Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում 1998-2016թ.թ. Կրթության բարեփոխումների նպատակով ներդրված վարկային գումարներն ու դրանց արդյունավետության վերլուծություն

Հոկտեմբեր 12,2016 13:50

Այս վերլուծությունն արդեն վարչապետ պարոն Կարապետյանի կրթության բնագավառի խորհրդականի մոտ է, ով խոստացել է այն ներկայացնել վարչապետին:

 Որպես այս տարիներին կրթության շրջապտույտներում խրված մարդ, որին հիմա փորձագետ են նաև ասում, փորձել եմ անդրադառնալ հանրակրթության ոլորտում բարեփոխումների նպատակով արված ներդրումների արդյունավետությանը, իրականացված գործողություններին, ընդունված օրենքներին, իրավական փաստաթղթերին ու մոտավորապես 20 տարվա բարձունքից ետ նայել այդ ընթացքին:

Նախարար Վարդգես Գնունու օրոք, ՀՀ կառավարության 1996 թվականի մայիսի 15-ի թ.150 որոշմամբ հաստատվեց «ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրություն», որով այն ճանաչվեց իրավաբանական անձ, իր անվան կնիքով և դրոշմակնիքով, նաև սահմանվեցին նրա հիմնական նպատակները, կառավարման ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքները:

ԿԳ նախարար Արտաշես Պետրոսյանի օրոք ՀՀ կառավարության 11.07.97 թիվ 263 որոշմամբ վերոնշյալ որոշման մեջ ավելացավ մի շատ կարևոր գլուխ՝ Հաստատության կառավարումը: Կանոնադրությամբ ամրագրվեց, որ հաստատության կառավարման բարձրագույն մամինը հաստատության խորհուրդն է, որը չի կարող լինել երեք անդամից պակաս և իննից՝ ավել: Սահմանվեց խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետ և կազմ՝ մանկավարժ, ծնող և վերադաս մարմին:

Խորհրդի լիազորություններից առաջին կետը. «համաձայն նախարարության հաստատած չափորոշիչների և մրցութային կարգի՝ ընտրում է հաստատության գործադիր տնօրեն ու սահմանված կարգով նրա հետ կնքում կոնտրակտ, որով սահմանվում է տնօրենի վարձատրության, ինչպես նաև այլ պայմաններ»: Չաշխատեց:

 Նախարար Լևոն Մկրտչյանի օրոք, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ սկսվեց մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», որով Համայնքների կառավարմանը հանձնվեցին 57 դպրոցներ: Ծրագրի հեղինակները հետապնդում էին մի նպատակ, որքան հնարավոր է բարձրացնել համայնքի քաղաքացիների մասնակցությունը դպրոցի տնօրենի ընտրության հարցում, արժևորել երեխաների ծնողների շահագրգռվածությունն ու մասնակցությունը դպրոցի կառավարմանը, նրանց ձայնը դարձնել որոշիչ: Նույնիսկ «Համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր տիպային կանոնադրության»-ն մեջ կրկին ամրագրվեց, որ դպրոցի կառավարման խորհրդով ընտրված տնօրենի հետ կոնտրակտ կնքում է խորհուրդը: Փորձնական այս ծրագիրը ցույց տվեց, որ համայնքները պատրաստ չեն դպրոցների գործունեության պատասխանատվությունը ստանձնել, ֆինանսավորման մեջ ներդրում ապահովել և նախարար Լևոն Մկրտչյանի առաջին պաշտոնավարման օրոք փորձնական այս ծրագիրը կյանքի չկոչվեց:

Հայաստանի կառավարությունը, սակայն շարունակեց Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման ուղղությամբ փնտրտուքներն ու ՀՀ կառավարությունը ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15 մլն. դոլար արժողությամբ «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» առաջին վարկային ծրագիրը, որով նախատեսվեց փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորում և իրականացնել հաստատությունների կառավարման և ղեկավարման ապակենտրոնացումը: Վարկային ծրագրի նպատակներն էին բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը, դպրոցի մակարդակում որոշումների ընդունման հիմքերի ստեղծումը, իրենց եկամուտների ծախսերի պլանավորման ինքնուրույնությունը, դպրոցների միջև մրցակցության խթանումը, դպրոցների նկատմամբ տարբերակված մոտեցումը, համայնքի և ծնողների կողմից միջոցների ծախսման վերահսկողությունը, դպրոցների և դրանց գործունեության առավել ռացիոնալ կազմակերպման, միջոցների խնայողության և նպատակային վերաբաշխման նախապայմանների ստեղծումը: Այս ծրագրի նպատակն էր դպրոցին տալ ինքնավարություն ու ինքնակառավարման ազատություն ու պատասխանատվությունը դնելը դպրոցի տնօրենի ուսերին: Այդ նպատակով 2002 թվականի հուլիսի 25-ի N1392 ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հանրակրթական դպրոցների հերթական Օրինակելի կանոնադրության մեջ, ՊՈԱԿ-ի մասին նոր ընդունված օրենքի համաձայն ամրագրվեց նաև տնօրենի անկախության սկզբունքը. <Խորհուրդը ընտրում է հաստատության տնօրեն, հաստատում է նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը>: Իհարկե սա էլ չաշխատեց, որովհետև չնայած գրվածին, այդպես էլ չփորձեցին գտնել ու տալ այն հարցի պատասխանը, թե ո՞վ է կնքում խորհրդի կողմից հաստատված պայմանագիրը կամ կառավարման խորհրդի կողմից ի՞նչ գործողություն էր ենթադրում  «հաստատում» բառը:

2009 թվականի հուլիսի 10-ին, նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքը, որով վերջապես ամրագրվեց խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ նորմը:

Թվում էր, թե տնօրենի աշխատանքային պայմանագրի հետ կապված թնջուկը օրենքով լուծվեց, սակայն օրենքից ստորադաս իրավական փաստաթղթում՝ դպրոցների Օրինակելի կանոնադրության մեջ գրվեց, որ խորհրդում ընտրված տնօրենը աշխատանքային պայմանագիրը, ենթակայությունից կախված, կնքում է ԿԳՆ-ի, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հետ: Կառավարության այս քայլը փաստեց, թե որքան է ինքը վախենում դպրոցների տնօրենների ինքնավարությունից:

Օրենքի ընդունումից հետո նրանից բխող իրավական փաստաթղթերով ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Կառավարման խորհրդի ձևավորման ու տնօրենի ընտրության (նշանակման) կարգերը:

