Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Մոսկվայի զսպված վերաբերմունքն ինձ համար ընկալելի է» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 13:52

ՀՀԿ-ական պատգամավորը`Բաքվում կոնյակ խմելու, ՀԱՊԿ-ի եւ Մոսկվայի արձագանքի մասին

– Երբ մեկուկես տարի առաջ, ՀՀ-ն անդամագրվում էր ԵԱՏՄ-ին, առաջին պայմանը, որը բերվում էր, Հայաստանի անվտանգության հարցն էր: Փաստորեն, կյանքը ցույց տվեց, որ այդ պնդումն ի չիք դարձավ: ԵԱՏՄ-ն ի վիճակի չեղավ կանխարգելել Ադրբեջանի լայնածավալ ռազմական նկրտումները, թեպետ, ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, մեղադրեց Ադրբեջանին: Ամեն դեպքում, հիմա բավական տարօրինակ է ՌԴ-ի ակտիվությունը`նկատի առնելով այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալում մեր ռազմավարական գործընկերը չորս միլիարդի հարձակողական զենք էր վաճառում մեր հակառակորդին ու դա ընդամենը բիզնես էր որակում:

– Մեր անվտանգությունը ներառված է ՀԱՊԿ-ի շրջանակներում ու շատ կարեւոր է ՀԱՊԿ-ի դիրքորոշումը: Բորդյուժան աներկբա հայտարարեց աջակցության մասին: Դատապարտեց Ադրբեջանի պահվածքը: Պաշտոնական Մոսկվայի զսպված վերաբերմունքն ինձ համար ընկալելի է, առայժմ կոչերը`բանակցության, զինադադարի վերսկսման եւ այլն: Առայժմ կոշտ դիրքորոշում չպետք է ցուցաբերի, որովհետեւ սա միջադեպ է, ճիշտ է`լայնածավալ, բայց ընդամենը միջադեպ է: Խոսք չի գնում պատերազմի հայտարարմանը, որտեղ պետությունները դիրքորոշումներ պիտի ընդունեն: Մենք չգիտենք, թե անդրկուլիսյան խոսակցություններում ի՞նչ է տեղի ունենում: Վստահ եմ, որ ոչ հրապարակային, բայց ՌԴ-ի մասնակցությունն ավելի ակտիվ է, քան հրապարակային մասնակցությունը:

– Կասկած կա, որ իրավիճակի խաղաղվելուց հետո շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր կբարձրանա: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգ: Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կկարողանա՞ն խուսափել խաղաղապահների տեղակայումից, ինչպես 1994-ին, որովհետեւ միշտ չէ, որ խաղաղապահների առաքելությունը բարի նպատակների է ծառայում:

– Սա կարծես թե պատերազմի նախերգանքն է: Ենթադրում եմ, բայց սա սոսկ իմ ենթադրությունն է, որ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել: Իսկ պատերազմում կանխատեսումներ անելը ամենասխալ բանն է: Ամեն ինչ հնարավոր է: Պատերազմում մեկ խնդիր կա, որ պետք է լուծել`երկրի, ազգաբնակչության, բանակի պատրաստակամությունը, որը պետք է ըստ ամենայնի բարձրացնել: Մնացածը`դիվանագիտական հարթակներում, աշխարհաքաղաքական գործընթացները գնահատելու եւ համարժեք արձագանքելու խնդիր է, որ միշտ էլ կա: Պատերազմի ժամանակ դրանք մի քիչ ուրիշ են լինում:

-Երեկ, ռազմաճակատ մեկնող ազատամարտիկները խոստանում  էին Բաքվում կոնյակ խմել. հայկական դիվանագիտությունը նույնքա՞ն պատրաստված եւ պատրաստակամ է:

– Դիվանագետները միշտ պետք է լինեն ավելի զսպված եւ զգույշ, մարտիկները միշտ պետք է լինեն առավել նվիրված եւ ագրեսիվ:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930