Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի կանայք չեն վիճում, ՀԱԿ-ին էլ չենք ֆինանսավորում եւ օժանդակում»

Հունվար 16,2017 14:00

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը`
նախընտրական կրքերի մասին

– Ե՞րբ է նախատեսված ՀՀԿ խորհրդի նիստը: Ընտրություններին բավական քիչ ժամանակ է մնացել, փետրվարի 6-10-ը կուսակցությունները եւ դաշինքները պետք է իրենց հայտերը ներկայացնեն ԿԸՀ, բայց քաղաքական դաշտում դեռ հստակություն չկա, այդ թվում նաեւ իշխող քաղաքական ուժի մոտ:

– Իշխող քաղաքական ուժի մոտ ամեն ինչ նորմալ է, հստակ է, աշխատանքներն ընթանում են: Ես խնդրում եմ չմտահոգվել իշխող քաղաքական ուժի ճակատագրով: Օրենքով սահմանված ժամկետներում ՀՀԿ-ն ԿԸՀ-ին կներկայացնի իր համամասնական ցուցակը: Մինչ այդ էլ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան եւ օրենքով սահմանված ժամկետներում մենք կկազմակերպենք գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը:

– Այսինքն՝ ցուցակների մասին դեռ հստակ հայտարարություններ անել հնարավոր չէ՞:

– ՀՀԿ-ն լուրջ առանցքային կուսակցություն է: Օրենքով սահմանված կարգով մենք հասարակությանը կներկայացնենք մեր ցուցակը: Մեր եւ ժողովրդի միջեւ միջնորդներ կարգել պետք չէ: Մամուլն ամեն օր տարբեր բաներ է գրում: Բայց` համբերեք. մյուս շաբաթվանից մենք կմտնենք աշխատանքների ավելի ակտիվ փուլ: ԳՄ-ի նիստից հետո ես հանդես կգամ հայտարարությամբ, որից հետո էլի նիստեր ունենք անելու, էլի ժամանակ ունենք: Այնպես որ, ավելորդ շտապողականությունը, կարծում եմ, այս պարագայում գործին օգուտ չի բերի:

– Քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավակնում է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ դառնալ, ուստի իր եւ ԱԺ փոխնախագահի հարաբերությունները լարված են: Առհասարակ, խոսակցություն կա, որ ՀՀԿ-ի կանանց հարաբերությունները հարթ չեն, եւ պատճառը ընտրական ցուցակներում ընդգրկվածության հարցերն են:

– ՀՀԿ-ի կանանց մոտ ամեն ինչ նորմալ է, հարթ է, արշալույսներն էլ մեզ մոտ խաղաղ են: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, որը շատ լավ իր գործը կատարում է: Արփինե Հովհաննիսյանն էլ այլեւս ՀՀԿ ԳՄ անդամ է եւ արդարադատության շատ արդյունավետ նախարար: Նա էլ իր գործն է շատ լավ կատարում: Պառլամենտում էլ երբ աշխատում էր, շատ լավ էր աշխատում: Մեզ մոտ բոլորը միասնական են: Խնդրում եմ ՀՀԿ-ում արհեստական խմորումներ, խնդիրներ մի տեսեք: Պետք չէ մութ սենյակում փնտրել կատու, մանավանդ, որ կատուն այնտեղ չէ: ՀՀԿ-ում լուսավոր է, ամեն ինչ բաց է, հրապարակային, ՀՀԿ-ի կանայք էլ շատ համերաշխ են:
Իսկ ՀՀԿ ցուցակներում կանայք էլ կընդգրկվեն, փորձառու գործիչներն էլ կընդգրկվեն, երիտասարդ գործիչներ էլ: ՀՀԿ-ն ունի լայն կադրային բազա: Մեր ցուցակներում կլինեն նաեւ անկուսակցականներ, հայտնի, հարգանք վայելող գործիչներ: Մի շտապեք:

– Մամուլում արդեն տարբեր անուններ են շրջանառվում ռեյտինգային համակարգով առաջադրման մասով:

– Ցուցակները կհրապարակվեն` կիմանաք: 13 ընտրատարածքներում 150-ից ավելի թեկնածուներ են լինելու: Մի շտապեք:

– Մամուլում գրվեց նաեւ, որ մարզպետները ՀՀԿ իշխող վերնախավից հրահանգներ են ստացել` անձամբ վերահսկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցության գործընթացը: Խոսվում է, որ տեղերում ՀԱԿ-ի գրասենյակներ բացելու համար ՀՀԿ-ն նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Ինչո՞վ է պայմանավորված երբեմնի ախոյան քաղաքական ուժի նկատմամբ նման ջերմությունը:

– ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի, մանավանդ՝ ընդդիմադիր, ֆինանսավորմամբ, ներդրմամբ, հզորացմամբ կամ թուլացմանբ չի զբաղվում: ՀՀԿ-ն ունի իր օրակարգը եւ դրանով էլ առաջնորդվում է: Իսկ ՀՀԿ օրակարգում չկա ՀԱԿ-ին ֆինանսավորելու կամ օժանդակելու հարց: ՀԱԿ-ն առանձին քաղաքական ուժ է` իր ճակատագրով, տեսլականով, ղեկավարով, ծրագրով, թիմով, ինչպես բազում այլ քաղաքական կուսակցություններ հայոց երկնակամարում:

 

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031