1996 թվականից սկսած բոլոր փաստաթղթերում խորհրդի անդամների թիվը սահմանվում էր 3-9-ը և ենթադրվում էր խորհրդի կազմում ունենալ կենտ թվով անձինք, որտեղ ծանրակշիռ ձայնը ծնողներինն ու մանկավարժներինը պետք է լիներ, որովհետև հասարակության մեջ երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման մեջ ամենաշահագրգռվածը ծնողներն են, ուրեմն նրանք էլ իրենց համայնքում թող լոբբինգ անեն այն թեկնածուի օգտին, ում առավել են վստահում ու նրանից պահանջեն: Շահագրգռված են նաև մանկավարժները, որովհետև նրանք պետք է աշխատեն ընտրված տնօրենի հետ, սակայն ՀՀ կառավարության 18.03.2010 թ. N113-Ն որոշմամբ այն սահմանվեց 8, որոնցից 2-ը ծնողական, 2-ը մանկավարժական խորհուրդների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված, 3-ը՝ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի, իսկ 1-ը՝ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներն են: Այսինքն` փոխվեց դպրոցի կառավարման ապակենտրոնացման տրամաբանությունը: Ստացվեց, որ ծնողական ու մանկավարժական համայնքների 4 հոգին չէին կարող հակակշռել մարզպետի և տեղական ինքնակառավարման մարմնի 4 անդամներին: Ամբողջովին խեղաթյուրվեց առանց այն էլ չկայացած, չգործող ապակենտրոնացման ու խորհուրդներով կառավարման գաղափարը:

Մի այլ զավեշտալի փաստաթուղթ է տնօրենի ընտրության (նշանակման) կարգը, որը ընդունվելուց հետո արդեն 3 կամ 4 անգամ փոփոխության է ենթարկվել: Վերջին փոփոխությամբ, տնօրենի ընտրությունը չկայանալու դեպքում, հավակնորդների գործերն ուղարկվում են ՀՀ փոխվարչապետին, ով նշանակում է դպրոցի տնօրենին: Կառավարման ապակենտրոնացման փոխարեն, հնարավորիս կենտրոնացրեցին դպրոցի կառավարումը,վերադարձանք ի շրջանս յուր: Արդյունքում, դպրոցների կառավարման խորհուրդն այսօր պարզապես ձևական մարմին է, որից ոչինչ կախված չէ, այն, նայած դպրոցի ենթակայության, ամբողջությամբ ենթարկվում է ԿԳՆ-ի, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կամայական ցուցումներին:

«ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» առաջին վարկային ծրագրով ծախսվեց 15 մլն դոլար, որի արդյունքում, ճիշտ է, բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններն անցան աշակերտ-թվով ֆինանսավորման, սակայն այդպես էլ չիրականացավ հաստատությունների կառավարման և ղեկավարման ապակենտրոնացումը: Չիրականացավ տնօրենի, մանկավարժական անձնակազմի, ծնողական համայնքի կողմից դպրոցի կառավարման գործընթացում ակնկալվող ինքնուրույն որոշումներ ընդունելու ու դրանց պատշաճ կատարման համար պատասխանատվություն ստանձնելու շատ կարևոր պահանջը: Տնօրենը պատասխանատու պիտի զգա իրեն միայն կրթության որակի համար, որը ՀՀ կառավարության կողմից համապատասխան օրենքներով պատվիրվում է դպրոցին, ֆինանսավորվում է և նպաստում է երկրի համար ապագա քաղաքացու կերպարի ձևավորմանը:

 Ավելին, «Հանրակրթության մասին» օրենքում 2014թ. դեկտեմբերի 1-ին արված փոփոխությամբ գրանցվեց հերթական ետնահանջը, գրվեց, որ Խորհրդի կողմից ընտրված տնօրենն աշխատանքային պայմանագիրը ավագ դպրոցների դեպքում կնքում է ԿԳՆ-ի, իսկ տարածքային մարմինների ենթակայության դպրոցները՝ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հետ:

 Հրավիրում եմ պարոն վարչապետի ուշադրությունը. Եթե տնօրենի ընտրության 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով ամրագրված սկզբունքն աշխատեր, ապա դպրոցների տնօրենները կգործեին կուսակցականացված վերադասից ավելի անկախ ու ամեն ընտրությունից հետո նրանց հեղինակությունը, որպես ընտրակեղծարարներ, չէր մրուրվի:

Այսօր ԿԳՆ-ում կա կարծիք, որ պետք է վերանայվի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդներով կառավարման գործող սկզբունքը:

Իսկ 15 մլն-նն արդեն ծախսվել է:

2001-ին Ազգային Ժողովը ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական 2001-2005թ.թ. օրենքը, որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն իրականացավ այդ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ %30-ը:

Նախարար Սերգո Երիցյանի օրոք Համաշխարհային բանկի կողմից սկիզբ դրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» 2003-2009թ.թ. առաջին վարկային ծրագիրը ՝ 20 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որի նպատակն էր անցումը 12-ամյա միջնակարգ կրթությանը, ավագ դպրոցների հիմնադրմանն ու Հայաստանի կրթական համակարգի զարգացումը ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները և բաղկացած էր 4 ենթածրագրից.

  • Հանրակրթության կրթակարգի, առարկայական ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի ստեղծում,
  • Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում,
  • Ուսուցիչների մասնագիտական զարգացում,
  • Հանրակրթության համակարգի կառավարման բարելավում և արդյունավետության բարձրացում:

Այս ծրագրով միս ու արյուն տրվեց «Կրթության մասին» օրենքով ներդրված «Հանրակրթության պետական կրթակարգ» և «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» փաստաթղթերին, սկսվեց առարկայական չափորոշիչների, ծրագրերի և սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը: Շատ լավ հնարավորություն էր ընձեռվել վերանայելու առարկայական ծրագրերը, դասագրքերը, ուսումնական պլանները թարմացնելու համար:

Տնօրենների համար կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ, առաջին անգամ նրանց ձեռքին հայտնվեց դպրոցի կառավարման համար շատ կարևոր փաստաթղթերի ստվար փաթեթ:

