Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանցու սրտով չէ, որ թոշակն ու նպաստը տուն պետք է բերեն

Դեկտեմբեր 12,2015 15:00

Ստեփանավան քաղաքի բնակիչ Շահեն Իսրայելյանը դժգոհում է, որ իրենց քաղաքում կապի բաժանմունքների կրճատման պատճառով քաղաքացիների թոշակներն ու նպաստները պետք է տուն բերվեն: Շահեն Իսրայելյանը նախ մտահոգություն ունի, որ տուն բերելու պրակտիկան կոռուպցիոն ռիսկ է պարունակում, քանի որ փոստատարին ստիպված են լինում առանց այդ էլ քիչ թոշակից ու նպաստից 100-200 դրամ վճարել: Քաղաքացին նաեւ դժգոհում է, որ փոստատարի միջոցով այդ գումարները ավելի ուշ են տեղ հասնում, քանի որ ցուցակները ստանալուց հետո դրանք տրամադրվում են փոստատարներին, որոնք էլ մի քանի օրում են հասցնում դրանք բաժանել. «Նոյեմբերի 24-ին ստացված նպաստի գումարները նույն ամսվա 25-ին, 26-ին, 27-ին էլ չեն հասնում նպաստառուին: Բացի այդ, եթե նախկինում բաժանմունքից հենց այնպես ստանում էին, ապա տուն բերելու դեպքում փոստատարին պետք է «նայես»»:

Համաձայն գործող կարգի՝ կենսաթոշակների վճարումն առաջին երկու օրը կատարվում է փոստային բաժանմունքներում՝ տեղում, 3-րդ օրվանից սկսած կենսաթոշակները սկսում են բաժանվել տուն այցելությունների միջոցով: Եվ քանի որ ամեն մի փոստատար ունի սահմանված երթուղի, ուստի կարող են լինել դեպքեր, որ կոնկրետ թոշակառուի երթուղին կամ հերթը ընկնի մի քանի օր հետո: Այդուհանդերձ, կենսաթոշակները պետք է վճարվեն փոստի միջոցով մինչեւ տվյալ ամսվա 20-ը, ընդ որում՝ եթե տուն այցելության դեպքում թոշակառուն տանը չի լինում, փոստատարը պարտավոր է մինչեւ նշված ժամկետի ավարտը մի քանի անգամ այցելել տուն:

Շահեն Իսրայելյանի բողոքի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն ասաց, որ թոշակին առնչվող ցանկացած խնդրի դեպքում կենսաթոշակառուները կարող են առավոտյան ժամը 9-18-ը զանգահարել ծառայության 114 թեժ գծին եւ ստանալ աջակցություն: Բջջայինից եւ Երեւանի քաղաքային հեռախոսահամարներից թեժ գիծ զանգահարելն անվճար է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031