Հայաստանի օգտատերերի սարքերի 36.78%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 29,02% և 10-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
«Համացանցի միջոցով Հայաստանի օգտատերերի սարքերի վարակման փորձերի նման նշանակալի աճը պայմանավորված է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճով։ Նրանք ձգտում են կոտրել հայաստանցի օգտատերերին հետաքրքրող ավելի շատ կայքեր և այնտեղ տեղադրել վնասաբեր սկրիպտներ և ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրեր, անձնական և բանկային տվյալների գողության և շատ այլ ծրագրեր։ Համացանցից վարակման սպառնալիքներից պաշտպանվելուն օգնում են համացանցի օգտագործման կանոններին հետևելը և վեբ-մոդուլ ունեցող արդյունավետ հակավիրուսը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն



















