Թվում էր, թե այդ նպատակով ու այդ հունով է գնալու գործընթացը: Բայց գործընթացի մասնակից մասնագետների ակադեմիզմը, մանկավարժության մեջ աշխարհում նոր ներդրված գաղափարներին, դասավանդման նոր մեթոդներին չտիրապետելը բերեց նրան, որ գրված առարկայական չափորոշիչները և դրանց հիման վրա գրված ծրագրերն ու դասագրքերը ծանրացան ու հասարակության կողմից մինչ օրս քննադատվում են: Դրանք դեռևս չեն ապահովում աշակերտների կողմից գիտելիքը փնտրելու, գտնելու և կիրառելու կարողությունները զարգացնելու հմտությունները, որոնք այսօրվա պայմաններում չափազանց կարևոր նշանակություն ունեն: Ուսուցիչն ու դասապրոցեսը շարունակում են մնալ դասագրքում գրված նյութի փոխանցողը, ուսուցիչն աշակերտի համար դեռ չի դառնում ամեն օր սովորողի, համացանցում նոր նյութ փնտրողի օրինակ, այդ հմտությունը աշակերտին փոխանցողի օրինակ: Ամեն ուսուցչի մոտ չէ, որ դասապրոցեսը դառնում է օրվա թեմային համապատասխան դասագրքից դուրս գիտելիք փնտրելու, դրա շուրջը միասին մտածելու, այն մարսելու, վերլուծելու և կիրառելու ստեղծագործական գործունեություն:

2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին» օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության:

2006-ի սեպտեմբերի 1-ին դպրոցների առաջին դասարան ընդունվեցին 6 տարեկանները, ովքեր 2018-ին կլինեն 12 տարի սովորած առաջին շրջանավարտները:

Սկսվեց 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու գործընթացը: Վարկային ծրագրով որոշ դպրոցներում սկսեցին կահավորել 6 տարեկաններին հարմար դասասենյակներ: Իհարկե այն պայմանները, որոնք պահանջվում էին նրանց համար, դասասենյակում գորգ ու ցածր սեղան աթոռներ, ամեն տեղ չէ, որ հնարավոր եղավ ստեղծել ու 6 տարեկաններին նստեցրեցինք նույն նստարաններին, ինչ որ 7 տարեկանների համար ունեինք: Այն, որ 12-ամյա միջնակարգ կրթությանն անցնելը անհրաժեշտություն էր, ինձ համար վիճելի չէ, սակայն, իմ կարծիքով սխալ էր այն 6 տարեկանից սկսելը: Այն պետք է սկսեինք 5 տարեկանից ու տարրականի առաջին 2 տարին կազմակերպեինք մանկապարտեզներում, ոչ թե դպրոցում ստեղծեինք մանկապարտեզային պայմաններ, որն այդպես էլ շատ վատ իրականացրեցինք ու որոշ դեպքերում՝ երեխաների առողջության հաշվին: Այս գործընթացը ազատություն տվեց համայնքապետերին ու սկսեցին փակվել մանկապարտեզներ, չափազանց տուժեց երեխաների նախադպրոցական կրթությունն ու այսօր հսկայական նոր վարկային ու դրամաշնորհային գումարներ են ծախսվում դպրոցներում 5 տարեկանների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար: Կարելի Էր գտնել մի մեխանիզմ, որը 5 տարեկան երեխաներին պահեր մանկապարտեզում, այն կխթաներ մանկապարտեզները պահպանելուն, իսկ եթե 2005թ. նախարար Սերգո Երիցյանի օրոք, «Նախադպրոցական կրթության մասին» ընդունված օրենքով էլ նախադպրոցական կրթությունը ճանաչեինք հանրակրթության սկիզբ, ապա շատ խնդիրներ ավելի ճիշտ լուծում կստանային: Եթե տարրականի 1-2 դասարանների կրթությունը մանկապարտեզներում իրականացվեր, համայնքները ստիպված կլինեին պահել ու շահագործել մանկապարտեզները, այլ ոչ՝ աջ ու ձախ սեփականաշնորհեին դրանց շենքերը, չնայած 2005թ. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով արգելվեց այդ շենքերն այլ նպատակների համար օտարելը:

Իհարկե կասեն նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ և բյուջեի վրա բեռ կլինի: Ոչ մի բեռ չի լինում, որովհետև պետության համար ի՞նչ տարբերություն 6-18՞, թե՞՝ 5-17 տարեկանների կրթության ֆինանսավորում:

Հայաստանի Հանրապետությունը հաջորդ Կրթության զարգացման պետական ծրագիրն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, այդ տարիների գործող ԿԳ նախարարներ Սերգո Երիցյանն ու Լևոն Մկրտչյանը, փաստորեն աշխատեցին առանց Օրենքով պահանջվող կրթության զարգացման պետական ծրագրի: Փաստորեն այդ տարիներին կրթության ոլորտում առաջ գնացինք առանց տեսլականի, առանց նախապես մշակված ճանապարհային քարտեզի, խարխափելով: Կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությամբ ներդրվեցին 12-ամյա կրթության ու ավագ դպրոցի նոր գաղափարները , որոնք մինչ օրս կասկածի տակ են դրվում հասարակության կողմից, որովհետև տպավորություն ստացվեց, որ 2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով Համաշխարհային բանկը որոշեց, թե ո՞ր ուղղությամբ պիտի շարժվի Հայաստանի կրթությունը:

11.03.2004թ. «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության թ. 408-Ն որոշմամբ հիմնադրվել է «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» (ԿՏԱԿ), պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն այսօր բոլոր դպրոցներում ապահովում է ինտերնետային կապն ու դպրոցներին անհրաժեշտ տեխնիկական օգնությունը, և որի գործունեությանը նոր թափ ու իմաստ հաղորդեց այսօրվա գործող տնօրեն Արտակ Պողոսյանը ու կայքն էլ օրինակելի է:

14.04.2004թ. «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության N586-Ն որոշմամբ հիմնադրվեց «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կառավարումն իրականացնում էր լիազորված պետական մարմինը՝ ԿԳՆ-ն, / նախարար Սերգո Երիցյան/: ԳԹԿ-ի կանոնադրությամբ իր գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման իրականացումն է:

Իմ կարծիքով, շատ կարևոր ու անհրաժեշտ կառույց, որին Օրենքով վերապահված է հանրակրթական հաստատությունների աշակերտների գիտելիքների արտաքին գնահատումը:

ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 29, 1290 – Ն որոշմամբ ԳԹԿ-ն դուրս բերվեց ԿԳ նախարարության ենթակայությունից, դարձավ կառավարության աշխատակազմին առընթեր ՊՈԱԿ:

Շատ ճիշտ որոշում էր, որովհետև աշակերտների գիտելիքները գնահատող մարմինն անկախ պետք է լինի ԿԳ-ից ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ թանկարժեք քարի որակը չես կարող ստուգել տալ այդ քարը մատանու վրա ամրացնող նույն վարպետին: ԳԹԿ-ի ենթակայությունը փոխվեց, սակայն քանի դեռ այդ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահը մնում է նախարարի հանրակրթության գծով տեղակալը, ուրեմն լիարժեք անկախություն չի ապահովվի: Սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ դպրոցներում ԳԹԿ-ի կողմից իրականացված արտաքին գնահատման վերջին վերլուծությունների որակը դրականորեն փոխվել է և նրանց մեջ հասցեատերերին՝ հատկապես ուսուցիչներին ուղղված ուղերձները շատ օգտակար են, եթե դպրոցների մանկավարժներն ու տնօրենները ուշադիր հետևեն դրանց:

2012-ի կառավարության 591-Ն որոշմամբ ԳԹԿ-ին տրվեց նաև ձեռնարկատիրական որոշակի տեսակներ իրականացնելու թույլտվություն, չնայած կանոնադրությամբ շահույթ չհետապնդող ՊՈԱԿ է: Այս որոշումը նպաստեց առարկայական շտեմարանների «արտադրությանը», որը հակասում էր <Կրթության մասին> օրենքին այնքանով, որ օրենքում հստակ գրված էր, թե ԲՈՒՀ-երի ընդունելության հարցաշարերը կազմվում են բացառապես հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ տարվա ընթացքում դասավանդված դասագրքերին, խնդրագրքերին, ձեռնարկներին համապատասխան, այնտեղ շտեմարանների մասին խոսք չկա: Նման բան չկար նաև «Հանրակրթության մասին» օրենքում: «Շտեմարանների փորձաքննություն» բառակապակցությունը մտավ ԿԱԻ-ի կողմից դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ ուղեցույցների փորձաքննվող գրականության ցանկում:

Համաշխարհային բանկի առաջին վարկային ծրագրի ամփոփիչ հաշվետվության մեջ որպես ձեռքբերում նշված է 52 դպրոց-կենտրոնների՝ որպես <փորձարարական լաբորատորիաների> կայացման նպաստումը, որոնք համապատասխան տեխմիջոցներ ստացան, վերապատրաստվեցին ու որտեղ 2005-2006թ.թ. փորձարկվեցին հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թեստերը: Ենթադրվում էր, որ այնուհետև տվյալ ուստարում մրցույթով անցած դասագրքերի փորձարկման գործընթացը նույնպես պետք է իրականացվեին այդ դպրոց-կենտրոններում: Վարկային ծրագրով այդ դպրոցներին տրված կարգավիճակը ենթադրում էր դասագրքերի փորձարկման և մանկավարժության բնագավառում նորարարությունների գործնական ներդրման ուղղությամբ մանկավարժական աշխատակազմի հմտությունների այնպիսի զարգացում, որի վրա հենվելով Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները կերաշխավորեին թե՛ դասագիրքը, թե՛ մանկավարժական նոր մեթոդներն ու մոտեցումները: Սակայն ԿԳ նախարարի ոչ նախորդ, ոչ այս տարվա հրամանով նախատեսված դպրոցների ցանկում ներառված չեն բոլոր 52 դպրոց-կենտրոնները: Ավելին, ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 483 – Ա որոշման համաձայն, դպրոց կենտրոնների ցանկում ընդգրկված 36 դպրոցներն այն դպրոցները չեն, որոնք վարկային առաջին ծրագրով կահավորվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու վերապատրաստվել:

Ապա ինչո՞ւ ծախսվեցին այդ միջոցները:

Նախարար Սերգո Երիցյանի օրոք, 2005 թվականի մայիսի 25-ին ԱԺ-ն ընդունեց <Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մասին> օրենքը, որի արդյունքում այն հանրակրթական դպրոցները, որոնք ստանում են <ներառական կրթություն իրականացնող> կարգավիճակ, ստանում են լրացուցիչ ֆինանսավորում, կիրառման կարգը գրվեց շատ հապճեպ ու մինչ օրս որևէ փոփոխության չի ենթարկվել, չնայած ակնհայտ է այդ բարձրացված չափաքանակով տրված գումարների մեջ որոշ նպատակներով ծախսված գումարի անարդյունավետությունը: 2014-ին այս օրենքը ուժը կորցրած ճանաչվեց:

Վարկային առաջին ծրագրով նախատեսվել էր նաև աշակերտ թվով ֆինանսավորման բանաձևի բարելավման աշխատանքների իրականացում: 2008-ի հունվարին այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակել է բանաձևի կատարելագործումը, սակայն վերանայված տարբերակը ծրագրի ավարտին գործածության մեջ չի դրվել: Այժմ կիրառվող, ըստ ուսումնական մակարդակների տարբերակված ֆինանսավորման բանաձևն է կիրառվում, սակայն այն բավականաչափ հնացած է և իսկապես վերանայման կարիք ունի: Հակասություն կա աշակերտ թվով ֆինանսավորման և դասարաններով կոմպլեկտավորման սկզբունքների միջև:

Լևոն Մկրտչյանի օրոք <Կրթության որակ և համապատասխանություն> 2003-2009թ.թ. առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որով ավագ դպրոցի ընտրության չափորոշիչներն էին.

  1. Դպրոցի աշխարհագրական դիրքը և հասանելիության աստիճանը տվյալ գոտում սովորողների համար,
  2. Դպրոցական շենքի վիճակը և հարմարությունները,
  3. Դպրոցի ուսումնանյութական հագեցվածությունը,
  4. Կադրերի պատրաստվածությունը,
  5. Դպրոցի ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացներում և հաջողությունները նոր նախաձեռնություններում:

Ավագ դպրոցի ֆինանսավորման սկզբունքները. ավագ դպրոցում հիմնական դպրոցի համեմատ աշխատավարձերի հաշվարկման տարբերակված մոտեցում (մանկավարժական անձնակազմի աշխատավարձերի առնվազն 20%-ով ավելի բարձր մակարդակի ապահովում),

  • դպրոցի գործունեության համար անհրաժեշտ նվազագույն կարիքների բավարար ֆինանսավորում,
  • դպրոցի գործունեության արդյունավետության բարձրացման խթանող տարրերի ներմուծում:

Ծրագրում նաև գրված է. <Նոր ստեղծվող ավագ դպրոցների արդյունավետության ապահովման կարևորագույն գործոնը մանկավարժական կադրերով ապահովվածությունն է: Ենթադրվում է, որ ավագ դպրոցներում աշխատող մանկավարժները, հատկապես մասնագիտական առարկաներ դասավանդող, պետք է բարձր որակավորում և համապատասխան պատրաստվածություն ունենան:

Այդ նպատակով դպրոցների մանկավարժական կադրերով ապահովումը պետք է իրականացվի մրցութային կարգով:> Հայաստանում, ըստ ՀՀ կառավարության 878-Ն որոշման, ավագ դպրոցների թիվը պետք է լինի 150:

Ավագ դպրոցների ընտրությունը թողնվեց մարզպետներին ու Երևանի քաղաքապետին:

Ընտրված ավագ դպրոցների ցանկը հետագայում ցույց տվեց, որ այդ ընտրության ժամանակ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը միշտ չէ, որ առաջնորդվել են ռազմավարական ծրագրում ամրագրված չափորոշիչներով, հատկապես անուշադրության էր մատնվել դպրոցի աշխարհագրական դիրքի և շենքի վիճակի ու հարմարությունների մասին կետերը: Ավագ դպրոցներ դարձան նաև ֆիզիկապես մաշված, ամենավատ պայմաններ ունեցող շենքերը: Ռազմավարության համաձայն, 2007-2008թ.թ. ուստարվա ընթացքում ընտրված դպրոցները պետք է համալրվեին անհրաժեշտ ուսումնական նյութերով և սարքավորումներով, պետք է մշակվեին աշակերտների և մանկավարժների վերաբաշխման մեխանիզմները, պետք է ընտրվեին ապագա դպրոցի մանկավարժներն ու նրանց համար պետք է կազմակերպվեին որակավորման բարձրացման դասընթացներ: Սա ենթադրում էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ ավագ դպրոց դարձած դպրոցի մանկավարժական կազմը պետք է լուծարվեր և հայտարարվեր նոր կադրերի ընտրություն, որը լուրջ սոցիալական խնդիր էր իշխանության համար, հանուն կրթության որակի ու ավագ դպրոցի կայացման, իշխանությունը պետք է գնար այդ ցավոտ ճանապարհով, որովհետև այդ սկզբունքն ինքն էր կառավարության որոշմամբ հաստատել, բայց՝ չգնաց ու արդյունքում, նույնիսկ նախկինում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների դպրոցն իր մանկավարժական կազմով, ընդամենը փոխեց դպրոցի ցուցանակն ու դարձավ՝ ավագ դպրոց:

Հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետև չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան, որովհետև 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետևեցին, թե ինչպես են մարզպետներն ու Երևանի քաղաքապետն ազատվում <գլխացավանք> դպրոցներից ու կադրերի որակյալ պատրաստվածության պահանջի վրա պարզապես աչք են փակում :

2009 թվականի հուլիսի 10-ին, նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքը, որով փոխվեց ավագ դպրոցների ենթակայությունը ու նրանք անցան ԿԳ նախարարության ենթակայության տակ: Փաստորեն նախարարությունն ու նախարարը ժառանգեցին հիմնականում մաշված շենքեր, հազարավոր խնդիրներ ունեցող դպրոցներ:

«Հանրակրթության մասին» օրենքը, բացի նրանից, որ վերջապես ամրագրեց, որ դպրոցի կառավարման խորհրդում ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելու է Խորհուրդը, ամրագրեց շատ նոր գաղափարներ՝ ուսուցիչների վերապատրաստում և ատեստավորում, դպրոցների կառավարման իրավունքի՝ տնօրենների հավաստագրման գործընթաց, տարակարգ ստանալու հնարավորություն ու դրան համապատասխան՝ վարձատրության բարձրացում, դպրոցների ներքին գնահատում, դպրոցի և ծնողի միջև պայմանագրի կնքելու պահանջ, դասագրքերի առնվազն մեկ տարվա փորձաքննություն, կարևորվեց աշակերտական ինքնավարության՝ խորհուրդների դերը դպրոցի կառավարման համակարգում և այլն: Ստացվեց բավական առաջադեմ օրենք: Օրենքը կառավարությունում անցավ բոլոր պահանջված խողովակներով, արժանացավ հավանության ու երրորդ ընթերցման ժամանակ արժանացավ ներկա բոլոր պատգամավորների «կողմ» ձայներին:

Իհարկե, երբեք չեմ պնդի, թե «Հանրակրթության մասին» օրենքն անթերի է, սակայն այն, չխեղաթյուրվելու դեպքում, թույլ կտար ոլորտը կառավարել ավելի ժողովրդավար, թափանցիկ կերպով և ամենակարևորը՝ ապակուսակցականացնել:

Օրենքի ընդունումից շատ կարճ ժամանակ հետո, կառավարությունը սկսեց փոփոխությունների շարքը: Եթե հիշողությունս չի դավաճանում, 3 ամիս հետո առաջինը դասագրքերի փորձաքննության դրույթը վերանայվեց, օրենքի 2-3 ամիս հետո այնտեղից հանվեցին <առնվազն մեկ տարի> բառերը, որովհետև կառավարությունը հարցրեց. <1 տարի փորձարկվող դասագրքերի տպագրության փողը ո՞րտեղից, եթե փողի տեղը չգիտես, ուրեմն փոխիր օրենքը>, ասացին նախարարին:

Ես չգիտեմ, նախարարը հակադարձե՞ց արդյոք այն մասին, որ այդ դրույթն արդեն ամրագրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, օրենքի նախագծի բազմաթիվ քննարկումներին մասնակցել են կառավարության անդամներ ու առանց ֆինանսների նախարարության <դաբրոյի>, օրենքը չէր ընդունվի, օրենքն ընդունվել է 100% <կողմ> ձայներով, ինչո՞ւ այն ժամանակ ձայն չեն հանել: Ահա այսպես մատների արանքով է կառավարությունը մոտենում օրենքների ընդունման գործընթացին, որից հետո սկսում են օրենքները կարկատել: Ի վերջո այնքան են փոխում, որ օրենքում ամրագրված առաջին ու վերջին փոփոխությունները կարող են 180 աստիճանով հակասել միմյանց:

Հրավիրում եմ պարոն Վարչապետի ուշադրությունը. Այսօր Հայաստանի շատ ու շատ դպրոցների ֆիզիկական պայմանները շատ հեռու են երեխաների կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններից: Եթե հարկ լինի, կարող եմ թվել:

Մանկավարժական գիտությանը հայտնի է, որ ցանկացած երեխայի համար սովորելու կարիքը 5 կամ 6-րդն է : Երեխան սովորում է, եթե սիրով է շրջապատված, եթե ապահով է զգում իրեն, եթե կուշտ է, տեղը տաք է, ընդունված է իրեն շրջապատողների կողմից, հակառակ դեպքում չի սովորելու: Այնպես որ, բոլոր այն դպրոցական շենքերում, որտեղ ապահովված չեն այս պայմանները, կրթության որակ ակնկալելը ինքնախաբեություն է:

