Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության»

Սեպտեմբեր 12,2018 00:13

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցության կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության  պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ:

Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը:

Դրանից բացի, ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանց գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա:

Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը:

Կալանքի հետ կապված՝ պետք է  նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից  զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930