Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական համալսարանը պետք է ազատագրվի գործող ռեկտորից

Փետրվար 02,2018 13:00 Share

Երկու տարի դեռ չի անցել Արտուշ Ղուկասյանի՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր նշանակվելու օրվանից, սակայն լրատվությամբ պարբերաբար տարածվում են նրա կողմից համալսարանում կատարվող կամայականությունների ու ընդհանրապես բուհում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Հենց այս մասին է հունվարի 30-ի «Խայտառակ վիճակ Գորիսի համալսարանում» վերնագրով հրապարակման մեջ գրել ԳՊ համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Մ. Մ. Թելունցը:

Ցանկացած սյունեցի, էլ չեմ ասում մեզանից յուրաքանչյուրը կարող է խոսել այն մասին, թե որքան կարեւոր նշանակություն ունի այդ համալսարանը Սյունիքի համար եւ սյունեցի երիտասարդին որակյալ բարձրագույն կրթություն ապահովելն ինչ ռազմավարական նշանակություն ունի, այնինչ ո՛չ ԿԳՆ-ն, ո՛չ էլ ռեկտորը ոչնչով չեն նպաստում այդ կրթությունը կազմակերպելու համար:

Սա ի՞նչ է, եթե ոչ՝ հանցագործ անտարբերություն: Ռեկտոր Արտուշ Ղուկասյանին պետք էր ընդամենն իր դոկտոր կարգավիճակին համապատասխան պաշտոն ստանալ՝ նախորդ բոլոր պաշտոններում վարկաբեկվելուց հետո ու ստացավ: Էդ ո՞ւմ հաշվին այդ «լավությունն» արեցին տարբեր տեղերում իրեն վստահված կառույցների գործը տապալած մարդուն: Ո՞վ էր այն վայ «միջնորդը», ում հաճոյանալու համար զոհաբերվեց այս կարեւոր համալսարանի գործունեությունը:

Նախկինում Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՈՀ-ի նախագահ, հիմա էլ ԳՊՀ-ի ռեկտորի պաշտոններում ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արտուշ Ղուկասյանի գործունեության մասին միայն վերջին տարիներին հրապարակված բազմաթիվ հոդվածներում լրագրողները բացահայտել են տարբեր տեսակի ու որակի օրինախախտումներ, սակայն հասարակությանն անհայտ է, թե դրանցում գրված փաստերի հետ կապված պետական որեւէ մարմին զբաղվե՞ց ու հասարակությանը տեղեկացրե՞ց, թե դրանք որքանով էին իրականությանը համապատասխանել կամ դրանց որ մասն է, օրինակ, զրպարտություն եղել: Չեմ հիշում, իհարկե, հիշում եմ, որ ԿԳ նախարարի գրավոր նկատողությունն է եղել, այն էլ չի բարձրաձայնվել, թե ինչի՞ համար: Ո՛չ պետական մարմինների, ո՛չ անձամբ Արտուշ Ղուկասյանի համար այդ հրապարակումները առիթ չէին, որ ուսումնասիրեն բարձրացված խնդիրները, խոսեն, բացատրեն, պարզաբանեն եւ ներկայացնեն հանրությանը: Արդյունքում, ըստ վերոնշյալ «Խայտառակ վիճակ Գորիսի համալսարանում» վերնագրով հոդվածի, այս պահին Գորիսի համալսարանի 2 ֆակուլտների ընտրված դեկանների փոխարեն աշխատում են պաշտոնավարման ժամկետները լրացած այլ անձինք, որովհետեւ ռեկտորը չի ճանաչում ընտրության արդյունքները: Հետաքրքիրն այն է, որ հենց ինքն է եղել ընտրական հանձնաժողովի նախագահը, բայց գիտխորհրդի օրակարգ այդպես էլ այդ հարցը չի ներառել:
Ոչ միայն այս փաստն է ուշագրավ, այլեւ հետաքրքիր է, թե ուսանողների վարձավճարների բարձրացման հարցը քննարկվե՞լ է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդում, ի՞նչ հիմնավորմամբ են դրանք բարձրացել ու այդ դեպքում ինչո՞ւ դասախոսների աշխատավարձերը չեն բարձրացել:

Անհնար է անտարբեր մնալ «Խայտառակ վիճակ Գորիսի համալսարանում» վերնագրով հոդվածի նկատմամբ, տեսնենք ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու ԿԳ նախարարի, վարչապետի ու ՀՀ նախագահի կողմից այս հոդվածում նշված փաստերը քննելու ուղղությամբ եւ ե՞րբ է Գորիսի պետական համալսարանն ունենալու այնպիսի ռեկտոր, ով լինի բարձրագույն կրթության ճիշտ կազմակերպիչ, ազնիվ կառավարիչ, ով կոռուպցիան արմատախիլ կանի ու համալսարանը կշնչի նորությամբ, ուսանողի ու այդ հեռավոր մարզի երիտասարդների շահերով:

Խնդիրը հրատապ է ու Գորիսի պետական համալսարանը պե՛տք է ազատագրվի:
Գորիսի պետական համալսարանի խորհուրդը, չգիտես ինչու, չի կոչվում կառավարման խորհուրդ, այլ պարզապես՝ խորհուրդ, որի կայքում դրված ցանկում կան մարդիկ, որոնք այլեւս իրենց պաշտոններում չեն, փոխվել են, բայց ցանկում այսօր այդ պաշտոնները զբաղեցնողների անունները չեն: Կայքում այդ խորհրդի գործունեության մասին ոչինչ չեք գտնի, ասեմ նաեւ, որ այն ղեկավարում է Սյունիքի գործող մարզպետը, դիմում եմ նաեւ Վահե Հակոբյանին, ով, կարծում եմ, ամեն քայլափոխի բախվում է այս համալսարանի փաստացի անգործության հետ, բայց թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ՝ հայտնի չէ: Վերջում հավելեմ, որ եթե բացեք այդ կայքն ու համալսարանի կանոնադրության տիտղոսաթերթը, ապա կտեսնեք սխալ ՀՀ զինանշան, սխալ ՀՀ պետական խորհրդանիշ, որը վկայում է պետության նկատմամբ անփույթ, ավելին՝ փնթի վերաբերմունքի մասին ու այստեղ արդեն կասկածի տակ է դրվում «մտավորական»-ի կոչումը:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Կրթության փորձագետ

«Առավոտ»

01.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Գորիսի պետական համալսարանը պետք է ազատագրվի կրթությունից և գիտությունից սար ու ձորով հեռու, Գորիսի համալսարանից անտեղյակ, մանրախնդիր ու հակասյունեցի Սյունիքի մարզպետից, ով քայքայում է բուհը ներսից՝ մի քանի ապաշնորհ մարդկանց միջոցով: Հարգելի Անահիտ Բախշյան, Դուք ոչինչ չգիտեք բուհի մասին, այնտեղ կատարվող աշխատանքների մասին, բայց Ձեզ իրավունք եք վերապահել «փորձագիտական» հայացք ձգել նրան: Նույնիսկ ամենահիմար մարդն էլ հասկանում է, որ պատվեր եք կատարում, ամոթ է: Հեռու մնա մեզնից և լոզունգներդ ուրիշ տեղեր սաղացրու:

  2. Լիանա says:

    Անահիտ Բախշյա՞նն է հա կրթության փորձագետ, ով չի հասկանում թե ինչ է նշանակում համալսարանի խորհուրդ: Բացիր և կարգեր կարդա, տիկին փորձագետ:

    Խորհուրդը դա տվյալ բուհի կոլեգիալ կառավարման մարմինն է, հասկացա՞ր խոսքը ինչ մասին է: Դե էլ չսխալվես:

    Իսկ մնացած գրածներդ իրականությանը չեն համապատասխանում: Հասկանալի են դրդապատճառները: ԳՊՀ-ն հայտնվել է Սյունյաց միահեծան արքայի քմահաճ թիրախում: Նա ռեկտորի իր թեկնածուն ունի, ճանապարհը մեկն է՝ մյուսին ամեն գնով հանել տալ: Պարզունակ ձեռագիր:

  3. Գորիսեցի says:

    Գորիսի պետական համալսարանը ոտքի կանգնեց Ղուկասյանի օրոք: Ինչու պետք է ազատագրվի? Դեռ շնորհակալություն պիտի հայտնենք, որ դիմանում է էս ճղճիմ միջավայրին: Մի բան որ գրում եք, ստուգեք ձեր տեղեկությունները: Մի վիրավորեք մեր ինստիտուտի հեղինակությունը:

  4. Դասախոս says:

    Ես կասեի հակառակը, այդ Գորիսի պետ համալսարանն է ամեն քայլափոխի բախվում Սյունիքի մարզպետի փաստացի անգործության հետ: Շատ ճոխ երևակայություն ու բարձր ձայն ունի այս կինը:

Պատասխանել Դասախոս

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728