Պարոն վարչապետի համար ընդգծեմ նաև այն փաստը, որ քաղաքներում, որտեղ ըստ ռազմավարության պետք է լինեին կամ հիմնական կամ ավագ դպրոցներ, որոշ դպրոցներ շարունակեցին մնալ միջնակարգ ու նրանք իրականացնելով 12-ամյա կրթություն, աշակերտ-թվով ֆինանսավորման տեսակետից հարևան հիմնական դպրոցների նկատմամբ գտնվեցին արտոնյալ վիճակում: Օրինակ, միայն Երևանում գործում են 145 հիմնական և 12 միջնակարգ դպրոցներ ու ո՛չ կառավարությունը և ո՛չ ԿԳ նախարարությունը չխորացավ այդ փաստի մեջ, ավելին՝ քաղաքում արդեն գործող ավագ դպրոցը, կառավարության որոշմամբ երբեմն դառնում է միջնակարգ՝ հարվածելով հարևանությամբ գործող հիմնական դպրոցների ֆինանսավորման շահերին, օրինակ՝ 10.05.2012թ. N628-Ն կառավարության որոշմամբ թույլ տրվեց Գորիսի Ա.Բակունցի անվան ավագ դպրոցում հանրակրթությունը կազմակերպել 1-12-րդ դասարաններում, նույն պատմությունը եղավ նաև Երևանում: Խախտվեց մի կարևոր սկզբունք՝ դպրոցը մնաց ավագ, բայց կրթությունը՝ միջնակարգ, 1-12 դասարան: Նման օրինակ կա նաև Երևանում, Սարի թաղի դպրոցներից մեկը վերջերս դարձավ միջնակարգ:

Ակնհայտ դարձավ, որ վերևներում ամուր հովանավորություն ունեցող տնօրենը կարող է փոխել «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը» հաստատելու մասին 02.06.2011թ. կառավարության որոշումը:

Կարծում եմ պարոն Վարչապետը ԿԳ նախարարությանը պետք է հանձնարարի ուսումնասիրել ընդհանրապես գործող ավագ դպրոցների ցանցի վիճակի համապատասխանությունը կառավարության ընդունած ռազմավարությանը, վեր հանի բոլոր շեղումներն ու անհրաժեշտության դեպքում վերանայի այդ ռազմավարությունը, որպեսզի ավագ դպրոցը, որպես պատանիների նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված կրթություն, կայանա:

2009-ին Համաշխարհային բանկի կողմից սկսվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային 2-րդ ծրագիրը, որի արժեքն էր 31.25 մլն դոլար, բաղկացած էր երկու ենթածրագրերից՝ հանրակրթության որակի բարելավում և Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին: $31.25-ի $25 մլն-ը, այսինքն 80%-ը տալիս էր ՀԲ-ն, իսկ $6.25 մլն-ը, այսինքն` 20%-ը՝ ՀՀ կառավարությունը: Այս վարկային ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները՝ ապահովելով հասարակության սոցիալ տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն կրթության մասնագիտական կրթության որակի աճ: Բաղադրիչներից մեկը կրթության որակի հետագա բարելավումն էր ուսուցիչների վերապատրաստման միջոցով: Ձևավորվեցին ուսուցիչներին վերապատրաստող նոր կազմակերպություններ, որոնք ՀԲ-ից գույքի, համակարգիչների և տեխնիկական միջոցների համար գումարներ ստացան, սակայն 2 տարի հետո այդ իրավունքը կառավարությունը, հակառակ օրենքի, ետ վերցրեց՝ «բալը թանկ է»: Տեղի ունեցավ վարկային միջոցների վատնում, որն արձանագրվեց Վերահսկիչ Պալատի կողմից:

2009թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց, որ «ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։
9. Ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:>

Երկար տարիներ չվերապատրաստված ուսուցիչները 2011 թվականից սկսեցին վերապատրաստվել, ծանոթանալ առաջադեմ երկրներում ներդրված ուսուցման նորագույն մեթոդների հետ՝ իրենց ընտրած, լիցենզավորում ունեցող կազմակերպություններում, որոնց ցանկը հաստատվում է ԿԳ նախարարի հրամանով: Ուսուցիչները գոհ էին այս գործընթացից, որովհետև վերապատրաստող կազմակերպությունների միջև մրցակցությունը նպաստում էր վերապատրաստման որակի ապահովմանը: Օրենքով կարևորվեց դպրոցի կողմից ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպություն ընտրելու ազատությունը, որը ենթադրում էր դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորման մեջ ավելացնել յուրաքանչյուր տարի դպրոցի մանկավարժական համակազմի 20%-ի վերապատրաստման գումարը, որովհետև ուսուցչի վերապատրաստման գումարը, ըստ վարկային ծրագրի, պետք է ապահովվեր կառավարության ներդրմամբ, որը, սակայն տևեց ընդամենը 2 տարի: Վարկային միջոցները սպառվելուց հետո, կառավարությունը ուսուցիչների վերապատրաստման գործընթացի մենաշնորհը կրկին հանձնեց Կրթության ազգային ինստիտուտին, Օրենքի պահանջին հակառակ՝ վերադարձանք հին տաշտակին:

Այս ամենը՝ օրենքը, կարգը կառավարության մակարդակով շրջանցելու փաստերը, իմ կարծիքով, ոչ մի գործող նախարարի ու ընդհանրապես կառավարությանը պատիվ չի բերում:

Արմեն Աշոտյանի օրոք նախարարության կողմից UNESCO-ին և UNDP-ին պատվիրվեց «ՀՀ կրթության ոլորտի կարողությունների զարգացման կարիքների գնահատում» շատ կարևոր աշխատանքը, որի որոշ առաջարկներ իրականացվեցին, օրինակ՝ նախարարությունում ստեղծվեց հանրակրթության քաղաքականության մշակման բաժին, որի գործունեությունը դեռևս ստեղծարար համարել չի ստացվում: Այնուամենայնիվ շատ առաջարկներ, ֆինանսական սղության պատճառով, չիրականացան: Շատ ափսոս:

 1999 թվականից հանրապետությունում սկսվեց շրջանառվել «ներառական կրթություն» գաղափարը, որի համար հիմք ծառայեց արդեն ընդունված «Կրթության մասին» օրենքի այն սահմանումը, որի համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողի ընտրությամբ կարող էր իրականացվել հատուկ կամ հանրակրթական դպրոցում:

2001-ին ԿԳՆ, «Հույսի կամուրջ» հ/կ և թ. 27 դպրոց եռակողմ համաձայնագրով հանրապետությունում առաջին անգամ Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք: Սկսվեց այս կարևոր գաղափարախոսության տարածման գործընթացը, որի արդյունքում տարեցտարի ավելանում են հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը, իսկ 2011-ից Տավուշի մարզն ամբողջապես սկսեց համընդհանուր ներառական կրթության իրականացումը:

