաղթահարել նրանց դիմադրությունը։ Իսկ ի՞նչ է, սպասում էիք, որ ղազախական կողմը պետք է Հայաստանի շահե՞րն առաջ տաներ։ Երբեք այդ ակնկալիքը չեմ ունեցել եւ չունեմ։

-Այնուամենայնիվ, եթե հարցը դրվի «կամ-կամ»-ի հարթության վրա՝ կա՛մ մաքսակետ ենք դնում Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, կա՛մ չենք անդամակցում ԵՏՄ-ին, ինչպիսի՞ն պետք է լինի մեր ընտրությունը։

-Մենք այդ գործընթացը սկսել ենք առանց նախապայմանների. երբ Հայաստանը հայտարարեց ՄՄ մտնելու եւ ԵՏՄ-ի ձեւավորմանը մասնակցելու ցանկության մասին, մեր առջեւ որեւէ նախապայման չի դրվել։

Չեմ կարող ասել, իմանայի էլ՝ ինձ իրավասություն չէի վերապահի բարձրաձայնել, թե փակ դռների հետեւում ինչ խոսակցություններ են եղել, բայց մի բան ինձ համար ակնհայտ է՝ «կամ-կամ»-ի հարց չի կարող առաջանալ, որովհետեւ նախնական պայմանավորվածությունների ժամանակ նախապայմաններ չեն եղել, եղել են պայմանավորվածություններ, թե ինչ պայմաններով պետք է Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը։

Մեր կարեւորագույն՝ գերագույն խնդիրը Ղարաբաղի խնդիրն է, եւ մենք չենք մտնի Եվրասիական միություն կամ ՄՄ՝ կորցնելով մի քանի տասնյակ տարիների մեր զրկանքների, բազում փորձությունների եւ բազմաթիվ հայորդիների արյան գնով ձեռք բերվածը՝ ԼՂՀ անկախությունը եւ արցախահայության անվտանգ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հնարավորությունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30