Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարություն

Հոկտեմբեր 20,2014 11:29

Անարդարությունը՝ ոչ այլ ինչ է, քան ուրիշից գողանալը

Արդարություն…: Բառ, միտք, երևույթ, որը մարդկության ծնունդից մինչև այսօր ու ավելին՝ հավանաբար մինչև մարդկության ավարտը, ամենաորոշիչ արժեքն է ունենալու և ամենամեծ դերն է խաղալու մարդկային հարաբերություններում: Նախնադարից սկսած, արդարությունը միշտ էլ իր եզակի և ուրույն տեղն է ունեցել մարդկային հարաբերություններում և այն մարդկությանն ազնիվ ճանապարհով տանելու եզակի գրավականներից մեկն է: Քանի որ, իրական կյանքում իդեալական ոչինչ չկա, հետևաբար իդեալական արդարություն ևս չկա: Սակայն, դա չի նշանակում, որ նրան կարելի է մատների արանքով նայել: Արդարությունն այն եզակի երևույթներից մեկն է, որ մարդն ամեն վայրկյան առնչվում է նրան: Հազիվ թե, մարդու մոտ առանձնացնենք թեկուզ մեկ հատկանիշ, որի հետ արդարությունն անմիջականորեն չառնչվի:

Արդարությունը կյանքի բացառիկ արժեքներից մեկն է, որը շնչառության պես՝ մշտապես ուղեկցում է մարդուն: Արդարության ոտնահարումը՝ արժեքների ոտնահարում է, որը կարող է մարդուն հանել հավասարակշռությունից և նրան մղել՝ ընդհուպ անկանխատեսելի քայլերի: Արդարությունը շատ զգայուն կատեգորիա է և նրա շարունակական ոտնահարումները՝ մարդու ներսում գլուխ են բարձրացնում անհանդուրժողականություն, անհարմարվողականություն, ըմբոստություն, վիրավորանք, ատելություն, վրեժ…:

Արդարությունը՝ Տիրոջ կողմից մարդու ներսում դրված այն եզակի հատկանիշներից մեկն է, որը խախտելով՝ կարծես թե խախտում ես մարդու ֆունկցիոնալ հավասարակշռությունը և ուղղակիորեն հարվածում մարդու արժեհամակարգին: Որպեսզի պարզորոշ հասկանանք, թե որքան կարևոր է արդարության դերը մարդու կյանքում, ապա բավական է ասել, որ այն ուղղակիորեն համազոր է թթվածնի առկայությանը մթնոլորտում: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե մթնոլորտում նվազի թթվածնի պարունակությունը: Ճիշտ նույն բանն է կատարվում մարդու հետ, երբ ոտնահարում՝ նվազեցնում, խեղդում են արդարությունը: Արդարությունն այնքան ամուր է նստած մարդու մեջ և այնքան թանկ է նրա համար, որքան հղի կնոջ համար՝ իր պտուղը: Ասվածից պարզորոշ հետևում է, եթե մարդկությունը դադարեցնի պայքարն արդարության համար, ապա կյանքն էապես կշեղվի իր բնականոն ճանապարհից և այն լիովին կիմաստազրկվի:

Այլ խոսքով, կյանքի վեկտորը կբեկվի իր բնական հետագծից: Եվ, քանի որ ժամանակն ընդհանրապես կանգ չի առնում, ուստի այդ բեկված վեկտորը պրոյեկտվելով ժամանակի առանցքի վրա, որը կյանքի համար ծառայում է որպես բազիս, կյանքը կգնա լիովին շեղված ուղղությամբ, որի հետևանքով՝ նույնիսկ բնությունը կենթարկվի անասելի կատակլիզմների:

Այժմ փորձենք ներկայացնել, թե ինչպիսին է արդարության կարգավիճակը մեր օրերում և ժողովուրդն ինչպիսի մոտեցում ունի այդ գերկարևոր երևույթի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երկիրն այսօր հայտնվել է այնպիսի օրհասական վիճակում, որ երկրաչափական պրոգրեսիայով աճում են արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով: Բնական է, որ նման իրավիճակներում՝ էլ ավելի է կարևորվում արդարության դերակատարումը, որն ուղղակիորեն կապված է կյանքի բոլոր բնագավառների հետ: Գաղտնիք չէ նաև, որ ժողովուրդը հայտնվել է այնպիսի պայթյունավտանգ սոցիալական վիճակում, որ հարցերի հարցը դարձել է՝ մարդկանց ֆիզիկական գոյատևման խնդիրը: Սովորաբար, երբ երկիրը հարուստ է և ժողովուրդն էլ նորմալ ապրուստ ունի, այդ ժամանակ արդարություն կոչվող երևույթը դառնում է մարդկային արժանապատվության խնդիր, իսկ այսօրվա՝ ժողովրդի ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, այն դարձել է գերկարևոր կռվան՝ ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակի համար, որն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է ժողովրդի ֆիզիկական գոյատևման հետ, որի հետագա վատթարացման դեպքում՝ նրա ներսում կուտակված «անարդարության ռումբը» կհասնի կուլմինացիոն դոզայի:

Այս պարագայում, «ռումբի» պայթյունը կարող է ծայրահեղ դրսևորումներ ունենալ և ինչպիսի զսպման մեխանիզմներ էլ գործադրվեն, դրանք շատ դժվարությամբ ու ոչ արդյունավետ կաշխատեն: Հենց այն հանգամանքը, որ արդարությունն ի հայտ է եկել մարդու ծննդյան հետ, դա մեկ անգամ ևս հավաստում է, որ այն մարդ արարածի կյանքի անբաժան բաղադրիչներից մեկն է: Հաճախ է ասվում, որ մարդը հարմարվող էակ է, որից անմասն չէ նաև հայը: Հայ մարդը կարող է հարմարվել պատերազմին, ցրտին, սովին, մթին, աշխատանք չունենալուն, սակայն անարդարությանը՝ հաստատ չի հարմարվի և մինչև վերջ կռիվ կտա դրա դեմ: Իշխանություններն՝ այս մասին պետք է հստակ իմանան և փորձեն ամեն ինչ այնպես կարգավորել, որ առկա բազմաթիվ պաթոլոգիաների կողքին, այսպես շարունակաբար չքարկոծվի արդարությունը, քանզի անարդարության մի սահման կա, որից այն կողմ ժողովրդի համբերությունը՝ թթված մաճառի նման հաստատ կպայթի: Նրանք պետք է նաև հասկանան, որ եթե գոյություն ունեցող ծանրագույն պայմաններին ավելանա նաև անարդարությունը, ապա մարդիկ ճարահատված՝ վրդովմունքից կկատաղեն և կդառնան լիովին անկառավարելի ու նրանց հետագա քայլերը կդառնան լրիվ անկանխատեսելի:

Պարոնայք իշխանավորներ. մշտապես հիշեք, որ անարդարությունը հանդուրժելու մի սահման կա, որից այն կողմ գործող հավասարակշռություններն անպայմանորեն խախտվում են, որոնք կարող են ծնել անկանխատեսելի հետևանքներ: Այնպես որ, մի մոռացեք այդ հույժ կարևոր երևույթի՝ արդարության մասին, որպեսզի հետագայում՝ ինչ-որ բաներ ուշ չլինեն: Չափազանց վտանգավոր է անուշադրության մատնել ժողովրդի հավաքական ուժը, քանզի այն շատ ավելի ահեղ ու վտանգավոր է, քան հաճախ` երկրաշարժերն ու հրաբուխները:

Կրկնում եմ, թեկուզ դժվարությամբ, անգամ սովին կդիմանա մեր ժողովուրդը, սակայն անարդարությանը՝ դժվար թե…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031