2010թ. նոյեմբերին Նախարարին կից կոլեգիայում դրվեց ՝ «Ներառական կրթության ընթացքը ՀՀ-ում» հարցն ու կայացվեց մի շատ կարևոր որոշում՝ նախապատրաստել <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը կհռչակի որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք:

Գործընթացը սկսվեց անմիջապես, կոլեգիայի որոշմամբ դրա պատասխանատուն նշանակվեց «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Այս գործընթացն ավարտվեց 2014թ. դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին շատ կարևոր օրենքով, որի հիմքում դրված էր 2011-ից Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթությունը սկսելու պիլոտային ծրագրի փորձը, որը, իմ կարծիքով, նախարար Արմեն Աշոտյանի ամենամեծ ծառայությունն էր ՀՀ կրթության ոլորտին: Այս հեղափոխական օրենքը կայացավ իր անմիջական հոգատարության և գաղափարին անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր, այս օրենքով, Հայաստանն ամենուրեք ներկայանում է որպես քաղաքակիրթ ու առաջադեմ հասարակություն կրթող պետություն, սակայն չեմ կարող չընդգծել, որ ԿԳ նախարարությունը մինչ օրս չունի «Ներառական կրթություն» անվանմամբ բաժին, որը չի նպաստում պետական այս քաղաքականության շահագրգիռ ներդրմանը:

2011 թվականին ԱԺ-ն վերջապես ընդունեց Կրթության զարգացման 2011-2015թ.թ. ծրագիր օրենքը, որով ամրագրվեց, որ 2015-ին կրթության տրամադրված միջոցները պետք է կազմեն ՀՆԱ-ի 4%-ը: Այս ծրագիրն էլ, ինչպես առաջինը, շատ մասնակիորեն է կատարվել, որովհետև կրթության ծախսերին տրամադրվող գումարներն այդպես էլ 2.5%-ից չեն անցնում:

 2015թ.-ին 2011-2015թ.թ. Կրթության զարգացման ծրագրով նախատեսված, «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ 2017 թվականի հունիսի 1-ից 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր, որի իրականացման համար հանրապետությունում անհրաժեշտ է ունենալ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանց: Մասնավորապես, Արագածոտնի մարզում չունենք ոչ մի միջին մասնագիտական կրթության հաստատություն, հետևաբար վտանգված է 12-ամյա պարտադիր կրթության ապագան:

 2016թ. դեռ պետք է ընդունվի Կրթության զարգացման տասնամյա՝ 2016-2025թ.թ ծրագիր օրենքը, որն արդեն պետք է ընդունված լիներ: Այս ծրագիր օրենքի նախագիծը գրողները հնարավորինս իրատեսական պետք է տան հաջորդ տասնամյակի կրթության զարգացման ճանապարհային քարտեզը, որտեղից հասարակությունը պետք է իմանա, թե կրթության ոլորտում ի՞նչ է կանխատեսվում հաջորդ տասնամյակում:

 2014-ին սկսվել ու 2019 թ-ին ավարտվելու Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ $37.5 մլն արժեքով, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորում:

Ծրագրի մեկնարկը տրվել է 11.03.2015թ., սակայն ընթացքը դեռևս տեսանելի չէ:

Մտավախություն ունեմ, որ այս ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսված, 0.5 մլն դոլար արժեքով, «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» մտադրությունը գնում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով չսահմանված նոր՝ «Ազգային կրթակարգ» վերնագրով փաստաթուղթ ստեղծելու ճանապարհով:

Օրենքով սահմանված է «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթուղթը:

 Այսպիսով, հանրակրթության բարեփոխումների համար պետությունը անցած 18 տարում 4 վարկային ծրագրի համար վերցրել է.

  1. 15 մլն դոլար 1999-2003թ.թ. նպատակը՝ կրթական ուսումնական հաստատությունների ինքնակառավարում և ինքնավարություն, փաստացի չկա:
  2. 20 մլն 2004-2009թ.թ. նպատակը՝ 12-ամյա կրթության և ավագ դպրոցների կայացման գործընթաց, ճիշտ ընթացքով չի գնացել:
  3. 31.5 մլն 2010-2014թ.թ. նպատակը՝ Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները՝ ապահովելով հասարակության սոցիալ տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն կրթության մասնագիտական կրթության որակի աճ, չի նշմարվում:
  4. 37.5 մլն 2015-2019թ.թ. նպատակը՝ հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, <Նորարարությունների մրցակցային հիմնադրամ>-ի ֆինանսավորում, սակայն հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքներով:

Կապրենք, կտեսնենք , թե ինչ է ստացվելու:

 ԸՆԴԱՄԵՆԸ՝ $103.75 մլն դոլար

103.75 մլն դոլար վարկ է վերցվել: Սա շատ է, թե՝ քիչ, ինձ դա չի հուզում, այլ այն, թե այս գումարը որքանո՞վ նպաստեց հանրակրթության բարեփոխմանը, ահա այս հարցի պատասխանն է, որ փորձեցի տալ, բայց ցավոք, պատասխանն այնքան էլ դրական չի լինի, որովհետև քանի դեռ, ամենաքիչը՝

  1. ՀՀ ԱԺ-ում ընդունված Կրթության զարգացման ապագա 10-ամյա ծրագիրը պատշաճ ու, ըստ էության, չի ներկայացնի երկրի հնարավորությունների սահմաններում կրթության վրա ծախսվող ՀՆԱ-ի աճ ու ոլորտի 10-ամյա իրական տեսլականը,
  2. քանի դեռ օրենքների նախագծերը ԱԺ ուղարկվելուց առաջ, վավերացված միջազգային պայմանագրերին ու արդեն ընդունված օրենքներին նրանց համապատասխանությունը նախարարություններում բավարար պրոֆեսիոնալ խորությամբ չեն քննվի ու ուսումնասիրվի,
  3. քանի դեռ ուսումնական հաստատությունների տնօրենների գործունեության գնահատականը ուղիղ կախված չի լինի հաստատությունում աշակերտների կրթության որակից,
  4. քանի դեռ յուրաքանչյուր նոր եկած նախարար արդեն ընդունված օրենքներին ենթարկվելու փոխարեն սկսի օրենքից ստորադաս իր սեփական հրամաններով ոլորտը կարգավորել, (ինչպես օրինակ ԿԳՆ կայքում փորձեցի գտնել ԿԳ նախարարի 05.08.2016թ. N 794-Ն հրամանը, որը նախ հակասում է գործող օրենքին և չունի պետական գրանցում ու կոդ, ուրեմն այն իրավական ուժ չի կարող ունենալ և կայքում չկա), բարեփոխումների անունը կլինի, բայց իրականում՝ ոչ:

