Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները չեն ուզում մտնել լծի տակ. մոտ 70 հազար տոննա խաղող մթերելու խնդիր կլինի

Օգոստոս 12,2016 14:30

Գինեգործությունն ու կոնյակագործությունը, խաղողագործությունը, որ տարիներ շարունակ մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից են, գնալով ավելի ու ավելի ծանր վիճակում են հայտնվում: Այս ոլորտի գործարարները, կարելի է ասել, վնասով են աշխատում, իրավիճակն ավելի սրվեց Ռուսաստանում ռուբլու արժեզրկման եւ տնտեսական ճգնաժամի արդյունքում:

Դեռ 10-15 տարի առաջ 2 գինեգործները պարբերաբար երկրի ղեկավարներին կոչ էին անում, խնդրում ստեղծել ոլորտին աջակցող հիմնադրամ: Անցնում էին տարիները, իսկ հիմնադրամ ստեղծելու ծրագիրը մնում էր պաշտոնյաների դարակներում:
Հիմա երբ դանակը ոսկորին է հասել, վերջապես կառավարությունը որոշում կայացրեց, եւ ստեղծվեց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը: Վերջերս տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, խորհրդի նախագահն է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, իսկ խորհրդի անդամներից 7-ը պետական կառավարման մարմիններից են, 6-ը՝ մասնավոր հատվածից: Պետբյուջեից հիմնադրամին է տրամադրվել մոտ 103 միլիոն դրամ, որից աշխատավարձերի գումարը բավականին մեծ է: Առայժմ հիմնադրամը զբաղված է որոշ ծրագրերի մշակմամբ, որից հետո այդ ծրագրերի իրագործման համար գումարներ հայթայթելով պետք է զբաղվեն:

Արդյոք արդարացվա՞ծ է հոգաբարձուների խորհրդում ավելի շատ անդամ ունենալ պետական հատվածից, արդյոք հիմնադրամն արդյունավետ չէ՞ր աշխատի, եթե մասնավոր հատվածից, գործարարների շրջանից ավելի շատ անդամներ ներգրավվեին, որոնք սրտացավ կաշխատեին:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն անդրադառնալով մեր հարցին՝ ասաց՝ լավ կլիներ, եթե մասնավոր հատվածից ավելի շատ մարդիկ ներգրավված լինեին, այդպես պետության վրա ազդելու մեխանիզմն ավելին կլիներ:

Հարությունյանը դրական համարեց հիմնադրամի ստեղծումը, քանի որ այն խիստ անհրաժեշտ է: Մյուս դրական բանը, որ նշեց Հարությունյանը, այն է, որ պետական գումարներ են ներգրավված: Միայն թե մնում է պետական այդ փողերն արդյունավետ ծախսվեն, այլ ոչ թե, ինչպես կյանքն է ցույց տվել, տարբեր ծրագրերի համար ներգրավված պետական կամ միջազգային վարկերով ստացած գումարները, մեղմ ասած, փոշիացվեն:
«Մի քիչ մտահոգություն կա, թե այդ գումարներն ինչպես կծախսվեն, ամեն ինչ կախված է հոգաբարձուների խորհրդի անդամների քաղաքական կամքից եւ ազնվությունից, սրտացավությունից: Համենայնդեպս, գյուղնախարարը լավ է տրամադրված: Պարզապես խնդիրն այն է, թե պետական հատվածի անդամներն ինչպես կաշխատեն: Այդ գումարները արյուն-քրտինքով ենք պոկել պետբյուջեից, ուրեմն պետք է անձնուրաց աշխատել, որովհետեւ հարց է՝ նորից նման հնարավորություն կլինի՞ գումար ստանալ 6 ամսվա համար»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Դեռ անցյալ տարի գյուղացիներից մթերած խաղողի պարտքերը գործարանների ղեկավարները չեն կարողանում մարել: Ճիշտ է, վստահեցրել են, որ աստիճանաբար բոլոր գյուղացիների պարտքերը վճարում են, բայց գյուղացիներն այս տարվա մթերման համար էլ մտահոգված են: Գործարանները վարկեր ստանալու եւ վարկունակության խնդիրներ ունեն, անցյալ տարի շատ գործարաններ ուղղակի կառավարության ճնշման տակ մթերել են ավելի շատ խաղող, քան իրենց անհրաժեշտ էր: Խաղողի մթերման սեզոնը մոտենում է, արդյոք գործարանները հնարավորություն եւ կարիք ունե՞ն ամբողջը մթերելու: «Առավոտի» այս հարցին Ավագ Հարությունյանը պատասխանեց. «Այս տարի ավելի վատ կլինի, որովհետեւ անցյալ տարի դեռ ռեսուրս կար դիմակայելու խնդիրներին, ճնշումներին, խնդրանքներին: Որոշ դեպքերում համոզեցին, գործարարներն ընդառաջ գնացին: Հիմա գրավներ դեռ մնացել են, անցյալ տարի վարկերը վճարելու պոտենցիալ կար, տարաներ կային: Իսկ այս տարի չկան, գործարանները գրավներ չունեն, եթե ունենան էլ, ոչ ոք վարկ չի կարող սպասարկել, եթե անգամ հրաշք կատարվի, եւ առանց գրավի էլ վարկ ստանան, այդ վարկը չեն կարողանալու սպասարկել: Սրան էլ գումարած՝ իրացումների 50%-ը չի արդարացվել: Հոգեբանական մի մեծ բարիեր կա՝ չեն ցանկանում մտնել մեծ լծի տակ ու կրկին ավելին մթերել: Բացի այս, տեղի ու տարաների խնդիր կա»:
Պարոն Հարությունյանի կարծիքով՝ ճգնաժամ կլինի, որը կազդի 60-70 հազար տոննա խաղողի վրա: Այսինքն՝ մոտ այսքան ծավալի խաղողի բերքն, այսպես ասած, տեղավորելու խնդիր կլինի:

Ռուսաստանի տնտեսությունը կարծես ճգնաժամից ուշքի է գալիս, այս երեւույթը դրական չի՞ անդրադառնա մեր գինու եւ կոնյակի արտահանման վրա՝ այս հարցին ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանում իրավիճակը կայունանում է, ՌԴ-ն իր տնտեսությունը դիվերսիֆիկացնում է, որը այնքան էլ հայ գինեգործների շահերից չի բխում:

Հարությունյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը գազից ու նավթից փորձում է անցում կատարել այլ ապրանքների արտադրության զարգացմանը, իսկ այդ այլ ապրանքների մեջ նաեւ գինին է. «Ռուսաստանի ներքին շրջանառության 45%-ը ռուսական գինին է, տարիներ առաջ 10%-ն էր, իրենք ծրագիր ունեն մինչեւ 70%-ի հասցնել»:
Այդուհանդերձ, Հարությունյանն ասաց, որ վազերին խաղող չի մնա, կմթերվի, բայց, ցավոք, դա բացասական հետեւանքներ կթողնի՝ խաղողը կարժեզրկվի, սա կբերի էժան գինու եւ կոնյակի արտահանման, որն էլ դրսում կարժեզրկի հայկական գինին ու կոնյակը, որոնք ավելի ցածր գնային սեգմենտում կլինեն, ու կազդի մեր գինու եւ կոնյակի բարձր վարկանիշի վրա:

«Այս գորշ երեւույթներին զուգահեռ՝ պետք է նկատել, որ մենք ունենք բարձրորակ գինիներ, ոլորտն արագորեն զարգանում է, ունենք մոտ 10 գործարաններ, որոնք միջազգային չափանիշներով են, արտադրության ծավալներն ավելանոմ են, գները՝ բարձրանում: Մեր շատ գինիներ ավելի բարձր որակ ունեն, քան վրացականն ու արեւելաեվրոպականը: Հույս ունեմ, որ կառավարությունը կփորձի ռեսուրսներ գտնել ու մեղմել խնդիրները, որի արդյունքում ամեն ինչ դեպի լավը կգնա»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

11.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031