Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողությունների քանակը» սահմանափակ չէ

Հուլիս 15,2016 10:00

Հաճախ եմ տարբեր միջավայրերում լսում՝ «էս մարդը ոնց որ իմ հաշվին շնչի»: Դա, իհարկե, փոխաբերություն է, որն արտահայտում է տվյալ անձնավորության հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը: Բայց եկեք խորանանք այդ արտահայտության ուղիղ իմաստի մեջ. ստացվում է՝ եթե այդ մարդն ավելի քիչ շնչի կամ ընդհանրապես չշնչի, դրանից ես շահելու եմ, ավելի շատ եմ շնչելու: Դա ընդհանուր հոգեբանական առանձնահատկություն է, որը հատուկ է մարդկության առնվազն կեսին (ազգային առանձնահատկություններն այստեղ կապ չունեն). եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ունի, ապա նա ունի դա՝ ինձ ինչ-որ բանից զրկելով, «իմ հաշվին»: Եվ հակառակը՝ եթե այդ մեկը ինչ-որ մի բանից զրկվի, ապա դա կհասնի ինձ:

Ոչ նյութական աշխարհում դա, իհարկե, խիստ անտրամաբանական է: Ենթադրենք, որեւէ հայաստանցի ազատ խոսում է անգլերեն՝ շատ գովելի եւ այսօր խիստ անհրաժեշտ ունակություն է: Եթե ես ազատ չեմ խոսում, արդյո՞ք դա նշանակում է, որ անգլերենին տիրապետողը այդ ունակությունը ձեռք է բերել «իմ հաշվին»: Եվ եթե այդ մարդու հետ, Աստված մի արասցե, որեւէ բան պատահի, եւ նա մոռանա լեզուն, արդյո՞ք նրա լեզվի իմացությունը մեխանիկորեն կտեղափոխվի իմ գլխի մեջ: Ոչ, եթե ես անգլերեն իմանալը կարեւոր եմ համարում, ապա ինքս ինքնուրույն պիտի այդ լեզուն սովորեմ, ոչ թե նախանձեմ նրանց, ովքեր դա արել են:

Հաջողությունը, գիտելիքը, հմտությունը «քսակ» չեն, որը դրված է մի պահարանում եւ սպասում է տիրոջը` դրանք հնարավոր չէ իրար ձեռքից խլել, հնարավոր է միայն կամավոր փոխանցել, եւ այդ փոխանակումից այդ արժեքները չեն պակասում, հակառակը` բազմապատկվում են: Սակայն մյուս կողմից՝ այդ «հարստությունն» ամեն մեկը ստեղծում է իր աշխատանքով: Ուրիշ հարց, երբ պետական պաշտոնյաները ծախսում են իմ` հարկատուիս փողերը, այդ պարագայում ես պարտավոր եմ նրանց ամեն մի քայլին հետեւել: Մնացած բոլոր դեպքերում ես պետք է ուրախանամ կողքիններիս հաջողություններով եւ տխրեմ նրանց դժվարությունների պատճառով:

Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ լրատվությանը: 1in.am-ը կարողացել էր ստեղծել իսկապես բազմակողմանի (կամ, մասնագիտական լեզվով ասած, կոնվերգենտ) լրատվամիջոց, որտեղ զուգակցվում են տեքստը, ձայնագրությունը, տեսագրությունը, զուտ հեռուստատեսային կոնտենտը, ուղիղ հեռարձակումները եւ այլն: Եթե որեւէ մեկը չի կարողացել դա անել, չի ունեցել համապատասխան տաղանդ, աշխատասիրություն, կազմակերպչական ունակություններ, ռեսուրսներ, ոչ մեկին չպիտի մեղադրի դրա համար՝ բացի իրենից: (Հատուկ չեմ անդրադառնում լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությանը՝ այստեղ կարծիքները կարող են շատ տարբեր լինել, բայց դա թեմայի հետ որեւէ կապ չունի): Չարախնդալ գործընկերների դժվարությունների վրա (հուսով եմ՝ ժամանակավոր), բամբասանքներ եւ «վարկածներ» տարածել, նշանակում է՝ մտածել, որ որեւէ մեկն իր հաջողություններով խլում է դրանք քեզանից: Իրականում «հաջողությունների քանակը» սահմանափակ չէ՝ բոլորին կհերիքի:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031