Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Նազարբաեւը այդ հայտարարությամբ ցանկանում է սիրաշահել Իլհամ Ալիեւին»

Հունիս 06,2014 16:56

Մուշեղ Խուդավերդյանը զուգահեռներ անցկացրեց Նազարբաեւի հայտարարության եւ երկու տարի առաջ Հունգարիայի ղեկավարության վարքագծի հետ, երբ Ռամիլ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին

«Վերջին շրջանում գերտերությունների, մասնավորապես՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պայքարը թեւակոխեց նոր փուլ»,-այսօր՝ հունիսի 6-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի թուրքագետը Նազարբաեւի հայտարարությունը , նա պատասխանեց, որ այդ հայտարարությունը նշան էր նրա, որ չնայած Հայաստանը մտնում է Մաքսային միություն, այդուհանդերձ Ղազախստանը կոնկրետ շահեր ունի Ադրբեջանի հետ կապված. «Նազարբաեւը այդ հայտարարությամբ ցանկանում է սիրաշահել Իլհամ Ալիեւին, որպեսզի հետագա համատեղ նախագծերի ժամանակ Ղազախստանը որեւէ դժվարություն չունենա Ադրբեջանի հետ հարաբերություններում»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, արդյոք այդ հայտարարությունը պարզապես սիրաշահում էր, թե՞ ուներ որեւէ այլ համատեքստ, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց, որ դա միանշանակ Ալիեւի վարչախմբի տեսակետը աջակցող հայտարարություն էր.
«Ըստ իս՝ սա ավելի շատ բխում էր ոչ այդքան Նազարբաեւի հակահայկականության, որքան տվյալ պահին Ադրբեջանի շահերի համընկնման տեսանկյունից: Նազարբաեւի այս պահվածքը կարելի է զուգահեռներ անցկացնել նաեւ երկու տարի առաջ Հունգարիայի ղեկավարության վարքագծի հետ, երբ Ռամիլ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին, քանի որ Հունգարիան հույս ուներ գազային բնագավառում Ադրբեջանի հետ սկսել լայն համագործակցություն»:

Մեր հարցին, թե Բաշար ալ-Ասադի Սիրիայի նախագահ ընտրվելուց հետո Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերությունները ինչպե՞ս կընթանան, թուրքագետը պատասխանեց, որ Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերությունները ոչ այդքան պետական հակասություններ են, որքան միջիշխանական, մասնավորապես՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տարիներ շարունակ ֆինանսավորվում եւ օգնություն է ստանում ԱՄՆ-ից, հետեւաբար՝ Էրդողանը տարիներ շարունակ փորձել է տարածաշրջանում պաշտպանել ԱՄՆ-ի շահերը՝ դեմ գնալով Բաշար ալ-Ասադին.
«Սակայն, ներկայումս տեսնում ենք, որ լարվել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, եւ այս տեսանկյունից կանխատեսում անելը բարդ է, թե արդյոք թուրք-սիրիական հարաբերությունները կարո՞ղ են լարվել, թե՞ կմնան նույն մակարդակի, ինչը որ այսօր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30