Aravot.am-ի հարցին, թե միջազգային կազմակերպություններն ահազանգում են, որ, եթե այս տեմպերով շարունակվեն ապօրինի անտառհատումները, եւ հանքարդյունաբերության հաշվին կատարվող ծառահատումներն, ապա քսան տարի անց Հայաստանին անապատացում է սպասվում, Գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ:
«Եթե մենք համեմատենք մեր համակարգը նման խնդիրներ ունեցող այլ երկրների հետ, ապա մենք բավականին լավ վիճակում ենք: Եթե Մոլդովայում մի անտառապահի բաժին է ընկնում 500 ապօրինի ծառահատում, անտառապահին խրախուսում են, Հայաստանում, միջին հաշվարկով մեկ անտառապահին, որը պահպանում է 500-600 հեկտար տարածք բաժին է ընկնում երկու ծառահատում»:
«Դիալոգ» ակումբում հյուրընկալված Մարտուն Մաթեւոսյանի տվյալներով, այս տարի ապօրինի հատվել է 1273 ծառ, սակայն մինչեւ տարեվերջ այդ թիվը կավելանա: Այս տարի տնկվել է 175 հեկտար անտառ, որից 60 տոկոս կպչողունակություն կլինի:
Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանում եւ շատ այլ երկրներում մեծ ծավալի անտառօգտագործումը բավականին մեծ ծավալներ ունի, ինչը բնապահպանական խնդիրներ է առաջացնում. «Այսօր չկա որեւէ միջազգային ֆորում որտեղ անտառի գերօգտագործումից չխոսեն: Ապօրինի անտառհատումների հիմնական պատճառը սոցիալական խնդիրն է»:
Գլխավոր անտառապետը վստահեցրեց, որ 2004-ից 2014 թվականը անտառահատումները քասն տոկոսով նվազել են: Ըստ նրա, անտառը ոչնչանում է հիմնականում քաղաքացու ձեռքով. գյուղացին անտառից օգտվում է դարերով եւ նրա համար փայտանյութ ծառայում են ավելորդ ճյուղերը, չորացած ծառերը եւ այլն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է անտառապահների սակավությանը, ապա պարոն Մաթեւոսյանը գտնում է, որ «ամեն տաս մետրի վրա անտառապահ ունենալով» էլ, միեւնույն է խնդիրը չի լուծվի: Նա գտնում է, որ Հայաստանն էլ պետք է հետեւի Վրաստանի օրինակին եւ գյուղացուն հնարավորություն տա ապօրինի անտառհատումներն օրինականացնել, այսինքն «մի սիմվոլիկ գումար վճարի բանկում եւ նրան թույլատրվի անտառապահի ցուցումով հատում կատարել»:
Հարցին, թե այստեղ չի՞ լինի կոռուպցիոն ռիսկ, որպեսզի անտառապահների իմացությամբ նաեւ առողջ ծառեր հատվեն, պարոն Մաթեւոսյանն ասաց, որ պետք է վերահսկողությունն ուժեղացվի եւ տեսուչներին հնարավորություն տրվի նաեւ ակտեր կազմել, եւ բացի այդ անտառային օրենսգիրքը փոփոխել:
Մարտուն Մաթեւոսյանի տվյալներով, այս տարի թույլատրվել է 24 հազար խմ անտառ հատել:
Ապօրինի անտառահատման համար այս տարի հարյուրավոր օրինախախտներ են տուգանվել: Ըստ գլխավոր անտառապահի, տուգանքի չափը կախված է ծառի տրամագծից. Եթե օրինակ՝ հատվում է 50 տրամագծով ծառ, ապա բնապահպանական վնասի փոխհատուցման օրենքով, տուգանքը կազմում է 150 հազար դրամ: Տուգանքի գումարները գնում են պետբյուջե:
Պարոն Մաթեւոսյանն ասաց, որ 90-ականներին հատվել են Վանաձորի ամբողջ անտառային տարածքները, բայց ներկայումս անտառը վերականգնվել է, ճիշտ է ոչ այն որակական կազմով, սակայն զուտ բնապահպանական տեսանկյունից այն կարելի է վերականգնված համարել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