Պարոն վարչապետի ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաև այն փաստի վրա, որ երաժշտական դպրոցների ուսուցիչներն օրենքով մանկավարժներ չեն համարվում ու շատ վիրավորված են իրենց զգում: Պարոն վարչապետը տեսավ ու վայելեց Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» փառահեղ համերգը, որի մասնակից էին նաև երաժշտական դպրոցների սաները, որոնց ուսուցիչների նվիրումով աշխատանքի արդյունքն էին իրենք, սակայն իրենք օրենքով մանկավարժներ չեն համարվում: Սա ոչ միայն արդար չէ, այլև երկրին պատիվ չբերող փաստ է: Ասեմ, որ պատգամավոր եղած ժամանակ անձամբ շատ եմ լոբբինգ արել այս փաստի դեմ, սակայն ֆինանսների նախարարությունն այս ամենին ականջալուր չի եղել:

Խնդրում եմ կառավարությանը՝ վերանայել մանկավարժական աշխատողների ցանկը:

Մի դիտարկում ևս, լուրջ փոփոխության կարիք ունի ԿԳ edu.am կայքէջը, որտեղ պատշաճ կերպով տեղադրվեն բոլոր իրավական փաստաթղթերը, հնարավորինս թափանցիկ պետք է դարձնել նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների ֆինանսական փաստաթղթերն այնպես, ինչպես դա արվեց Երևանի ենթակայության դպրոցների պարագայում: Yerevan.am կայքի Քաղաքային տնտեսության <Ֆինանսներ> բաժնի կայքէջում դրված են Երևանի ենթակայության բոլոր դպրոցների ֆինանսական փաստաթղթերը՝ հաստիքացուցակները, տարիֆիկացիայի թվային տվյալները, նախահաշիվներն ու տարեկան հաշվետվությունները, որտեղից կարելի է ցանկացած դպրոցի ֆինանսական գործունեության մասին տեղեկություններ ստանալ, որը ժողովրդավարական կառավարման ցուցանիշ է:

Հաջորդ ետնահանջը, հերթական անգամ օրենքից ստորադաս իրավական փաստաթղթում՝ դպրոցի օրինակելի կանոնադրության մեջ գրվեց, որ դպրոցի ընտրված տնօրենը աշխատանքային պայմանագիրը կնքում է մարզպետի հետ, այսինքն՝ 1996 թվականից տարբեր փաստաթղթերով պահանջվող դպրոցների ինքնակառավարումն ու ինքնավարությունն այդպես էլ օրենք չդարձավ, չկայացավ ու քանի դեռ դպրոցի կառավարման խորհրդում ընտրված տնօրենը աշխատանքային պայմանագիր չի կնքում խորհրդի հետ, խորհուրդն էլ իր կարևորությունը չի ստանձնի, տեր չի դառնա իր լիազորություններին, հաշվետվություն չի պահանջի տնօրենից, դպրոցի ֆինանսները չեն վերահսկվի: Հիշեցնեմ, որ այս նպատակի համար պետությունը վերցրել ու ծախսել էր 15 մլն դոլար վարկ: Իսկ այս կայացած փաստի պատասխանատուն իհարկե այն քաղաքական ուժն է, որն այդպես էլ չկարողացավ վեր կանգնել սեփական կուսակցական շահից ու խնդիրը լուծել ի օգուտ ՀՀ Սահմանադրության ու ամուր պետականության:

Հիմա մտածում եմ, ա՛յ, եթե 1998 թվականից սկսած, ԿԳ նախարարները վեր կանգնեին քաղաքական պատկանելիությունից ու տեր կանգնեին օրենքով ամրագրված կրթության քաղաքականությանը,որի համար 15 մլն դոլար էր ծախսվել, ապա դպրոցի տնօրեններն ավելի անկախ կգործեին, կգնահատվեին միայն ըստ դպրոցի աշակերտների կրթության որակի ցուցանիշներից, որի գնահատումը կանցկացներ գիտելիքների գնահատման անկախ մարմինը, աշխատանքը կորցնելուց չէին վախենա, մենք այլ պետության մեջ կապրեինք և ամեն ընտրության ժամանակ չէինք ապրի այն ցնցումը, որն ունենում ենք:

Այնուամենայնիվ, հասարակության մեջ ընտրակեղծիքներին դպրոցների տնօրենների ու մանկավարժների մասնակցությունն այնքան քարկոծվեց, որ ընտրական գործընթացին նրանց մասնակցությունը համեմատաբար նվազել է, սակայն այն իսպառ վերացնելու համար տնօրենը պետք է գործի ինքնուրույն ու լինի պատասխանատու:

Տեղին է մեջբերել ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին, ով 2009 թվականից լինելով հանրակրթության պատասխանատու փոխնախարար, ասել է շատ կարևոր միտք. «Թող մեկն ասի, որ որեւէ դպրոցի տնօրեն նկատողություն է ստացել այն պատճառով, որ կրթության որակն այդ դպրոցում ցածր է: Տնօրենի գլխավոր պարտականությունը որակյալ կրթություն ապահովելն է: Նրան նկատողություն են անում, քննադատում են մնացած բոլոր պատճառների համար, բայց ոչ` գլխավորի: Ծնողներն անհանգստացած չեն կրթության որակով, նրանք մտածում են, որ դպրոցի շենքային պայմանները լավը լինեն, տանիքը նորոգված լինի, տաք լինի, երեխան ապահով տուն գա, արդեն հարմարվել են, որ կրկնուսույցի մոտ պարապել կտան ու հետո կընդունվեն բուհեր»: Սակայն կրթության ցածր որակի համար դեռևս ոչ մի ավագ դպրոցի տնօրենի անձամբ, որպես հանրակրթության պատասխանատու փոխնախարար, նկատողություն չի արել.(https://www.aravot.am/2014/09/03/493982/ ):

Պարոն Մկրտչյանի ծնողների հասցեին ասածը չափազանց զարմանալի է, իհարկե ծնողը մտահոգված է դպրոցի պայմաններով, որովհետև ցանկացած երեխայի համար սովորելու կարիքը 5 կամ 6-րդն է : Երեխան սովորում է, եթե սիրով է շրջապատված, եթե ապահով է զգում իրեն, եթե կուշտ է, տեղը տաք է, հարգված է իրեն շրջապատողների կողմից, հակառակ դեպքում սովորելու կարիքը չի ձևավորվում, չի սովորելու:

Հրավիրում եմ պարոն Վարչապետի ուշադրությունը. Այսօր Հայաստանի շատ ու շատ դպրոցների ֆիզիկական պայմանները շատ հեռու են երեխաների կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններից: Եթե հարկ լինի, կարող եմ թվել:

 

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31