Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի բոլոր լիազորությունները խորհրդանշակա՞ն են, թե կան նաև այլ ծանրակշիռ լիազորություններ

Փետրվար 02,2018 13:50 Share

Այս օրերին իրարամերժ տեսակետների տեղիք են տալիս Հայաստանի ապագա նախագահի կարգավիճակի, հատկապես, նրա լիազորություններին առնչվող հարցերը: Նախագահի բոլոր լիազորությունները զուտ խորհրդանշակա՞ն են, թե՞ կան նաև ծանրակշիռ լիազորություններ: Aravot.am-ի հարցերին պատասխանում է սահմանադրական բարեփոխումների համար հիմնադրված՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Խորհրդարանական կառավարման ձևը ինքնին ենթադրում էր հանրապետության նախագահի լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությունը, սակայն այն առանձնակի հրատապություն է ձեռք բերել նախընտրական այս փուլում, ինչո՞վ եք դա բացատրում:

-Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակին առնչվող հարցադրումները սուր բանավեճերի ու իրարամերժ տեսակետների տեղիք են տվել նաև սահմանադրական փոփոխությունների մշակման փուլում: Միանշանակ չի եղել այն դիրքորոշումը, ըստ որի՝ վերջինս կառավարման հարցերին մոտենալու է սոսկ սահմանադրականության չափանիշներով: Այնուամենայնիվ, ողջամտորեն ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, համաձայն որի՝ վերջինս պետության գլուխն է, ուստի իր լիազորությունները պետք է հարիր լինեն հենց այդ կարգավիճակին՝ չխաթարելով, սակայն խորհրդարանական կառավարման ձևին բնորոշ կառուցակարգերի և ընթացակարգերի բնականոն գործառնությունը, հակառակ պարագայում կունենայինք առնվազն իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի անտեսման գործոններ:

Այն, որ հիմա առավել ևս հետևողականորեն ընդգծվում է հանրապետության նախագահի ակնհայտ սահմանափակ լիազորությունների խնդիրը, իմ կարծիքով, թելադրված է ինչպես քաղաքական գործոններով, այնպես էլ ոչ համարժեք իրազեկվածությամբ: Երբեմն փորձ է արվում հակասություն փնտրել Հանրապետության նախագահի ընտրության առնչությամբ ակնհայտ լրջմիտ վերաբերմունքի և դե-ֆակտո վերջինիս ոչ այնքան ազդեցիկ կարգավիճակի միջև, սակայն անտեսվում է, որ պետության գլխի, պետությունը ներկայացնող պաշտոնյայի ընտրական գործընթացն ինքնին երևույթ է, ուստի պատշաճ վերաբերմունքը ողջունելի ու տրամաբանական է, իսկ լիազորությունների խնդիրն էլ անհարկի խեղաթյուրված է:

Սահմանափակ լիազորությունների առնչությամբ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նկատել է, որ անսահմանափակ իշխանություն չի էլ լինում: Ինչպե՞ս եք գնահատում այդ լիազորությունների բնույթը

-Նախ, ողջունելի է, որ ապագա հնարավոր թեկնածուն խնդիր չի տեսնում լիազորությունների ծավալի հարցում, ինչը վկայում է նրա վճռական, գործնական կեցվածքի մասին: Այն, որ հանրապետության նախագահի լիազորությունները խորհրդարանական կառավարման պարագայում սահմանափակ են, անվիճելի է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ խոսքն արդեն առաջնային մանդատ չունեցող պաշտոնյայի մասին է: Կառավարման նոր ձևի ողջ էությունն էլ հենց այն է, որ միաժամանակ չլինեն առաջնային մանդատ ունեցող այնպիսի հակակշիռներ, որոնք կարող են կառավարման համակարգում ձևավորել անհարկի բախումներ, ինչն անթույլատրելի է, հատկապես, պատերազմական վիճակում գտնվող երկրի համար:

Մյուս կողմից, լիազորությունների սահմանափակ լինելը բնավ խոչընդոտ չէ, որպեսզի նորընտիր նախագահը ի զորու լինի լիարժեք հանդես գալ պետության գլխի կարգավիճակով: Երբեմն շփոթի տեղիք է տալիս այն ձևակերպումը, ըստ որի՝ հանրապետության նախագահը այս կամ այն լիազորությունը կարող է իրացնել բացառապես Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, առաջարկությամբ կամ միջնորդությամբ, սակայն չպետք է անտեսել, որ Հանրապետության նախագահը կարող է և անհրաժեշտ է, որպեսզի հանդես գա իր ուրույն դեմքով, դրսևորի գործուն նախաձեռնություն, ինչի համար ինքը կարիք չունի անպայման դիմելու լրատվության միջոցների աջակցությանը, քանզի. ,… իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին (Սահմանադրության 128-րդ հոդված): Այսպիսով, Սահմանադրությունը բնավ չի բացառում լրջագույն հարցերով հրապարակայնորեն նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հնարավորությունը:

Պարոն Դանիելյան, Ձեր կարծիքով հանրապետության նախագահի հատկապես ո՞ր լիազորությունն է ծանրակշիռ և ազդեցիկ

-Բնականաբար, կառանձնացնեի Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված լիազորությունը. «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»: Ահա այս համատեքստում պետք է նորընտիր հանրապետության նախագահը փորձի գործնականում ապացուցել իր իսկ կողմից ընդգծված գաղափարը, որ ցանկացած իշխանություն անսահմանափակ չէ, իշխանության սահմանները, հստակ ուրվագծված լինելով Հիմնական օրենքով, գտնվում են հանրապետության նախագահի անմիջական հսկողության ներքո:

Անշուշտ, սա չափազանց կարևոր ու պատասխանատու լիազորություն է, և հենց այս լիազորությունից է կախված ոչ միայն հանրապետության նախագահի, այլև ողջ պետական ապարատի գործունեության հաջողությունը. օրինականության, տվյալ դեպքում՝ սահմանադրականության վիճակն է պայմանավորում երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի որակը: Դուք չեք կարող մատնանշել որևէ երկիր, որում անտեսված լինի սահմանադրականության, օրինականության գործոնը, սակայն այն, այնուամենայնիվ, գրանցի նկատելի հաջողություններ, սահմանադրականությունը երաշխիք է, որպեսզի քաղաքականության հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, մարդասիրությունը, կառավարման արհեստավարժությունը և այլն:

Որքանով որ հետեւում եմ հնարավոր թեկնածուի ելույթներին, նրա՝ նախագահի աթոռին հայտնվելու մասին քննարկումներին, այս փուլում Ձեր կողմից նշված լիազորության մասին գրեթե չի խոսվում, Դուք ինչպես եք պատկերացնում այդ լիազորության իրացումը

-Համամիտ եմ, որ հանրային իրավագիտակցությունը դեռևս պատրաստ չէ նկատելու և արժեւորելու հիշյալ լիազորությունը, իսկ քննարկումները սահմանափակվում են սոսկ դասական իմաստով «ուժային» տեսանելի լիազորությունների հարթությամբ՝ ում կարող է պաշտոնի նշանակել, լիազորությունները դադարեցնել, կոչումներ շնորհել և այլն:

Սակայն, համոզված եմ, որ հեռու չէ այն իրավաքաղաքական մշակույթը, երբ մարդկանց ուշադրության առանցքում կհայտնվի հենց սահմանադրականության գերխնդիրը և, բնականաբար, դրա ապահովման համար պատասխանատու պաշտոնյայի գործունեությունը:

Ինչ վերաբերում է այդ լիազորության եղանակին, ապա դրանք բազմանիստ են և բնավ չեն սահմանափակվում այն իրավական ակտերի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելով, որոնք Սահմանադրության ուժով ներկայացվում են հանրապետության նախագահի ստորագրմանը:

Թերևս, այս համատեքստում առաջնայինը սահմանադրական մշտադիտարկման ինստիտուտն է: Ընդ որում, այս ինստիտուտի հաջողությունը ուղղակիորեն պայմանավորված է իրականացման կառուցակարգային անկախությամբ, ինչը, տվյալ դեպքում, համահունչ է հանրապետության նախագահի կարգավիճակին: Խնդրին ծանոթ իրավագետների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ սահմանադրական մշտադիտարկումը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման կարևորագույն լծակ է: Ինչ խոսք, այս ծանրակշիռ ինստիտուտը գործի գցելու և անխափան աշխատեցնելու համար հանրապետության նախագահը պետք է կարողանա արդեն կարճ ժամանակ անց նախաձեռնել կարող ուժերով համարժեք կառուցակարգերի և ընթացակարգերի հիմնադրումը: Հուսանք, որ կառավարման միանգամայն նոր հարաբերությունների պարագայում դա կհաջողվի, ինչը բխում է երկրի շահերից:

Հարցազրույցը՝Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    1. Որքան հասկացա այս հարցազրույցից, նախագահի հիմնական լիազորությունը ԱԺ ուղերձ հղելն է. «…իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին (Սահմանադրության 128-րդ հոդված): Այսպիսով, Սահմանադրությունը բնավ չի բացառում լրջագույն հարցերով հրապարակայնորեն նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հնարավորությունը:»
    2. Ինչ վերաբերում է «սահմանադրական մշտադիտարկման ինստիտուտին», ապա այն հենց դիտարկում է, ինչը ինքնին լծակից զուրկ ինստիտուտ է, քանի որ երկրում առկա է «սահմանադրականության» լիազորությամբ ինստիտուտը՝ ՍԴ-ն:

  2. Ռուզան says:

    հարգարժան ընթերցող, հարկ եմ համարում որպես հարցազրույցի հեղինակ ներկայացնել պարոն Գեւորգ Դանիելյանի մեկնաբանությունը Ձեր հարցի վերաբերյալ.«Ուրղերձով խորհրդարանին դիմելը՝ էական նշանակության հարցադրումներով Հանրապետության նախագահի կեցվածքը բացահայտելու և դրան համահունչ հնարավորինս համընդհանուր դիրքորոշում ձևավորելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող լիազորություն է, սակայն բնավ միակը, կամ հիմնականը չէ:
    Սահմանադրությամբ մշտադիտարկման լիազորություն վերապահելն արդեն իսկ միանշանակ համարժեք լծակների ներդրման անխուսափելիության գրավականն է: Նույնացնել սահմանադրականությունը սահմանադրական արդարադատության հետ, նշանակում է ելակետ ընդունել այն թյուր պատկերացումը, որ իբր Սահմանադրական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ հետևել հանրային իշխանության մարմինների կողմից սահմանադրականության պահպանմանը, մինչդեռ՝ հանրահայատ է, որ վերջինս կարող է վարույթ հարուցել բացառապես համապատասխան դիմումների հիման վրա:
    Հանրապետության նախագահի մշտադիտարկման գործառույթը կոչված է ապահովելու նաև հենց Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը, ինչը ևս խիստ խոցելի խնդիր է, քանզի բազում են այն դեպքերը, երբ այդ որոշումները պատշաճ չեն կատարվում, ինչև ևս վկայում է այն մասին, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ կայացնելն ինքնին ավարտուն սահմանադրականություն չի երաշխավորում:
    Հավելեմ, որ լծակների բացակայության մասին դատողություններ անելիս, նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ դատախազությունը չունի լծակներ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար, քանի որ Սահմանադրությամբ դրանք թվարկված չեն, և՝ այսպես շարունակ: Հետևությունը կլիներ այն, որ ներկայումս դատախազությունը կամ սահմանադրական մյուս մարմիններն ալդ լծակների «բացակայության» պատճառով զրկված են իրենց սահմանադրական լիազորությունը իրացնելուց: Սահմանադրական լիազորությունների ընթացակարգերը սահմանվում են օրենքով, քանի որ սահմանադրական դրույթների իրացումը հարկ է հավուր պատշաճի իրացնել օրենքներով»:

Պատասխանել Ռուզան

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728